‘Արթուր Գրիգորյան. Մարգինալությունը «համակարգային փոփոխությունների» չի բերում’

3886

Մաս առաջին

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

Ու կրկին, փորձելով հավատարիմ մնալ քաղաքական մտածելակերպի՝ գոնե իմ ընկալած կանոններին, այս հոդվածով ուզում եմ չոր, տրամաբանական վերլուծություն կատարել երկու կոնկրետ հարցերի վերաբերյալ, որոնք վերջին քաղաքական գործընթացների համատեքստում շոշափվում են տարբեր հանրային ու քաղաքական հարթություններում: Խոսքը վերաբերում է, մի կողմից՝ «մի քանի տասնյակ լուսանցքային մարգինալների», և մյուս կողմից՝ «գործող քրեաօլիգարխիկ համակարգի շրջանակներում ազդեցության լծակների վերաբաշխման» հարցերի շուրջ ծավալվող քննարկումներին:

Ինչքան էլ փորձը ցույց է տվել, որ անարդյունավետ է մարդուն ինչ-որ բան բացատրել, երբ նրա առջև դրված խնդիրը «չհասկանալն» է, և որքան էլ դժվար է ակնկալել, որ նշված դրույթների շուրջ քաղաքական դիտանկյունից կարող է ծավալվել որևէ բովանդակային քննարկում, այդուհանդերձ, հարկ եմ համարում որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ու հստակեցումներ մտցնել՝ թեկուզ ինքս ինձ համար դրանք ֆիքսելու նպատակով:

Այլակարծության և քաղաքական մարգինալության հարաբերակցությունը.

Թեման փորձեմ ներկայացնել երկու բաղադրիչներով: Նախ, մարգինալ լինելը վիրավորական չէ, դա նշանակում է որևէ կոնկրետ գործընթացում էական ազդեցություն չունենալ, գործոն չլինել: Դա ոչ վիրավորական, ոչ էլ ամոթ բան է: Դու պարզապես այս պահին ի վիճակի չես քեզ համար ցանկալի արդյունքի հասնել ինչ-ինչ պատճառներով՝ հանրային աջակցության բացակայության, ռեսուրսներ չունենալու, թույլ և փոքրաքանակ լինելու: Եթե համաձայն չես քո՝ մարգինալ լինելու կարգավիճակի հետ, ապա այլ բան չունես անելու, քան գործնական քայլերով դա ապացուցել: Իսկ երբ շարունակաբար ամենագռեհիկ ու ոչ կոմպրոմիսային ոճով պախարակում ես գործող ընդդիմությանը՝ արդեն հազարերորդ անգամ վերջինիս «դիակ» հռչակելով, ապա դու ինքդ ես քեզ մարգինալացնում, երբ՝ ա) չես փորձում «ստեղնաշարային հեղափոխությունից» զատ նաև գործնական քաղաքականությամբ զբաղվել ու զբաղեցնել նրա տեղը, և բ) շարունակում ես նրանից պահանջել կյանքի կոչելու քո կողմից հռչակված ինչ-ինչ դրույթներ, որոնք ինքդ ի վիճակի չես կենսագործել: Ընդ որում, ինչքան բարձր ես ընդդիմության ուղղությամբ աղաղակում ու շարունակում մնալ թախտին նստած, այնքան ավելի է ընդգծվում մարգինալությունդ՝ քո քաղաքական դիրքորոշումը կյանքի կոչելու անընդունակությունդ: Սա՝ մեկ:

Եւ երկրորդ՝ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը անթաքույց կերպով ուռճացնում է հակառուսական կողմնորոշում ունեցող մարդկանց ներուժն ու հանրային աջակցության աստիճանը՝ հյուսիսային կայսրությանը ցույց տալու համար, թե իբր Հայաստանում կա Մայդանի վտանգ, ու ինքը միակն է, որ դա կարող է թույլ չտալ: Օբյեկտիվորեն հաշվի առնելով հյուսիսային գերտերության ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական իրադրության վրա՝ նաև այս հանգամանքն է ընդդիմությանը ստիպում արձանագրել Հայաստանում հակառուսական ցնցումների անհնարինությունը՝ ընդգծելով այդ խմբերի մարգինալությունը (ներուժի և հանրային աջակցության խիստ սակավությունը) և Սերժի ջղաձգումների դատարկությունը: Իսկ որոգայթներից խուսափելը ոչ թե նշանակում է ինչ-որ մեկի գերիշխանությունն ընդունել, այլ ընդամենը իրավիճակի ռացիոնալ գնահատում ու պրագմատիկ քաղաքական հաշվարկ: Դրանով էլ քաղաքական մտածելակերպն ու գործելաոճը տարբերվում են քաջարի զինվոր Շվեյկի հերոսապատումներից:

Մարգինալության թեմայի մյուս բաղադրիչն այն է, որ այլախոհությունը և մեծամասնությունից տարբերվող կարծիք ունենալն ինքնին չի նշանակում լինել մարգինալ: Անհրաժեշտ է անհատական այլակարծությունը տարբերել ակտիվ քաղաքական դիրքորոշումից: Պրակտիկ քաղաքականության դիտանկյունից խնդիրը շատ պարզ է՝ երբ այս պահին ընթացող ՔԱՂԱՔԱԿԱՆ պրոցեսի նկատմամբ ունես ակտիվ և գործող դիրքորոշում, ինչ-որ կերպ փորձում ես ազդել այդ գործընթացի վրա, ապա կամ պետք է բավական չափով պատվախնդրություն և ազնվություն ունենաս՝ քո դիրքորոշումը հստակ ձևակերպելու և գործող իշխանության դեմ քո դիրքերից քաղաքական պայքար սկսելու համար, կամ պետք է արձանագրենք, որ դու ՔԱՂԱՔԱԿԱՆ պրոցեսում գործոն չես, այլ ընդամենը քաղաքական օրակարգ չունեցող, բարձր աղմկող՝ մարգինալ խմբակի «ինքնիշխան անդամ», և որ «հայկական Մայդան» մոգոնելու՝ Սերժ Սարգսյանի տվայտանքներն առարկայազուրկ են:

Այսպիսով, մարգինալ խմբերը ինքնուրույն կարծիք արտահայտող անհատները չեն, այլ քաղաքական լուսանցքից բարձր աղմուկ բարձրացնող՝ կվազի-քաղաքական խմբակները, որոնց անճարակության անհերքելի ապացույցը գործնական քաղաքականությունից ամեն գնով խուսափելն ու ուրիշին մեղադրելն է, թե բա «լավ չեք աշխատում, լավ չեք աշխատում»: Սրանով, ինչպես ասում են, հարցը համարենք սպառված:

Համակարգային փոփոխություննե՞ր, թե՞ պալատական հեղաշրջում.

Իշխանափոխությունը որպես քրեաօլիգարխիկ համակարգում գումարելիների տեղերի փոփոխություն ներկայացնելը, թերևս, հաջորդ թեզն է, որի շուրջ կուզեի խոսել: Այս հարցում շրջանառվող տեսակետներն են՝ «օլիգարխը չի կարող պայքարել օլիգարխիայի դեմ» և «մինչև հանրային գիտակցությունը չփոխես, համակարգը չի փոխվելու»:

Առաջին թեզի մասով՝ պատասխանը մեծի մասամբ պարփակված է բուրժուա-դեմոկրատական հռչակված գործընթացի հիմքում, որը, կրկին հիշեցնեմ՝ շրջանառվում է 2007-ից ի վեր: Այստեղ շատ բան խոսելու կարիք չկա: Բացի դրանից, «սրամիտ» երգիծապատումներից զատ՝ հետաքրքիր կլիներ, այդուհանդերձ, լսել բովանդակային դատողություններ, թե, ի վերջո՝ ինչո՞վ է Ծառուկյանը տարբերվում Իվանիշվիլիից: Սա՝ ի միջի այլոց: Իսկ հիմա փորձեմ հարցն այլ անկյան տակ դիտարկել:

Իրականում, ես հեռու եմ պատրանքներից, թե իշխանությունը փոխելուց հետո գալու է Աստծո թագավորության ժամանակը: Որ ոչ մի չինովնիկ կաշառք չի վերցնելու, որ տաքսու վարորդները չեն երազելու զբաղեցնել Սաշիկի տեղը, որպեսզի էլ ավելի ագահորեն թալանեն: Ու նորից բախվում ենք օբյեկտիվ իրողություններին՝ բա ի՞նչ անենք: Նստենք ու ողբա՞նք, թե՞ փորձենք առկա հնարավորի սահմաններում ստեղծել այնպիսի պայմաններ, որ գոնե կարողանանք կասեցնել «Հայաստանն առանց հայերի»՝ պանթուրքիզմի քաղաքականությունը:

Այստեղ մի պահ փորձենք կարդալ տողատակերը. շատ նորմալ է, երբ միանգամայն տարբեր՝ իրար չսիրող միավորները համագործակցում են որևէ գերնպատակի շուրջ: Դա հենց քաղաքական մտքի ու գործելաոճի այբուբենն է. նույնիսկ օրինակներ բերելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Կարծես ակնհայտ է նաև, որ իշխանության փոփոխումից հետո գործող իշխանությունը ներկայացնող ՀՀԿ-ն գործնականում գոյություն չի ունենալու: Ի՞նչ եք կարծում, ո՞ր քաղաքական միավորները պետք է միմյանց հետ մրցակցեն հաջորդիվ սպասվող ընտրությունների ժամանակ: Հիմա փորձեք հիշել՝ երբվանի՞ց և քանի՞ անգամ է հարթակից հնչեցվել այն միտքը, որ մեր նպատակն է ստեղծել առողջ մրցակցային քաղաքական դաշտ, որից հետո միայն կարելի է խոսել քաղաքական պայքարի մասին: Քաղաքակիրթ քաղաքական դաշտի առկայությունը լրիվ բավարար է իշխանության գալու՝ մեր «անհագուրդ» ծարավը հագեցնելու համար: Ի դեպ, երազում ենք այդ դաշտում պայքարել նաև եվրոպական գաղափարական ուղղվածություն ունեցող քաղաքական կուսակցության հետ, ի՞նչ կասեք…

Իսկ ո՞րն է երաշխիքը, որ իշխանափոխության արդյունքում տեղի չի ունենա ընդամենը պալատական հեղաշրջում, և որ ներկայիս ընդդիմությունը պարզապես չի զբաղեցնի իշխանության տեղը՝ առանց արժեքային փոփոխություններ կատարելու: Դրա երաշխիքը քաղաքական մտածելակերպի արմատավորումն է: Պետք չէ՛ հրեշտակներ փնտրել, այդպիսիք չկան: Կա քաղաքական կամք ու գործով ապացուցված վճռականություն՝ ստեղծելու հակակշիռների ինստիտուտներ, աճեցնելու քաղաքականապես մտածող սերունդ: Իսկ քաղաքական մտածելակերպը ժխտում է ինչ-որ մեկին հավատալը, թախտին նստած դատարկ ճոռոմաբանելը: Եթե պետք է, Մեֆիստոֆելի հետ էլ պետք է համագործակցես: Քաղաքականությունը համագործակցությունների ու հակադրումների անվերջանալի պրոցես է, որի համար պետք է ստեղծվի անհրաժեշտ կենսամիջավայր՝ քաղաքական դաշտ: Դրան արդեն հասել են դարեր շարունակ կայացած պետականություն ունեցող քաղաքակրթությունները, մենք նոր ենք փորձում այն ձևավորել:

Ինչ վերաբերում է քաղաքական կուսակցություններին հանրային գիտակցությունը չփոխելու, կրթական միջոցառումներ չկազմակերպելու վերաբերյալ մեղադրանքին, ապա դա ամենաանլուրջ միտքն է, որ կարելի է դեմքի լուրջ արտահայտությամբ արտաբերել: Իսկ ձեր կարծիքով, 2007-ից ի վեր՝ ի՞նչ էր արվում: Հանրահավաքների ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ ինչի՞ մասին են լսել: Լավ, գործնականում ինչպե՞ս եք պատկերացնում քաղաքական ընդդիմության կողմից հանրակրթական միջոցառման իրականացումը՝ պետք է համատարած գրասենյակներ վարձեր ու այդտեղ workshop կազմակերպե՞ր:

Քաղաքականությունն այստեղ է և հիմա՝ առավել ևս Հայաստանի այսօրվա իրավիճակում: Դու ժամանակ չունես սպասելու, երբ պետությունը հասել է կրիտիկական վիճակի: Դու իրավունք չունես արկածախնդրություն ցուցաբերելու: Դու պատասխանատվություն ես կրում սխալ հաշվարկի, երկիրն անհամաչափ վտանգների առաջ կանգնեցնելու համար: Այնպես որ, պալատական հեղաշրջումից խուսափելու միակ երաշխիքը քաղաքական դաշտի կայացումն է՝ այսօրվա արոտավայրի փոխարեն: Այլ երաշխիք չկա՛: Դու ուրիշ ի՞նչ ես ակնկալում: Հո չե՞մ ասելու՝ հորս արև՝ չեմ խաբում:

Հանրության գիտակցությունը բարձրացնելու ճանապարհին աճեցվել է մտքի քաղաքական ձև ունեցող սերունդ: Հենց աճեցվե՛լ է, տարիներ շարունակ թրծվել ու հասունացել, ոչ թե հանրային դաշտում եղած ակտիվիստներից հավաքագրվել: Դրա համար էլ թիմը կայուն է, փորձությունների ու հիասթափությունների միջով անցած, ձևավորված աշխարհայացքով ու հնարավորությունների հաշվարկման արվեստը յուրացրած: Սա՛ է ձեր ասած՝ ներքևից արված փոփոխությունը: Սա՛ է երաշխիքը, որ մի օր՝ շատ տեսանելի ապագայում, մենք էլ ենք համալրելու ձևավորված պետականություն ունեցող ազգերի շարքը՝ անկախ պատմական կտրվածքով առաջացող ժամանակավոր զեղումներից…

Շարունակելի…

Նախորդ հոդվածը‘Ստեփան Դեմիրճյան. Իշխանությունները ամեն ինչ արեցին հոկտեմբերի 27-ի գործը կոծկելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘Մի շարք ավտոճանապարհներին տեղում է ձյուն, առկա է մերկասառույց’