‘Արամ Մանուկյան. Խախտել են արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին օրենքը, վերջին պահին նոր նախագիծ են բերել ‘

1159

Այսօր ԱԺ-ում՝ կառավարության օրակարգով հրավիրված արտահերթ նիստի ժամանակ, Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց զեկուցող, Տնտեսական  հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանին:

«Օրենքը ասում է, որ կառավարությունը արտահերթ նիստի իրավունք ունի հստակ օրակարգով: Մենք երեք օր առաջ տպել ենք այն օրենքների ցանկը, որոնք ամսի 30-ին կառավարությունը որոշել է, եւ աշխատել ենք արտահերթ նիստի ուղղությամբ: Հետո գալիս է հաջորդ ցուցակը, որն առնվազն 3 օրենքով տարբերվում է  նախորդ ցուցակից: Նախորդում այս նախագիծը չկար, այսինքն՝ կառավարությունը կամ Գալուստ  Սահակյանը խախտել են արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին օրենքը, որովհետեւ երկու ցուցակ է ներկայացվել, այս նախագծերը նախորդ ցուցակում չկային: Պարոն Մելքումյան, դուք տեղյա՞կ էիք այս նախագծերի մասին»:

Ի պատասխան՝ Մելքումյանը հայտարարեց, որ ինքը տեղյակ է եղել, բայց նախագծերը ստացել է երեկ երեկոյան: «Այսօր առավոտյան հանձնաժողովի նիստ ենք արել: Իհարկե, ձեր մտահոգությունը հասկանում եմ, բայց մեծ ցանկության դեպք երեկվանից մինչեւ հիմա ժամանակ է եղել, որ ծանոթանանք»,- նշեց նա:

Տեղից արձագանքեց նաեւ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը: Նա հայտարարեց, թե ցուցակը, որի մասին խոսել է Արամ Մանուկյանը, կառավարության որոշման նախագիծն է, որը քննարկվել է կառավարության կողմից եւ նախնական նախագծում, որտեղ եղել են կոնկրետ թվով նախագծեր, կառավարության նիստում ավելացվել են նոր նախագծեր, եւ կառավարությունը իրացրել է իր օրենսդրական նախաձեռնությունը: «Ես կարող էի կիսել ձեր դժգոհությանը, որ լավ կլիներ՝ ավելի շատ ժամանակ ունենայինք քննարկելու համար, բայց այս խնդիրը գոյացել է ոչ միայն ԱԺ, կամ կառավարության գործունեության արդյունքում, սա արդյունք է նաեւ այն ընթացակարգի, որ մենք յուրաքանչյուր քառօրյայի ժամանակ բավականին խորքային քննարկումներ ենք անցկացնում: Սրա արդյունքում կարիք ենք ունենում արտահերթ նիստի»,- հայտարարեց Նաղդալյանը:

Տեսնելով, որ ՀՀԿ-ականները ակնհայտորեն չեն հասկանում իր հարցի իմաստը կամ էլ չհասկանալու են տալիս, Արամ Մանուկյանը արձագանքեց. «Սա ձեր ասած դեպքը չէ, կառավարությունը որոշումը կայացրել է հինգշաբթի օրը, դուք տեղյա՞կ եք եղել, որ այս նախագիծն էլ է ներառվել: Որերորդ անգամ քննարկման է դրվում դժվար օրենք, որ ԱԺ-ն չի հասցնում քննարկել: Հինգ օրվա մեջ որեւէ մեկը ԱԺ-ում չի իմացել, որ այս օրենքը գալու է, ուրիշ արդարացումներ մի ասեք, սա է տակտիկան, նույնիսկ վերնագիրը չի դրվել կայքում: Խնդիրն էլ այն է, որ մարդ չհասցնի կարդալ»,- հայտարարեց Մանուկյանը:

Հերմինե Նաղդալյանն էլի չհասկանալու տվեց հարցն ու հայտարարեց, թե նախագիծը քննարկվել է կառավարության նախորդ նիստում եւ դրվել է կառավարության կայքում: Ու էլի ոչ մի խոսք այն մասին, որ կառավարությունը վերջին պահին է որոշել այդ օրենքը բերել ԱԺ եւ փոխելով ցուցակը՝ ամեն ինչ արել է հնարավոր քննարկումներից խուսափելու համար:

Հիշեցնենք, որ կառավարությունը անակնկալ ԱԺ է բերել Եկամտահարկի մասին օրենքում փոփոխություններ անելու մասին նախագիծը, որ, ըստ էության, խոպանում աշխատող եւ Հայաստան իրենց ընտանիքներին գումարներ ուղարկող ՀՀ քաղաքացիներից՝ դրսում աշխատած գումարներից հարկ գանձելու մասին է:

 

Նախորդ հոդվածը‘Գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանը դատապարտվեց 15 տարի ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ծեծկռտուքին. Լիսկան ստում է ‘