Արման Գրիգորյան. Առաջարկում եմ էդ զառանցանքին ականջ չդնել

3593

Արման Գրիգորյանը Ֆեյսբուքում գրել է.

Մի դիտողություն կա, որ հաճախ է ինձ հասցեագրվում։ Վերջին անգամ դա արել էր Գնել Հակոբյանը իմ վերջին ֆեյսբուքյան ստատուսի տակ։ Բայց քանի որ դա կրկնվող դիտողություն է, նպատակահարմար գտա դրան արձագանքել ոչ որպես պատասխան Գնելի գրառմանը, այլ առանձին ստատուսով և արձագանքելով ոչ հենց Գնելին, այլ էդ դիտողությանն ընդհանրապես։

Խոսքն այն դիտողության մասին է, որ ես բավականին համոզիչ բաներ եմ ասում, երբ հանդես եմ գալիս որպես այս կամ այն քաղաքական դիրքորոշման կամ վարքագծի քննադատ, բայց մի տեսակ դրանից այն կողմ չեմ գնում ու չեմ ասում, թե ինչ է պետք անել, ելքեր չեմ առաջարկում։

Ես երբեք խնդիր չեմ ունեցել արդարացի դիտողությունների ու քննադատության հետ համաձայնելու, բայց էս դիտողության հետ համաձայնել չեմ կարող։ Ես իրականում երբեք չեմ բավարարվել զուտ քննադատելով ու վերլուծելով։ Ես ելք նույնպես առաջարկել եմ։ Եվ` շատ հաճախ։ Արդ, ի՞նչն է պատճառը, որ ինձ հաճախ մեղադրում են քննադատությամբ բավարարվելու մեջ։ Խնդիրն, իմ կարծիքով, այլ տեղ է, մասնավորապես` ելքերի մասին վիճելի պատկերացումների մեջ։ Իսկ ավելի կոնկրետ` ելքերի մասին երկու վիճելի պատկերացման մեջ։

Առաջին, ելք ասելով մարդիկ սովորաբար հասկանում են ինչ-որ բան անել և երբեք ոչ` ինչ-որ բան չանել։ Ասենք, եթե ֆինանսական խնդիրներ ունեցող մեկին խորհուրդ ես տալիս խուսափել կազինո հաճախելուց, էդ մարդկանց համար դա ելք չի։ Դու պարտավոր ես նաև ինչ-որ բան առաջարկել, որ նրանց ֆինանսական խնդիրները կլուծի։ Կամ եթե դիաբետով հիվանդին խորհուրդ ես տալիս խուսափել որոշ բաներ ուտելուց, դա ելք չի, եթե նաև չես ասում, թե էդ մարդն ինչպես կարող է բուժել դիաբետը։ Իսկ հիմա անալոգիաներից անցնենք ինձ ուղղված քննադատության կոնտեքստին։ Մենք ունենք իշխանություն, որն ակնհայտորեն որդեգրել է եղած ստատուս քվոն փոխելու քաղաքականություն։ Մասնավորապես, նրանք շատ հստակորեն խոսում են ՀԱՊԿ-ից դուրս գալու, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները խզելու և, որպես դրան այլընտրանք, արևմտյան ինստիտուտների մեջ ինտեգրվելու մտադրությունների մասին։ Ես պնդում եմ, որ դա կործանարար ճանապարհ է, և որ դա նույնիսկ բարձր գին վճարելու պարագայում որևէ շանս չունի իրականություն դառնալու` դեմ դուրս գալով Հայաստանում էդ գիծը պաշտպանող ահռելի ու խլացուցիչ աղմուկին։ Իմ կարծիքով, էս մի քանի տարվա ընթացքում բազմաթիվ հոդվածների ու հարցազրույցների միջոցով հիմնավորել եմ, թե ինչու եմ այդպես մտածում։ Կարծում եմ, որ շատ կարևոր բան եմ արել ու շարունակում եմ անել` ահազանգելով էդ վտանգի մասին։ Բայց հոգ չէ. մարդկանց մի խումբ անդադար կրկնում է, որ ես ելք չեմ առաջարկում, որ իմ ասածը լուծում չի, այլ ինչ-որ լուծման քննադատություն։ Հետևաբար, առանձնապես կարևոր բան չի իմ արածը, այլ ակադեմիական մտավարժանք։

Երկրորդ խնդիրը վերոհիշյալ ելքեր պահանջողների` ելքերի մասին պատկերացումների մեջ այն է, որ նրանք որպես ելք են սահմանում միայն հրաշքները։ Եթե նորից դիմենք վերը նշված անալոգիայի օգնությանը, նրանք դիաբետի դեմ ինչ-որ բան անելը համարում են միայն դրա բուժումը, այն էլ այնպիսի բուժումը, որը որևէ կողմնակի հետևանք չի ունենա, որը կլինի անցավ ու որը կլինի ձրի։ Եվ դա այն դեպքում, որ դիաբետը բուժում չունի։ Այստեղ կարելի է հղում անել մի շատ հայտնի ամերիկյան տնտեսագետի` Թոմաս Սոուելի մի կարևոր մտքին. there are no solutions, there are only trade-offs, ինչը մոտավորապես կարելի է թարգմանել այսպես. լուծումներ ընդհանրապես գոյություն չունեն, գոյություն ունեն միայն կոմպրոմիսներ (trade-off բառը հայերեն կամ ռուսերեն լավ համարժեք չունի։ Բառացի իմաստն այն է, որ մի բան ձեռք բերելու համար միշտ ինչ-որ բան պիտի զիջես, միշտ ինչ-որ գին պիտի վճարես)։ Բայց ելքեր պահանջողները միշտ լուծումներ են պահանջում, որոնք որևէ կողմնակի հետևանք, ցավ ու գին չունեն։ Իմ խորին համոզմամբ, հենց դա է պատճառը, որ մարդկանց այդքան մեծ զանգված Հայաստանում արևմտամետների վաճառած պատրանքներն էդքան գրավիչ է համարում։ Հեռանկարում արևմտյան դրախտն է իր ենթադրյալ ժողովրդավարական արժեքներով, մարդու իրավունքների ու օրենքի գերակայության սկզբունքներով, որը փրկություն է ռուսական դոմինացիայի միջավայրում գտնվելու դժոխքից։ Կատարյալ լուծում։ Ընդ որում լուծում, որը բացարձակապես որևէ գին չի պահանջում։ Որոշում ենք մի ճամբարից մյուսն անցնել et voila!

Ու էս զառանցանքին նայող մարդիկ իմ նմաններին ասում են` էդ մարդիկ գոնե լուծում են առաջարկում, բա դու՛ք ի՞նչ եք առաջարկում։ Ասում ես` առաջարկում եմ էդ զառանցանքին ականջ չդնել ու հրաժարվել դրանով ոգեշնչված որևէ արկածախնդրությունից։ Բացատրում եմ, թե ինչու է դա զառանցանք ու արկածախնդրություն։ Բացատրում եմ, որ ստատուս քվոն առանձնապես հաճելի չի, բայց դա փոխելու փորձերն ավելի մեծ փորձանքներով են հղի։ Հորդորում եմ հարցերը լուծել ռուսական հարթակում, ռուսական միջնորդությամբ ու երաշխիքներով, որքան էլ որ դրանք մեր քիմքին չլինեն (էն, որ էսօր ռուսների առաջարկելիքը հաստատ մեր քիմքին չի լինելու, գիտեմ, բայց դրա մեղավորն էլ ենք մենք, քանի որ ժամանակին, ռուսներին ու մյուս բոլորին գրողի ծոցն ուղարկեցինք, ստացանք կործանարար պատերազմ ու միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածվեցինք միջազգային հարաբերությունների օբյեկտի։ Բացի էդ, ես չգիտեմ, թե գոնե Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման կոնտեքստում էդ ինչով է նախընտրելի Արևմուտքի առաջարկածը ռուսների առաջարկածից։ Բայց սրանք առանձին խոսակցության թեմաներ են)։ Էս ամեն ինչի մասին խոսել եմ հարյուրավոր անգամներ։ Ասում են, չէ, ախպեր ջան, բան չես ասում։ Քո առաջարկածը լուծում չի (սա իհարկե լավագույն դեպքում, երբ ինձ չեն մեղադրում ռուսական ազդեցության գործակալ լինելու մեջ)։ Լուծում առաջարկիր։ Այսինքն` պահանջում են մի ալտերնատիվ հրաշքի տեսլական, եթե արևմտամետների նկարագրած հրաշքը դուրս չի գալիս, ու էդ հրաշքին հասնելու սցենար առանց որևէ բան զիջելու ու որևէ գին վճարելու։ Եթե դա չես անում, ուրեմն ասածդ արժեք չունի։ Եթե նման ալտերնատիվ չես կարողանում առաջարկել, էլ ու՞մ ես պետք դու որպես քաղաքագետ։ Իսկական քաղաքագետը մի ալտերնատիվ հրաշքի ու դրախտի տեսլական կառաջարկեր։ Հետևաբար, ուրիշ ելք չկա. պիտի փարվենք դեֆոլտ հրաշքի տեսլականին ու անենք էն նույն բանը, ինչ Ուկրաինան է անում։ Ու հետո մեղավորը ես ու իմ նմաններն ենք լինելու, որ էդպես էլ մի խելքը գլխին լուծում չառաջարկեցինք։ Ինչպես 2020 թ.-ի խայտառակ պատերազմի մեղավորը Տեր-Պետրոսյանն էր, որ 1994 թ.-ին Բաքուն չգրավեց։ Կարող էր ու չգրավեց։ Իսկ եթե չէր կարող, ու՞մ էր պետք էդ տեսակ ղեկավարը։

Նախորդ հոդվածըՎարդան Հարությունյան. Մեր գործը նրանց զգուշացնելն է. Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածըԱրդեն` գիտակցված չգիտակցվածությամբ