‘Արթուր Գրիգորյան. Քաղաքական վարքագծի մեխանիկան’

2430

Մաս առաջին, Մաս երկրորդ

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ

Երբ խոսում ենք ինքնիշխան պետականության, ժողովրդավարական արժեքների մասին, ապա փորձենք կոնկրետանալ. դրանք ինչ-որ վերացական կամ ձևական տերմիններ չեն, որ ցպահանջ ծամծմվեն, ու դեռ ուրիշներին էլ մեղադրանք ներկայացվի այդ արժեքները դավաճանելու մեջ: Այս եզրույթները միս ու արյուն, ներքին բովանդակություն ունեն, քաղաքակրթության զարգացման ընթացքում մշակվել ու հղկվել են կոնկրետ պատմական իրադարձությունների լույսի ներքո (սոցիալական հեղափոխություններ, ազգային ազատագրական պայքար և այլն), իսկ ինչն ամենակարևորն է՝ բնորոշ են միայն պետականություն ունեցող ազգերին:

Նախքան հայաստանյան իրականության շրջանակներում դրանց բովանդակությունը բացելը, մի փոքրիկ էքսպրոմտ. ժողովրդագրության արդի տեսություններից մեկի համաձայն՝ որևէ էթնոսի՝ «ազգ» լինելու հանգամանքը պայմանավորված է տվյալ էթնոսի կողմից ինքնուրույն պետականություն ունենալով: Օրինակ՝ քրդերը կամ ույղուրները ազգ համարվել չեն կարող, քանի որ նրանք էթնիկական կամ ազգային փոքրամասնություններ են այս կամ այն պետության կազմում: Որքան էլ բազմաքանակ, սեփական լեզու և մշակույթ ունեցող, միևնույն է, ըստ նշված տեսության՝ ազգային ինքնիշխան պետականության առկայությունն է այդ խմբին «ազգ» դարձնող չափորոշիչը: Սա՝ հենց այնպես, ուղղակի ընդգծելու համար, թե որքան կարևոր է ազգային պետականության կայացումն ու պահպանումը մեր էթնոսի գոյության ու հետագա զարգացման համար:

Իմ համոզված կարծիքով՝ պետականության կայացումն ու հարատև գոյությունը պայմանավորված են հանրության կյանքում քաղաքական մտածելակերպի ու վարքագծի արմատավորմամբ: Ինչպես հաջորդիվ կփորձեմ հիմնավորել, հանրություն ասվածը չի նշանակում քաղաքական կառույցներից կտրված, ժողովրդական զանգված: Հանրության մասն են կազմում նաև հենց քաղաքական կուսակցությունները, որոնք, ըստ էության, ամենաընդարձակ հասարակական միավորումներն են: Իր հերթին, քաղաքական դաշտի կայացումը մեծապես պայմանավորված է կուսակցական համակարգի ամրապնդման և, ամենակարևորը, ուժեղ և գաղափարակիր ընդդիմության առկայությամբ: Սա է նաև պատճառը, որ ես հանրային դաշտում ակտիվություն ցուցաբերող, հզոր ներուժ ունեցող իմ ընկերներին հորդորում եմ սաղմնավորել վերջապես այդ հաստատուն միավորը՝ որպես շատ տեսանելի ապագայում պետականություն ունեցող ազգին վայել քաղաքական մրցակցության երաշխիք:

Ես էլ եմ ուզում Սևրի պայմանագրով սահմանված Հայաստան

Թույլ տվեք որոշ դատողություններ անել կայացած քաղաքական դաշտին բնորոշ ատրիբուտների վերաբերյալ: Չոր հաշվարկից զատ, քաղաքական վարքագիծը միշտ կոնկրետ է ու աներկիմաստ, ենթադրում է պատասխանատվության զգացում և, չզարմանաք, ազնվական վարքագիծ: Տարակուսելու բան չկա, քանզի քաղաքականությունը կազմում է քաղաքակրթության բաղկացուցիչ մասը, որտեղ մանր ժուլիկություններն ու գեղամյանավայել մետամորֆոզները ցածր ճաշակի ցուցիչ են: Պատշաճ քաղաքական վարքագծի ու պատեհապաշտության մեկ համեմատական անցկացնեմ՝ տեսակետս ընդգծելու համար. նախորդ տարի տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Տեր-Պետրոսյանը, թեկուզև չմասնակցելով ընտրված նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած քաղաքական պրոցեսին, բառացիորեն ասաց, որ ընտրություններում հաղթել է հենց նա, և դրանում ոչ մի կասկած լինել չի կարող: Դրան զուգահեռ՝ Դաշնակցության խմբակցության ղեկավար Ռուստամյանը, ով հարթակում կանգնած էր Րաֆֆիի կողքին ու միասնությունից էր խոսում, նույնպես բառացիորեն ասաց՝ ընտրակեղծիքների ծավալն այնքան մեծ է, որ իրենք չեն կարող ասել, թե թեկնածուներից ով է հաղթել: Երբ պարզեն, այն ժամանակ իրենք իրենց՝ տղամարդու խոսքը կասեն: Մինչև հիմա պարզում են:

Զգացի՞ք տարբերությունը: Մի՞թե պարզ չէ, թե ովքեր և ինչու են կատարել ընտրակեղծիքներ: Սերժ Սարգսյանից բացի, եղած թեկնածուների մեջ կա՞ր արդյոք մեկը, ով կարող էր իրեն ընտրություն կեղծելու շռայլություն թույլ տալ: Եթե ոչ, ապա պարզ է, չէ՞, որ իրականում հաղթել է ոչ թե ընտրակեղծարարը, այլ նրան հետապնդող հիմնական թեկնածուն, այլապես խնդիր չէր լինի կեղծիքներ կատարել, դեռ մի հատ էլ՝ այդքան մեծ ծավալների: Ի՞նչն է անհասկանալի: Հիմա փորձեք գնահատել, թե ի՞նչ է նշանակում կոնկրետ, աներկբա քաղաքական դիրքորոշում, և ի՞նչը՝ էժանագին քաղաքական բազար: Տվյալ դեպքում ակնհայտ է նաև ներկայացված երկու վարքագծերի քաղաքական բովանդակությունը՝ մի դեպքում գործ ունենք հեռակա հաշվարկի վրա հիմնված՝ հստակ քաղաքական դիրքորոշման հետ, մյուս դեպքում՝ մանիպուլյատիվ բառախաղի՝ սահանադրական «բարեփոխումներին» կողմ ըլլալով Սերժի ռեժիմի հարատև գոյությանը դեմ ըլլալու ոճով:

Նույնկերպ և հիմա՝ մարդն ասում է՝ մենք չենք կարող միայնակ լուծել իշխանափոխության հարցը, որը դատարկվող Հայաստանի համար կենսագոյության խնդիր է: Որ բազմաթիվ անժխտելի պատճառներով, առնվազն տեսանելի ապագայում, որոշ արտաքին քաղաքական պրոցեսներ անշրջելի են: Դա մեզ դուր գալիս է, թե չէ` դա լինելու է, եւ դա պետք է ընդունել որպես պատմական դրվագ ու փորձել դրանից օգուտներ քաղել: Այն օգուտները, որոնք չքաղվեցին 20-րդ դարի սկզբին, երբ ունեինք երկու անգամ մեծ տարածք: Պատկերացնու՞մ եք՝ Հայաստանի քաղաքական կշիռն այսօր ինչպիսին կլիներ, եթե այն ժամանակվա՝ նույնքան անշրջելի գործընթացները գնահատվեին քաղաքական-պետական մտածելակերպի կանոններով ու չոր հաշվարկի միջոցով: Ոչ ոք չի ասի, թե ինքը չէր ուզի Մուշն ու Սասունը Հայաստանի կազմում տեսնել, որ չի ուզի գտնվել ամենաառաջադեմ պետությունների ընտանիքում, բայց քննարկվող ժամանակաշրջանի տեսանելի ապագայում քաղաքական պատեհությունը Ղարսն ու Սուրմալուն էին՝ բոլշևիկյան միության կազմում, ինչը բարդ չէր հաշվարկել: Վերադառնանք մեր օրեր:

Կուսակցությունների ժամանակն անցել է…

Կա տարածված թյուրիմացություն, թե քաղաքական կուսակցություններն ու հանրային հատվածը տարբեր բաներ են: Դեռ ավելին, կուսակցությունը հաճախ դիտարկվում է որպես նեղ թիմային շահերի համար գործող, հանրությունից կտրված միավոր, որը ղեկավարվում է վերևից իջեցված հրահանգներով, փոխանակ հակառակը լինի՝ ներքևից մշակվի օրակարգը: Արդյունքում, ձևավորվեց մինչև հիմա այդպես էլ սաղմնային վիճակում գտնվող թեզ, թե քաղաքականությունն ու կուսակցականությունը նույն բանը չեն, և որ քաղաքականությամբ կարելի է զբաղվել նաև առանց հնացած՝ կուսակցական քաղաքականության մոդելի: Հետո ստեղծվեցին հիբրիդ կառույցներ Նախախորհրդարան, Քաղաքացիական պայմանագիր, միգուցե՝ նաև այլք, որոնք փորձեցին հանրային դաշտում ակտիվություն ցուցաբերող անձանցով համալրել իրենց շարքերը՝ որդեգրելով ձևավորված՝ քաղաքացիականության գաղափարը՝ իր ոչ կուսակցական բաղադրիչով:

Չեմ ցանկանում գնահատական հնչեցնել, թե ձևավորումից ի վեր օգտակար գործողության ինչպիսի՞ գործակից ունեն իրենց որպես հասարակական-քաղաքական դիրքավորող սուբյեկտները, կամ ի՞նչ արժեհամակարգային փոփոխություն բերեցին, որը չկար դասական կուսակցական համակարգում: Որոշումների կայացման, այսպես կոչված՝ ներքևից եկող, դեմոկրատական մոդելը կարելի էր հանգիստ կիրառել նաև սովորական կուսակցական համակարգում: Իրականում այս իմաստակությունը հենվում է այն տրամաբանական սխալի վրա, որ կառույցը՝ կուսակցությունը, դիտարկում է որպես իշխանության գալու մոլուցքով տառապող մարդկանց խումբ, և ոչ թե հանրային-պետական կյանքի կազմակերպման միջոց՝ ձև:

Հարցին նաև իրավական դիտանկունից նայենք. Հայաստանում կա «Կուսակցությունների մասին» օրենք, որի համաձայն՝ կուսակցությունը հասարակական միավորում է, որի գործունեության նպատակը հասարակության և պետության քաղաքական կյանքին մասնակցելն է: Կա նաև «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենք, որը հասարակական կազմակերպություն է համարում ցանկացած խմբի, որը հետապնդում է հանրօգուտ որևէ գործունեություն իրականացնելու նպատակ՝ քաղաքական իշխանություններին ստիպելով ավելի լավ կառավարել:

Ինչպես տեսնում ենք, կուսակցությունը ոչ այլ ինչ է, քան հասարակական կազմակերպություն, որի նպատակը շատ կոնկրետ է՝ զբաղվել քաղաքականությամբ: Քաղաքական պայքարի մեջ մտնելու համար պետք է ունենալ կուսակցություն, դա է միակ հնարավոր կազմակերպչական ձևը երկարաժամկետ քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար, այն դեպքում, երբ հասարակական կազմակեպությունների, արհմիությունների և այլ հանրային միավորումների խնդիրները հանգում են քաղաքական իշխանության հետ համագործակցելով կամ վերջինիս նկատմամբ ճնշում գործադրելով՝ հասնելու իրավունքների ու սոցիալական պայմանների առավել բարձր մակարդակի: Այս միավորներին, ի դեպ, թթվածնի պես անհրաժեշտ է ուժեղ ընդդիմություն, որոնք Դամոկլյան սրի էֆեկտ կարող են ստեղծել:

Վերջում հավելեմ, որ կառավարման լծակների համար պայքարում միշտ եղել են ու կլինեն հազար ու մի որակի մարդիկ՝ վիճելն անգամ անհեթեթ է՝ այդպիսին է մարդու բնությունը: Սակայն նույնքան անհեթեթ է նաև պետության կառավարման կազմակերպա-իրավական միջոցը՝ կուսակցությունը, համարել ժամկետանց ու մոգոնել ֆունկցիոնալ առումով նույնական կառույց՝ այլ անվանումով: Մարդկանց լայն զանգվածներ ընդգրկող պրոցեսները այլ՝ պատմականորեն հավաստված օրինաչափություններով են զարգանում: Այստեղ մի մեջբերում անեմ. «Ցանկացած մեծ գործում, լինի դա սոցիալական հեղափոխություն, ազգային ազատագրական պայքար, թե մեկ այլ բան, գաղափարակիրների կողքին միշտ եղել են պատեհապաշտներ ու ցածր բնազդներով առաջնորդվող մարդիկ, ովքեր չեն խորշել, օգտվելով առիթից, լուծելու իրենց անձնական խնդիրները: Սակայն կարևորն այդ կողմնակի երևույթները չեն, այլ այն, թե ինչպես է ընդհանուր գործն ընկալվում դրա մասնակիցների մեծ մասի կողմից»…

Մի բան ասեմ ձեզ…

Առաջարկ ունեմ. իրենց եվրոպական արժեքային համակարգի կրող համարող իմ բոլոր ընկերներին, ծանոթներին ու այլ հարգարժան ՀՀ քաղաքացիներին հորդորում եմ ձևավորել միասնական օրակարգ և, հնարավորության դեպքում, հիմնել կուսակցություն (կուսակցությունների դաշինք) ու հանրային՝ խոհական բարձունքից գալ դեպի հողակերտ քաղաքական իրականություն: Բացատրեմ՝ ինչու: Նախ, դա բխում է իմ «խմբային» շահերից՝ երբ գործ ունես քաղաքական խաղի կանոնները թեկուզ առերևույթ որդեգրած միավորի հետ, անհամեմատ ավելի հեշտ է համագործակցային հարաբերություններ կառուցել, քանի որ որոշ սեթևեթանքներից հետո նա ևս ընդունելու է քաղաքակրթության պատմության ընթացքում ձևավորված օրինաչափությունները: Իսկ մեր նպատակը, ինչպես ասացի, քաղաքակիրթ ազգերին հարիր քաղաքական դաշտի ձևավորումն է, որտեղ հանրության տարբեր խմբեր՝ բուրժուազիան, գյուղական համայնքները, կանաչները և այլք, կունենան իրենց նեղ արտադրական և գաղափարական շահերը ներկայացնող խմբեր: Կարող եք, իհարկե, առաջարկս համարել նենգաբարո ծուղակ ու չընկնել դրա մեջ, բայց մի քիչ երկար մտածեք:

Վերջապես, դասական քաղաքական պայքարը բխում է նաև ձեր շահերից. հանրային դաշտը հնարավորություն չի ընձեռում սեփական՝ իսկապես արժեքավոր գաղափարներով համալրել քաղաքական դաշտը: Հանրային դաշտում դու ոչ թե քաղաքականություն կերտող ես, այլ ընտրազանգված: Եթե ձեզ համար ընդունելի է, որ ձեր քաղաքական հայացքները ներկայացվեն տարատեսակ «սիմվոլների», հարյուր անգամ ճամբարներ փոխած պատեհապաշտների մակարդակով, ապա կարող ենք ֆիքսել, որ դուք «էն-ջի-ո» մակարդակից ավելին զարգանալու նպատակ պարզապես չունեք: Ինչնե՞րդ է պակաս՝ խե՞լք չունեք, փո՞ղ չեք կարող ճարել, էներգիա՞ն չի բավականացնում մրցակցելու համար:

Եվ վերջապես, բազմիցս ասվել է, որ մեր երազանքն է կայացնել ընտրական համակարգ և ընտրությունների միջոցով իշխանությունը փոխանցել ընդդիմությանը: Իսկ այդ ընդդիմությունը՝ որպես գաղափարակիր, սոլիդ միավոր, և ոչ թե ցանցառ խոհափիլիսոփաներ, պետք է իսկապես ձևավորել: Փորձեք դա անել:

Եվ վերջում…

Շարունակելի:

Նախորդ հոդվածը‘Քրեական գործ` ՀՔԾ վարչության պետի տեղակալի նկատմամբ. «Փաստինֆո»’
Հաջորդ հոդվածը‘Պետեր Չեխը երաժիշտ(տեսանյութ)’