‘Արթուր Գրիգորյան. Քաղաքական որոշման տրամաբանությունը’

2470

Ամփոփելով հոդվածաշարը՝ փորձեմ ընդգծել, թե առակս ինչ կցուցանի: Քաղաքական հարցերի շուրջ արտահայտվող կարծիքների ու պատկերացումների շփոթից ազատվելու համար նախ տարանջատենք քաղաքական միտքն ու վարքագիծը՝ որպես հնարավորությունների հաշվարկի ու սեփական ազգային շահերի գիտակցման վրա հիմնված գործընթաց, այլ՝ հանրային-իրավապաշտպանական մտածելակերպից: Գործնական քաղաքականությունը ենթադրում է կոնկրետ նպատակների շուրջ համագործակցություն միմյանց «չսիրող» միավորների միջև՝ կոնկրետ նպատակին հասնելու համար: Դա ամենևին չի նշանակում անբարո և պախարակելի վարքագիծ, քանի որ հիմնված է ռիսկերի գնահատման և, ըստ այդմ, թիմային պատասխանատվության վրա:

Քաղաքական որոշումները բխում են տվյալ կոնկրետ իրավիճակի նպատակահարմարությունից, առավելագույն օգուտներ քաղելու կամ նվազագույն կորուստներ ունենալու հաշվարկից: Եվրասիական տնտեսական միությունն, օրինակ, զարգացման լավագույն միջավայրը չէ, գուցե նաև խնդրներ է առաջացնում ինքնիշխանության որոշակի տարրեր զիջելու հարցում, բայց պատասխանատու քաղաքական ուժը պետք է կարողանա հարցի վերաբերյալ ձևակերպել ու արտահայտել քաղաքական դիրքորոշում և որևէ պատրվակով չխուսափել հստակ ձևակերպված դիրքորոշում ունենալու պատասխանատվությունից՝ ունենալով մոտավորապես զրոյական զգացմունքայնություն: Օրինակ, ցավոտ հարցերից խուսանավելը, ինչպիսին է նույն ԵՏՄ-ի պայմանագրի վավերացման քվեարկությունից առաջ «անսպասելիորեն» կույրաղիքի բորբոքում ունենալը, կամ դիրքորոշումը, ասենք՝ «Նախիջևանի» հարցի կարգավորման պատրվակով ցրելը՝ լուրջ քաղաքական ուժին հարիր վարքագիծ չէ, այլ անհամ, կարճաժամկետ լարախաղացություն:

Միևնույն ժամանակ, քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական կուսակցությունները, որոնց համար գործում են խաղի միևնույն կանոնները, պատասխանատվության նույն չափը: Օրինակ, Հայաստանի այսօրվա ժողովրդագրական, տնտեսական ու ռազմաքաղաքական պայմաններում Ռուսաստանի դեմ առճակատ բախման կողմնակից միավորները պետք է բավարար ազնվություն ու կամք ունենան իրենց «անշառ» դիրքավորումից դուրս գալու և քաղաքական կուսակցություն ստեղծելու  միջոցով պատասխանատվություն ստանձնելու համար: Իսկ դրանից հետո Հայաստանը դեպի Եվրոպա «տանող» կուսակցությունը պետք է եվրոպական չինովնիկից պահանջի  Հայաստանի նկատմամբ դրսևորել արժեքային վարքագիծ և իրեն համակրող զանգվածի առջև պատասխանատու լինի իր աշխատանքի արդյունքների համար: Ի վերջո, Եվրոպա ասելով՝ մենք նկատի չունենք տարածքային միավոր, այլ արժեքային համակարգ. այն կոչվում է «ժողովրդավարական» և, ի դեպ, սկսվում է ընտրությունների ինստիտուտից…  Եթե արժեքային համակարգ են առաջարկում, ապա նախ պետք է հստակ քաղաքական դիրքորոշմամբ ցույց տան, որ Սերժին լեգիտիմացնելով՝ սխալ են թույլ տվել, որ նախորդ նախագահական ընտրությունները «անկախ Հայաստանի պատմութայան ամենալավ ընտրությունները» չէին, և որ հետայսու այլ կերպ են վարվելու: Թե չէ ստացվում է՝ լավ ենք արել, շարունակելու ենք նույն կերպ վարվել, բայց արժեքային առումով էապես տարբերվում ենք Բելառուսից ու Ղազախստանից: Տո՛ լավ է՞:   

Արևմու՞տք, թե՞ հյուսիս. սոփեստական հարցադրում

Այս ձևակերպմամբ հարցադրումն ինքնին սխալ է և հայաստանյան իրականությունից կտրված: Սկսեմ նրանից, որ, այսպես կոչված՝ «Եվրասիական տնտեսական միությունը», որին Հայաստանի անդամակցության անշրջելիությունը կարծես թե արդեն կայացած փաստ է, ոչ այլ ինչ է, քան ռուսական կայսրության ազդեցության գոտի՝ ինչ-որ նոր անվամբ: Հիմա՝ հարց. արդյո՞ք Հայաստանն այդ գոտուց դուրս է գտնվում, որ մի հատ էլ ընտրություն կատարի՝ մտնե՞լ, թե՞ չմտնել: Իրականում, արևմուտք-հյուսիս այս թոհուբոհի մեջ մենք ոչ թե կարող ենք խոսել այս կամ այն ուղղությունն ընտրելու, այլ հյուսիսի ազդեցությունից դուրս գալու և արևմուտքի ազդեցության տակ մտնելու մասին:

Հիմա եկեք պատասխանատվություն ստանձնող քաղաքական ուժի դիրքերից գնահատենք մեր ունեցած իրավիճակը: Ուկրաինայի ու Վրաստանի փորձերը ցույց տվեցին, թե ինչ կարող է մեզ սպասել աշխարհաքաղաքական այս սուր առճակատման պահին արկածախնդրություն դրսևորելու պարագայում: Բայց սրա մասին չէ, որ ուզում եմ խոսել: Այժմ ասացեք խնդրեմ, թե ի՞նչ ենք ստանում եվրոպական ուղին ընտրելով՝ ռուսական կացնի տակ ընկնելու դիմաց: Միայն թե առարկայական՝ արժեքային բլեֆն ու Գյուլնազ տատի ժանրի ստեղծագործությունները նորից «մեյդան» չբերեք. մեզ ՆԱՏՕ ե՞ն ընդունելու, արևմուտքին սնուցող՝ հանքահումքային, նախաինդուստրիալ տնտեսության փոխարեն՝ ունենալու ենք զարգացած արդյունաբերությու՞ն: Ի վերջո, ի՞նչ կոնկրետ օգուտներ ենք ունենալու և ինչպե՞ս ենք չեզոքացնելու ռիսկերը:

Ասել կուզեմ՝ շատ կանխատեսելի զրկանքների գնով ռուսական ազդեցությունից դուրս գալու և դեպի հակադիր ճամբար շարժվելու համար, նախ, պետք է հստակ, ազգային շահի վրա հիմնված քաղաքական հաշվարկի միջոցով գնահատել, թե ի՞նչ ենք ստանում դրա դիմաց: Արդյո՞ք նույն Եվրոպան՝ նույքան հստակ արտահայտված քաղաքական դիրքորոշմամբ, հանձն է առել լուծելու ռազմաքաղաքական և տնտեսական այն հիմնախնդիրները, որոնք շատ կանխատեսելիորեն ծագելու են ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը չվավերացնելով: Մասնավորապես, ՀԱՊԿ-ի պաշտպանության համակարգից դուրս գալու և Ռուսաստանի հետ ազատ առևտրի այսօրվա ռեժիմը վերացնելու դեպքում ի՞նչ համարժեք լուծումներ են առաջարկվում: Եթե այլընտրանքը Սաշիկ-Միշիկ հարաբերակցությամբ իշխանություն է՝ հանքահումքային ապագայով, ինչը մեզ առաջարկվում է 2008-ից ի վեր, ապա այս ամբողջ կռիվն ինչի՞ համար է, հանուն ինչի՞ ես պետք է առճակատ դուրս գամ ռուսական կացնի դեմ՝ իր բոլոր անխուսափելի հետևանքներով:

Ավելին, որոշակի փաստեր մղում են այն եզրահանգման, որ իրականում արևմուտքին նույնիսկ ձեռնտու են այս իշխանությունները: Բացատրեմ. կարծես ոչ ոք չի վիճում, որ Հայաստանում չկան զանգվածային հակառուսական տրամադրություններ, ինչը շատ հասկանալի է ռուսական աշխատաշուկայի, տնտեսական և ռազմական կախվածության և առաջիկայում այդ իրավիճակի պահպանման համատեքստում: Հասկանում են նաև, որ այսպիսի ընտրազանգվածի պայմաններում իրատեսական չէ ազատ ընտրությունների միջոցով ձևավորել արևմտամետ իշխանություն՝ հատկապես արևմուտք-հյուսիս այսօրինակ առճակատման պարագայում: Ուստի և, արևմտյան պրագմատիկ քաղաքականության տեսանկյունից անհամեմատ ավելի նախընտրելի է ունենալ կոմպրոմատների մեջ թաթախված վերնախավ, քան ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն՝ nothing personal, just business: Չէ՞ որ ոտքերի վրա ամուր կանգնած կառավարությանը չես կարող դեմ տալ ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայ-թուրքական ախմախություն, կամ ստիպել, որ Որոտանի հիդրոկասկադը վաճառեն իր արժեքից տասն անգամ էժան գնով՝ ստրատեգիական նշանակության ջրամբարների հետ միասին, կամ Սևանի ջրահավաք ավազանում՝ Ջերմուկ քաղաքից ոտքի ճանապարհի հեռավորության վրա, ազգային օրենսդրության կոպտագույն խախտումներով շահագործել Ամուլսարի հանքավայրը: Ցանկը կարելի է երկար շարունակել: Մինչդեռ հիմա, անհնազանդության դեպքում՝ մի «Պզոյի» գործ ի հայտ կգա, որը Սաշիկի եղբորը կստիպի ազգային շահերի հաշվին հերթական զիջումներն անել:

Արդյո՞ք «քաղաքակիրթ» ազգերի այս պահվածքն անազնիվ է ու անընդունելի: Ամենևին ո՛չ: Սա հենց սեփական շահերի վրա հիմնված քաղաքականությունն է, որը բնորոշ է կայացած քաղաքական համակարգ ունեցող պետություններին: Նորից ու վերստին կրկնում եմ՝ բոլորն ունեն միայն սեփական շահեր: Մենք էլ ունենք մերը՝ sorry:

Ինչքա՞ն կարող ենք զիջել

ԵՏՄ-ին միանալու պայմանագրի քննարկումների շրջանակներում հաճախ են հնչում հարցադրումներ, թե ինքնիշխանության բաղադրիչներից առավելագույնը որքա՞ն կարող ենք զիջել, այսպես կոչված՝ վերպետական մարմնին (ազգային արժույթ, մաքսային քաղաքականություն և այլն): Այս հարցադրմանը կարելի է պատասխանել մեկ այլ հարցադրմամբ՝ իսկ Ղարաբաղի հարցի կարգավորման գործում մինչև ու՞ր կարող ենք զիջել: Իսկ կասե՞ք՝ ո՞վ է ուզում ընդհանրապես որևէ բան զիջել: Ոչինչ էլ չպետք է զիջենք, եթե… Եթե ունենանք դրա հնարավորությունը: Քո ինքնիշխանության չափը ուղիղ համեմատելի է քո հնարավորությունների հետ: Այսօր Սահմանադրությաբ ձևականորեն ամրագրված ունենալով ինքնիշխանություն՝ գործող ռեժիմը գործնականում չունի նույնիսկ ոչ շատ կարևոր հարցերում սեփական որոշումներ կայացնելու քաղաքական կարողություն: Դա պայմանավորված է թե՛ ներքին լեգիտիմության՝ ժողովրդի թիկունքի բացակայությամբ, և թե՛ տնտեսական ու ժողովրդագրական անհուսալի վիճակով: Ըստ ձեզ՝ Սերժը քանի՞ հարցում կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել: Այդ հարցերի որակից ու քանակից է կախված քո իրական ինքնիշխանության չափը: Հնարավոր զիջումները նվազագույնի հասցնելու համար պետք է շատ պարզ բան՝ ժողովրդավարական համակարգ՝ ժողովրդի վստահությունը վայելող, ոտքերի վրա ամուր կանգնած իշխանությամբ և ազատ, արտադրողական տնտեսությամբ: Չենք զիջի այնքան, որքան ուժեղ կլինենք: Այլ պատասխան չկա:

Կարող է առաջանալ հաջորդիվ հարցադրումը՝ իսկ արդյո՞ք ԵՏՄ-ն տալիս է այդպիսի համակարգ ստեղծելու հնարավորություն: Պատասխանը հարյուր անգամ ապացուցված է՝ ոչ մի արտաքին գերտերություն շահագրգռված չէ քեզ տեսնել որպես զարգացած և դրա ուժով՝ կամակոր պետություն՝ հատկապես մեր տարածաշրջանում: Դրա համար էլ նույնքան անգամ ասվել է, որ ազգային շահերը կազինոյի խաղատախտակին դնող Սերժ Սարգսյանն ուղղակի գտածո է թե՛ արևմուտքի, թե՛ հյուսիսի համար: Ուստի, ժողովրդավարական կառավարման համակարգը ներքին խնդիր է, որին դու պետք է կարողանաս հասնել՝ ֆունկցիոնալ քաղաքական համակարգ ստեղծելով: Այլընտրանք չկա, հեծանիվներ պետք չէ մոգոնել, ամբողջ քաղաքակիրթ աշխարհն անցել է այդ ճանապարհը:

ԵՏՄին Հայաստանի միանալը հակասահմանադրական է

Այս փաստարկը գերազանցապես շրջանառվում է հանրային դաշտում, որի աջակիցները նաև ավելացնում են, որ այսպիսի որոշումները պետք է ընդունվեն հանրաքվեի միջոցով: Լավ, այդ դեպքում՝ քանի՞ հոգի է կարծում, որ շատ օրինական հանրաքվեի դեպքում մարդիկ կողմ չեն քվեարկի ու չեն լեգիտիմացնի այդ կառույցում Հայաստանի մասնակցությունը, այն դեպքում, երբ մյուս պետությունները միացել են շատ ավելի թույլ՝ խորհրդարանների մակարդակով վավերացնելով: Դա՞ ենք ուզում: Ես չեմ վիճում, որ մաքսային իրավասությունները զիջելը իսկապես խնդիր է առաջացնում սահմանադրականության հետ: Բայց հենց այսպիսի դեպքերի համար է պետք քաղաքական որոշում կայացնելը, որը տարբերվում է ձևական իրավական վարքագծից: Թող տարօրինակ չհնչի, սակայն քաղաքական որոշումը դուրս է իրավական տիրույթից: Եթե քաղաքական գործընթացները գնահատենք իրավաբանորեն, ապա պետք է արձանագրենք, որ Ուկրաինայի ներկայիս կառավարությունն անօրինական է, քանի որ չի ընտրվել իրենց սահմանադրությամբ ամրագրված կարգով, իսկ երկրի օրինական նախագահը Վիկտոր Յանուկովիչն է, քանի որ նա մինչ օրս հրաժարականի դիմում չի ներկայացրել:

Նույնպիսի՝ քաղաքական որոշմամբ և մենք պետք է հաշվի նստենք առկա իրողությունների հետ ու բիզնես սեկտորին «կուլակաթափ» անելու փոխարեն՝ նրանց ուղղակի բերենք հարկային դաշտ՝ առաջարկելով խաղի նոր կանոններ: Իրավաբանորեն, անշուշտ, գրեթե բոլորին կարելի է մեղադրել հարկերից խուսափելու և այլ բազում հանցանքների մեջ: Բայց հաշվի առնելով այս ռեժիմի պայմաններում օրինական բիզնեսով զբաղվելու անհնարինությունն ու անցնցում փոփոխությունների ձգտումը՝ պետք է գնալ այդ քաղաքական քայլին:

Այսպիսով, որակյալ քաղաքական որոշումներ ընդունելու, բնակչության տարբեր հատվածների շահերը ներկայացնելու համար էլ հենց պետք է կայացնել քաղաքական կուսակցությունների ինստիտուտը՝ նրանց միջոցով հանրային կարծիքներն արտահայտելու, իր գործողությունների համար պատասխանատվություն ստանձնելու նպատակով: Իսկ ոչ քաղաքական միավորներն ու անհատներն իրենց դիրքերից ընկալելի են, երբ վիճարկում են գործընթացի սահմանադրականությունը, սակայն դա քաղաքական մոտեցում չէ, չի կրում դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունը:

Եվ վերջում

Քաղաքական վարքագիծը ենթադրում է նաև քաղաքական կանխատեսելիություն, ինչը գնահատելի հատկանիշ է բոլորի համար: Հավատացեք, նույն Եվրոպայում շատ ավելի կհարգեն ու կվստահեն այն քաղաքական միավորին, ով ընտրելով հակառակ ճամբարը՝ հստակ քաղաքական տեքստով նրանց կբացատրի, որ հենց դա է այսօր բխում իր ազգային շահերից: Քաղաքակիրթ աշխարհին պետք են իրենց աշխարհայացքի կրող, վստահելի քաղաքական ուժեր, որոնց վարքագիծը կանխատեսելի է՝ իր ազնվության ուժով: Այդ վարքագիծը հենց իրենք էլ մշակել են քաղաքակրթության պատմության ողջ ընթացքում: Դու այդ արժեհամակարգը բովանդակային առումով ընտրում ես ոչ թե ինչ-որ ինտեգրացիոն կառույցներին միանալով, այլ ձևավորված քաղաքական մշակույթով, որի կրողն են նրանք:

Առաջիկայում Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվելու ԵՏՄ-ին միանալու վերաբերյալ պայմանագիրը: Կարծես թե պարզ է, որ ակտիվ քաղաքական ընդդիմության օրակարգում այդ գործընթացին խոչընդոտելու ծրագրեր չկան: Ինչ վերաբերում է քվեարկության արդյունքներին, ապա, ըստ իս, պետք է մինչև վերջ կրել այն պատասխանատվությունը, որը ստանձնել է իշխանափոխության հայտ ներկայացնող քաղաքական ընդդիմությունը: Ինչպես ասված է, պետք է քաղաքական որոշմամբ թևերը քշտել ու կպչել համակարգը փոխելու, բովանդակային ժողովրդավարական քաղաքական համակարգ ստեղծելու գործին: Տղամարդավարի գնալ ու նստել սեղանի շուրջը՝ փորձելով առավելագույնս պաշտպանել սեփական շահերը, ոչ թե ծեծված տղայի պես նեղացած հայացքով դռան արանքից ներս նայել:

Տնտեսական կամ քաղաքական միությունները հերթով գալիս, անց են կենում: Ի վերջո, ոչինչ հավերժ չէ այս արևի տակ: Այսօրվա ինտեգրվող աշխարհում այլևս իրատեսական չէ երկաթյա վարագույրների քաղաքականությունը: Ես կասած չունեմ, որ վաղ թե ուշ այս միությունն էլ ինտեգրվելու է հենց նույն եվրոպական կառույցներին և այժմ էլ մաս է կազմում համընդհանուր՝ առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Ամբողջ աշխարհն է ինտեգրվում, խաղի կանոններն են այդպիսին: Մենք էլ մեր աշխարհագրական դիրքին համապատասխան կարող ենք մասնակցել այդ գործընթացին: Այս իրավիճակում ԵՏՄ-ի շուրջ այսքան բարձր աղմուկը խիստ ուռճացված է ու կեղծ: 

Նախորդ հոդվածը‘Ավտովթար Երևանում. 2 մարդ հիվանդանոցում մահացել է’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժիկ Սարգսյանի հեռացմանն այլընտրանք չկա’