‘Արամ Մանուկյան. Այլ պայմանագրերի չհակասելը ԵՏՄ պայմանագրին ո՞վ է որոշում (տեսանյութ)’

1213

ԱԺ-ում ընթացող՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագրի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող՝ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին հարցեր ուղղեց Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Սկզբում նա մեջբերեց պայմանագրի 6-րդ հոդվածի մի կետ. «Սույն պայմանագրի եւ միության շրջանակներում միջազգային պայմանագրերի միջեւ հակասություններ առաջանալու դեպքում գերակա է համարվում սույն պայմանագիրը»:
«Սա նշանակում է, որ հետայսու միջազգային բոլոր պայմանագրերը, որ մենք կնքելու ենք, պետք է համաձայնեցվե՞ն, ի՞նչ մեխանիզմով է լինելու այս կետի հետ չհակասելը»,- հարցրեց Մանուկյանը:
Ըստ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի՝ եթե մենք կնքենք մեկ այլ համաձայնագիր, որը կվերաբերի երրորդ երկրի հետ առեւտրաշրջանառությանը, և եթե լինեն հակասություններ բուն համաձայնագրի հետ, կկիրառվեն սույն պայմանագրի դրույթները:
Արամ Մանուկյանը նկատեց, որ նախագահությունը միությունում այբբենական կարգով, 2015-ից է սկսվում, եթե այդպես է, արդյոք 2015 թվականից Հայաստա՞նն է բարձրագույն խորհրդի նախագահությունը ստանձնելու: Կարայանը նշեց, որ դա կախված է նրանից, թե երբ Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ, ինչպես նաեւ կախված է մյուս երկրների պառլամենտների վավերացումից:
Արամ Մանուկյանի հաջորդ հարցը վերաբերում էր «դեպարտամենտ» բառին.
«9-րդ հոդվածում, «դեպարտամենտ» բառն է մի քանի անգամ հայտնվում, որը մինչ այդ չկա, «հանձնաժողովի դեպարտամենտ»՝ դա աշխատակա՞զմ է, դա կառո՞ւյց է, որովհետեւ կառույցների մեջ դեպարտամենտ գոյություն չուներ: Միայն 9-րդ հոդվածում է այդ կառույցը հայտնվում»:
«Հանձնաժողովներում կան ստորաբաժանումներ, որ կոչվում են դեպարտամենտներ, եւ դա համարվում է հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանում: Հիմնականում դեպարտամենտները զբաղվում են եւ մշակում են տվյալ ոլորտին առնչվող քաղաքականությունը, վերլուծում են անդամ պետությունների կողմից, ինչպես նաեւ իրենց կողմից ներկայացված խնդիրների բազմակողմանի ուսումնասիրությունները եւ ներկայացնում են քննարկմանը: Այդ դեպարտամենտները գտնվում են հանձնաժողովի կոլեգիայի անդամների ենթակայության տակ»,- պատասխանեց փոխնախարարը:
Պատգամավորը ցանկություն հայտնեց նաեւ, որ մի քիչ բացեն այդ՝ «կոնսենսուս հանած մեկ» սկզբունքը: «Ո՞ր որոշումներն են այդ ռեժիմով  քվեարկվում, խնդրում եմ մի քիչ բացեք, քանի որ, ըստ իս, այդ 118-րդ հոդվածի հետ, կարծես թե, հակասություն է առաջանում»,- հարցրեց Արամ Մանուկյանը:
Ի պատասխան՝ Սուրեն Կարայանն ասաց, որ դա այն դեպքում է, երբ երկիրը հայտ է ներկայացնում, որ դուրս է գալիս միությունից, դուրս գալու խնդիրը բարձրագույն խորհրդի կողմից որոշմամբ չի իրականացվում, այլ կարող է քննարկվել եւ որոշել՝ արդյոք կա՞ն ֆինանսական պարտավորություններ, թե՞ ոչ: «Դուրս գալու պայմաններից մեկն այն է, որ տվյալ երկիրը դուրս գալու դեպքում պետք է մարի իր ֆինանսական պարտավորությունները»,- նշեց նա:
Այնուհետեւ Արամ Մանուկյանը անդրադարձավ պայմանագրի տեքստում հանդիպած թարգմանական սխալներին:
«18-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ եւ 4-րդ ենթակետերը իրար հակասում են, ռուսերենում չի հակասում, ռուսերենում երկու տեղն էլ գրված է «որակյալ մեծամասնություն»՝ «հանձնաժողովի կոլեգիայի որոշումները ընդունվում են որակյալ մեծամասնությամբ», երկու կետ հետո գրված է՝ «մեծամասնությամբ»: Սրանք տարբեր բաներ են: Մեծամասնությամբ քվեարկությունը ուրիշ քանակ է պահանջում»,- նկատեց Մանուկյանը:
Պատասխանում փոխնախարարը նշեց, որ «որակյալ մեծամասնություն» նշանակում է ձայների 2/3-ը, եւ քանի որ մեկ անգամ գրվել է եւ տրվել է սահմանումը, ապա երկրորդ անգամ գրվել է «մեծամասնություն»:
Վերջին հարցը վերաբերում էր զգայուն հարցերի ցանկին: «Զգայուն հարցերը տվյալ երկիրը ինքն իր համա՞ր է որոշում, թե՞ այդ զգայուն հարցերը ընդհանուր են բոլոր երկրների համար: Այսինքն, Հայաստանը ինքը կարո՞ղ է իր համար զգայուն համարվող հարցերի ցանկը դնել, եւ դա ընդունվի բարձրագույն խորհրդի կողմից, թե՞ դրանք ընդհանուր են բոլոր անդամ չորս երկրների համար»,- հարցրեց Մանուկյանը:
Պատասխանը եղավ այսպիսին՝ նույնն է լինելու բոլոր անդամ երկրների համար:
Արձագանքի իրավունքից օգտվելով, այնուամենայնիվ՝ Արամ Մանուկյանը փորձեց պարզել՝ այլ պայմանագրերի չհակասելը ԵՏՄ պայմանագրին ո՞վ է որոշում:
Ըստ Սուրեն Կարայանի, առաջին հերթին՝ տվյալ երկիրը, երբ որ կնքում է միջազգային ցանկացած պայմանագիր, ինքը պետք է նայի եւ տեսնի՝ հակասո՞ւմ է, թե՞ ոչ, այնուհետեւ կան մի քանի օղակներ, որոնք կարող են քննարկել այդ հարցը՝ ԵՏՄ մարմինները եւ ԵՏՄ դատարանը, եթե լինի վեճ:

Նախորդ հոդվածը‘Հայոցյան. Ճիշտ է, երաժշտությունը պատվիրում է նա, ով վճարում է’
Հաջորդ հոդվածը‘Թևան Պողոսյան. ՆԱՏՕ-ն չի կարող անվերջ աչք փակել իսլամականների հետ Թուրքիայի խաղերի վրա’