Արդեն` գիտակցված չգիտակցվածությամբ

3975

«Այդ դո՛ւք կործանել Արմենիա»․ սա է ներկայիս խորհրդարանական եւ արտախորհրդարանական խոսույթի «մեխը», որքան էլ ցավալի է: Դեռեւս ՀՀ Գերագույն խորհրդում կար ընդդիմություն, բայց մի պատգամավորի կողմից մյուս պատգամավորի նկատմամբ թշնամանք չկար: Այսօր գերիշխողն անձնական թշնամանքն է: Անկախացման սկզբնական տարիներին (մինչեւ 1998 թվականը) բանավեճը գնում էր երկիրը կայունացնելու ուղիով, հիմա՝ «ո՞վ է երկիրը կործանել» ուղղությամբ: Ներկայիս դրությամբ՝ գաղափարական տարբերություն չկա իշխանության եւ ընդդիմության միջեւ, գաղափարականը փոխարինվել է կաղապարականով: ԱԺ-ն դարձել է ավելի շատ անձնական, քրեական մեղադրանքների շարան ներկայացնող դատարան:

Հայաստանի անկախ պետականության հռչակումն ու կայացումը մեծ պատասխանատվություն էին ՀՀ յուրաքանչյուր գիտակից քաղաքացու համար, քանզի առաջնահերթ խնդիրներն էին. անմիջական հարեւանների հետ ապահովել համակեցության փոխշահավետ հարաբերություններ, բացառել որեւէ պետությունից կախյալ վիճակում հայտնվելու վտանգը, միջպետական հակասությունները չեզոքացնել բացառապես խաղաղ պայմաններում: Այդպե՞ս է արդյոք ներկա դրությամբ…

Տիրապետել համակեցության կանոններին՝ չի նշանակում դիմակայել մարտահրավերներին, այլ գործել մարտահրավերները չեզոքացնելու ուղիով: Հասել ենք այն մտայնության, երբ յուրաքանչյուր ոք քաղաքական ձախողումներից դուրս գալու ելք է փնտրում, այդ ելքն ակնկալում է ուրիշից՝ իրեն դնելով դիտորդի դերում:
Հայաստանում հայաքվե, հանրաքվե, ստորագրահավաք անցկացնելու խելահեղությունը բազմաբնակարան շենքերում զանգվածաբար շուն պահելու նման մի բան է դարձել: Սահմանադրություն փոխելու, նոր սահմանադրություն ընդունելու, Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու, ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ անդամակցությունը սառեցնելու եւ էլի ինչերի վերաբերյալ ում խելքին փչում է՝ առաջարկում է հանրաքվե անցկացնել:
Հայաստանում մեկ անգամ եւ բոլոր ժամանակների համար մի հանրաքվե է անցկացվել՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, այդ մեկ հանրաքվեով վերը թվարկված բոլոր խնդիրների լուծումը տրվել է ընդմիշտ: Անկախ Հայաստանի արտաքին քաղաքականության փոխզիջումային տարբերակը 1998-ից աններելիորեն ձախողվեց: Եկել է ժամանակը, որ հաստատակամորեն երկշահավետ փոխհարաբերությունների գործընթացը պետք է սկսել եւ առաջ մղել ոչ միայն լոկալ, այլեւ գլոբալ առումներով՝ թե՛ Արեւելք, թե՛ Արեւմուտք ներառումներով:

Քաղաքակրթությունների ուժային մրցակցություն է գնում, այսպես ասած՝ պետության մկանների (զենքի) ցուցադրություն: Հայաստանը, այս առումով, աշխարհի համար լուսանցքից դուրս է հայտնվել, չի դիտարկվում որպես գործոն՝ ուժային մրցակցության հարցում, բայց մենք այդ ըմբռնումը չունենք: 

ԱՄՆ-ի Լիհայի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս, միջազգայնագետ Արման Գրիգորյանի հոդվածը (ծանոթ եք, չէ՞…) կարծում ենք, առաջին հերթին անհրաժեշտաբար ուղղված է Արեւմուտքին, որպեսզի մեղմի Հայաստանին սպառնացող վտանգները, ասել կուզի՝ Հայաստանի որոշ քաղաքական ուժերի ջղաձգումներին տոն չտալ, չխրախուսել, որովհետեւ այդ ջղաձիգ քաղաքական ուժերի նկրտումները Հայաստանի պետական շահերից չեն բխում:
ՀԳ. Երբ հարցնում են, թե ինչու չեմ անդրադառնում Արցախի խնդրին, պատասխանում եմ Արցախից իմ վերջին ցավալի տպավորությամբ. ոչ մի ժամանակ, ոչ մի տեղ այնքան շատ ռուսական դրոշներ չեն ծածանվել, որքան Արցախում, Ստեփանակերտի վերջին հանրահավաքի ժամանակ:

Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ

«Հրապարակ»

Նախորդ հոդվածըԱրման Գրիգորյան. Առաջարկում եմ էդ զառանցանքին ականջ չդնել
Հաջորդ հոդվածըՎարդան Հարությունյան. Ռուսամետներ եւ արեւմտամետներ. պատերազմ, որ միայն վնաս է բերում. Ալիք Մեդիա