Արման Գրիգորյան. Հեղափոխական կառավարություններ, անխոհեմություն և պատերազմներ. Երկրորդ ղարաբաղյան պատերազմի դեպքը

115

Հոդվածի բնօրինակը լույս է տեսել ամերիկյան Security Studies (Vol. 33, No. 3 /Summer 2024/, pp. 372-406) գիտական պարբերականում:

2020 թ.-ի նոյեմբերի 9-ին զինադադար կնքվեց, որն ամրագրեց ավարտը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծավալված ռազմական գործողությունների, ինչն արդեն հայտնի է Երկրորդ ղարաբաղյան պատերազմ անունով։ Պատերազմն ավարտվեց հայկական կողմի աղետալի պարտությամբ։ Ադրբեջանցիներին հաջողվեց հայերին դուրս մղել վերջիններիս վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական յոթ շրջաններից չորսից, որոնք հայկական վերահսկողության տակ էին գտնվում 1994 թ.-ին կնքված մեկ այլ զինադադարից հետո, ինչով ավարտվել էր Առաջին ղարաբաղյան պատերազմը, ինչպես նաև բուն Լեռնային Ղարաբաղի (այսուհետ` Ղարաբաղ) Հադրութի շրջանից ու ռազմավարական տեսանկյունից շատ կարևոր Շուշի (ինչպես հայերն են անվանում) կամ Շուշա (ինչպես ադրբեջանցիներն են անվանում) քաղաքից։ Զինադադարը պարտավորեցնում էր հայերին նաև դուրս գալ իրենց վերահսկողության տակ գտնվող մյուս երեք շրջաններից, ինչը նրանք արեցին զինադադարը կնքելուց շատ չանցած։ Պատերազմն ավարտվեց այն բանից հետո, երբ հայկական բանակն ամբողջովին կորցրեց դիմադրությունը շարունակելու կարողությունը, և հետևանքը կարող էր շատ ավելի աղետալի լինել, եթե Ռուսաստանը հանդես չգար միջնորդական առաքելությամբ և խաղաղապահ ուժեր չգործուղեր տարածաշրջան։ Այդուհանդերձ, ամբողջական աղետից խուսափել նույնպես չհաջողվեց։ Պատերազմի ավարտին հաջորդած ու երեք տարի տևած անպտուղ բանակցություններից հետո Ադրբեջանին հաջողվեց ամբողջական վերահսկողություն սահմանել Ղարաբաղի վրա, որի հայ բնակչությունը զանգվածաբար լքեց Ղարաբաղն ու տեղափոխվեց Հայաստան։

Սա տարօրինակ պատերազմ էր։ Նման վճռական արդյունքով պատերազմներն ընդհանրապես տարօրինակ են, որովհետև դրանց պարագայում արդյունքը կանխատեսելը սովորաբար ավելի հեշտ է լինում, ինչն իր հերթին հեշտացնում է բանակցային լուծում գտնելը։ Այս պատերազմը, սակայն, աչքի է ընկնում իր տարօրինակությամբ նույնիսկ այդ պատերազմների շարքում։ Խնդիրն այն չէր, որ հայերը փորձեցին, բայց չկարողացան խուսափել պատերազմից։ Նրանց դիվանագիտական դիրքորոշումն ու որոշ քայլեր չէին բնորոշում երկրի, որը փորձում էր խուսափել պատերազմից, բայց դիմադրում էր որոշ զիջումներ անելու պարտադրանքին։ Նրանց դիվանագիտական դիրքորոշումը շատ ավելի կոշտ էր, ինչն ակնհայտորեն հենված էր համոզված լավատեսության վրա, որ իրենք կհաղթեն, եթե դիվանագիտական փակուղին պատերազմի հանգեցնի։ Այսպես, 2019 թ.-ի օգոստոսի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում` հայտարարելով. «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։[1] 2020 թ.-ի մարտի 29-ին, Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Հայաստանը նոր վարդապետություն է որդեգրում Ադրբեջանի «տարածքներ խաղաղության դիմաց» պահանջին ի պատասխան։ Դա կոչվում էր «նոր պատերազմ, նոր տարածքներ», ինչը նշանակում էր, որ Ադրբեջանը պետք է համակերպվեր ստատուս քվոյի հետ, հակառակ դեպքում նրանք նոր տարածքային կորուստներ կունենային։[2] Հայաստանի իշխանությունները մեծ տեսարան սարքեցին 2020 թ.-ի հուլիսին տեղի ունեցած սահմանային մի միջադեպից հետո, ինչի արդյունքում հայկական կողմը կարողացել էր իր վերահսկողության տակ առնել ինչ-որ հենակետ։ Ընդհարման ընթացքում ադրբեջանական կողմից զոհվել էր մի երկու տասնյակ զինվորական, այդ թվում` մեկ գեներալ։ Միջադեպը հանգեցրեց զանգվածային ցույցերի Ադրբեջանում` պատասխան գործողություններ ձեռարկելու պահանջով։ 

Ավելի կարևոր էր սակայն այն, որ 2018 թ.-ի հեղափոխությունից հետո, որն իշխանությունից հեռացրեց կոռումպացված, ժողովրդականությունը կորցրած նախկին ռեժիմին ու իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանի առաջնորդած մի խումբ երիտասարդ հեղափոխականների, Հայաստանը փաստորեն դուրս եկավ բանակցություններից։ Նրանք բանակցային գործընթացին վերադառնալու համար երկու պայման առաջ քաշեցին։ Առաջին, նրանք պահանջեցին Ղարաբաղը ճանաչել որպես հակամարտության կողմ և թույլ տալ Ղարաբաղի ներկայացուցիչներին մասնակցել բանակցություններին այդ կարգավիճակով։ Նրանք նաև հատուկ ուշադրություն հրավիրեցին այն փաստի վրա, որ սեղանի վրա դրված լուծման նախագիծը չէր սահմանում Ղարաբաղի կարգավիճակը, ինչն իրենք անընդունելի էին համարում։ Փաշինյանը պնդում էր, որ փոխզիջումների ու որոշ տարածքներից դուրս գալու մասին խոսակցությունը կարող է իմաստ ունենալ միայն այն դեպքում, եթե Ղարաբաղի կարգավիճակի հարցը նույնպես քննարկման առարկա էր։ Ըստ ամենայնի, Փաշինյանի մտքում Ղարաբաղի de jure անջատումն էր Ադրբեջանից, երբ նա առաջ էր քաշում այդ պայմանը։[3] Փաշինյանը պնդում էր, որ Ղարաբաղից դուրս հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների հանձմնան մասին կարող է խոսվել միայն, եթե դրանք փոխանակվելու լինեն նման կարգավիճակի հետ։ Այլապես, ըստ նրա, բանակցությունները ժանամակի վատնում էին։ Այս պահանջները հավասարազոր էին Ադրբեջանի, ինչպես նաև, այսպես կոչված, Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների առջև նախապայման դնելուն, նախապայման, որը որևէ հեռանկար չուներ հավանություն ստանալու միջնորդ երկրների կամ ընդունվելու Ադրբեջանի կողմից։ Իրականում նման դիրքորոշման միակ արդյունքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անկյուն հրելը և միջնորդների հեղինակությունը սասանելը կարող էր լինել։

Հայաստանի ղեկավարության վարքագիծը բացատրելու թեկնածու տեսություններից մեկը պատերազմների ռացիոնալ սակարկության մոդելն է։ Գուցե պատերազմը հետևանք էր Ադրբեջանի կարողություններին վերաբերող մասնավոր ինֆորմացիայի,* ինչը տեսանելի չէր հայկական կողմի համար և ինչը, հետևաբար, նրանք չէին կարող ճշգրտորեն գնահատել։ Այլ կերպ ասած, նրանց վարքագիծը, թերևս, այնքան արկածախնդրական չէր, որքան առաջին հայացքից թվում է` ելնելով այն ինֆորմացիայից, ինչը մատչելի էր նրանց։[4] Սա արժանահավատ պնդում չէ։ Ադրբեջանի առավելությունները տեսնելը դժվար չէր։ Պատերազմին նախորդող տասնամյակի ընթացքում Ադրբեջանը միջին հաշվով տարեկան 5 անգամ ավելի շատ էր ծախսել իր ռազմական կարողությունների զարգացման վրա, քան Հայաստանը։ Նրանց տրամադրության տակ գտնվող զինատեսակները շատ ավելի ժամանակակից էին,[5] և նրանք զգալի աջակցություն էին ստանում Թուրքիայից։[6] Փաշինյանն ինքը բացահայտեց պատերազմից առաջ Ադրբեջանի առավելությունների տեսանելի լինելու փաստը։  Պատերազմից շատ չանցած` 2021 թ.-ի ապրիլի 4-ին, Փաշինյանը բացահայտեց 2017 թ.-ին Հայաստանի կառավարության կողմից իրականացված մի գաղտնի ուսումնասիրություն, որն ահազանգում էր այն մասին, թե որքան հետ է մնացել Հայաստանը մի քանի ոլորտներում, ինչպիսիք էին, օրինակ` կրիտիկական ենթակառուցվածքները, արբանյակների առկայությունը և այլն։[7] Դժվար չէ ենթադրել, որ նա տեղյակ էր այդ ուսումնասիրության բովանդակությանը պատերազմից առաջ։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նաև Փաշինյանին տեղյակ էր պահել ադրբեջանական բանակի` պատերազմին նախապատրաստվելու գործընթացում թուրքական ներգրավվածության աստիճանի, ինչպես նաև պատերազմի դեպքում թուրքական միջամտության բարձր հավանականության մասին, որը չէր սահմանափակվի ադրբեջանական բանակի նախապատրաստությանն օգնելով։[8]

Կարո՞ղ էին արդյող ողջամիտ կասկածներ լինել Ադրբեջանի մտադրությունների լրջության վերաբերյալ։[9] Ի վերջո, Ադրբեջանը կարող էր ավելի հզոր լինել ռազմական կարողությունների առումով, բայց ոչ նույն աստիճանի պատրաստ 1994 թ.-ի զինադադարից հետո ստեղծված ստատուս քվոն փոխելու, որքան Հայաստանը մտադրված էր այն պաշտպանելու։ Ավաղ, նման կասկածները նույնպես չէին կարող արդարացված լինել։ Ադրբեջանը պատրաստ էր ինչ-որ փոխզիջում ընդունելու, ինչը կսահմանափակեր նրա սուվերենությունը Ղարաբաղի վրա, բայց փոքր էր հավանականությունը, որ կընդուներ Ղարաբաղի de jure անկախությունը։ Ավելի փոքր էր հավանականությունը, որ Ադրբեջանը կհաշտվեր Ղարաբաղից դուրս հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների կորստի հետ։ Ադրբեջանցիները վերջին 25 տարում ահռելի ռազմական ծախսեր էին արել, ինչը բացարձակապես անհասկանալի կլիներ, եթե 1990-ականներին կորցրածի գոնե մի մասը հետ բերելու նրանց մտադրությունները լուրջ չլինեին։ Պետք է ավելացնել նաև, որ դիվանագիտական միջավայրն աստիճանաբար թեքվել էր ստատուս քվոն անսասան պահելու դեմ, ինչը միայն կարող էր հավելյալ ամրություն հաղորդել Ադրբեջանի մտադրություններին։ Վերջապես, ինչպես արդեն նշել եմ վերևում, Փաշինյանի դիվանագիտությունն անկյուն հրեց Ադրբեջանի ղեկավարին, որտեղից նա կարող էր դուրս գալ միայն հակամարտությունն էսկալացիայի տանելով։ Ադրբեջանի մտադրությունների մասին ողջամիտ կասկածների մասին թեզը, հետևաբար, նույնպես անհամոզիչ է։

Գուցե Հայաստանի կոշտ գիծն այնքան անխոհեմ չէր, որքան թվում է փաստից հետո, քանի որ Հայաստանը դաշինքի մեջ էր Ռուսաստանի հետ, և ըստ այդմ կարող էր ակնկալել, որ Ռուսաստանն օգնության կգար, եթե հակամարտությունը պատերազմի վերաճեր։ Սա ևս մեկ անհամոզիչ փաստարկ է։ Ռուսաստանն, անշուշտ, դաշինքի մեջ էր Հայաստանի հետ և շահագրգռված էր թույլ չտալու, որ Ադրբեջանն ամբողջական վերահսկողություն սահմանի Ղարաբաղի վրա։ Միևնույն ժամանակ, սակայն, Ռուսաստանը որևէ շահ չուներ Հայաստանին օգնելու հավերժացնել ստատուս քվոն։ Պետք է նշել նաև, որ Ռուսաստանն իրավական պարտավորություն չուներ Հայաստանին օգնության գալու որևէ այլ դեպքում, բացի բուն Հայաստանի դեմ ագրեսիայից։ Ռուսաստանը որևէ շահ չուներ Ադրբեջանին թշնամացնելու և Կովկասում ևս մի Վրաստան կամ Ուկրաինա ստեղծելու, ինչն անկասկած կլիներ Հայաստանին անվերապահորեն աջակցելու հետևանքը։ Ռուսաստանի ջերմացող հարաբերությունները Թուրքիայի` Ադրբեջանի հիմնական դաշնակցի հետ, նույնպես թուլացնում էին Հայաստանին միակողմանիորեն ու առանց վերապահումների աջակցելու շարժառիթները։

Այս ամենը նույնպես տեսանելի էր փաստից առաջ։ Ռուսաստանը Հայաստանին տեղյակ էր պահել իր աջակցության սահմանների մասին` քաջալերելով Հայաստանի իշխանություններին գնալ զիջումների, այդ թվում` տարածքային զիջումների, բանակցությունները մեռած կետից առաջ շարժելու համար։ Ռուսաստանը խաղաղ կարգավորման ծրագիր էր մշակել, այսպես կոչված` «Լավրովի պլանը», որը ենթադրում էր նման զիջումներ։ Ռուսները Հայաստանին հորդորում էին ընդունել պլանը` կապելով իրենց հեղինակությունն այդ պլանի իրականացման հետ։ Ռուսաստանը նաև սկսել էր չթաքցնել իր դժգոհությունը Հայաստանի վարքագծի նկատմամբ։ Այսպես, Տավուշի դեպքերից հետո արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանին փաստորեն մեղադրեց բանակցային գործընթացը տորպեդահարելու մեջ,[10] ինչը չափազանց անհանգստացնող ահազանգ պիտի լիներ։ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների ջերմացումը նույնպես պիտի ահազանգ լիներ  հայկական կողմի համար, որ նրանք չէին կարող հույսեր կապել Ռուսաստանի անվերապահ աջակցության հետ։ Վերջապես, պետք է նշել, որ որևէ այլ երկրի կողմից հայկական դիրքորոշմանն աջակցելու պատրաստակամության մասին որևէ փաստ նույնպես գոյություն չուներ։[11]

Պատերազմն ու դրա արդյունքը ոչ միայն կանխատեսելի էին, այլև կանխատեսված։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի ավարտից մի քանի օր անց հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ բացահայտեց, որ 2020 թ.-ի հունիսի 12-ին Գլխավոր շտաբը գաղտնի զեկույց էր ներկայացրել քաղաքական ղեկավարությանը` զգուշացնելով լայնածավալ պատերազմի հավանականության մասին։ Զեկույցը նաև զգուշացում էր պարունակում, որ պատերազմի դեպքում Հայաստանի բանակը կարող է գործ ունենալ ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ։[12] Տավուշի դեպքերին հաջորդած աղմկոտ տոնախմբությունը, Լավրովի քննադատությունն անտեսելու որոշումը, ինչպես նաև Սևրի պայմանագրի հարյուրամյակի կապակցությամբ Հայաստանի ղեկավարների անխոհեմ հայտարարությունները, թե այդ պայմանագիրը, որը նախատեսում էր Արևելյան Անատոլիայի մի զգալի հատվածի վրա Հայաստանի սուվերենության հաստատում, պահպանում է իր ակտուալությունը, տեղի ունեցան այդ զգուշացումից հետո։

Օնիկ Գասպարյանի հայտարարությունը մի չափազանց հետաքրքիր տեղեկություն ևս բացահայտեց։ Ռազմական գործողությունների սկսվելուց 3 օր անց Գլխավոր շտաբը ցածր էր գնահատել ադրբեջանական հարձակումը կասեցնելու հնարավորությունները և հորդորել քաղաքական իշխանություններին դիվանագիտական լուծում փնտրել։ Այդ գնահատականը նույնպես որևէ ազդեցություն չունեցավ Փաշինյանի վարած քաղաքականության վրա։[13] Ավելի ուշ` հոկտեմբերի 19-ին, նա մերժեց նաև Ռուսաստանի միջնորդությամբ բանակցված զինադադարի առաջարկը, երբ միայն կույրը կարող էր չտեսնել, որ պատերազմը տանուլ է տրված։[14] Փաշինյանը զինադադար խնդրեց միայն այն բանից հետո, երբ հայկական զինված ուժերն ամբողջությամբ կորցրին դիմադրությունը շարունակելու կարողությունը։

Ի՞նչն էր հայկական կողմի նման անխոհեմ վարքագծի պատճառը։ Ինչո՞ւ 1994 թ.-ի զինադադարով ստեղծված ստատուս քվոն պահպանելու անհնարինությունն ապացուցող առատ փաստերը, իսկ այնուհետև ռազմաճակատում ստեղծված անհուսալի իրավիճակն անհրաժեշտ ազդեցությունը չունեցան Հայաստանի կառավարության որոշումների վրա։ Սույն հոդվածում ես պատասխանում եմ այդ հարցին` հենվելով երկու փոխկապակցված տեսական փաստարկների վրա։ Առաջինի ուշադրության առարկան Հայաստանում առկա մտավորական ու քաղաքական էկոլոգիան էր, որտեղ գերիշխող էին մի շարք ստրատեգիական առասպելներ, որոնք նորմալացրել էին անխոհեմությունն ու նորմայից դուրս դրել շրջահայացությունը։ Երկրորդ տեսական փաստարկի ուշադրության կենտրոնում հեղափոխություններին բնորոշ քաղաքական իրողություններն են։ Մասնավորապես, ըստ այդ փաստարկի` հեղափոխությունները բացասական սելեկցիայի մեխանիզմներ են, որոնք առաջ են մղում ամենակոնֆլիկտային, արկածախնդրության հակված, մոլեռանդ մարդկային տեսակին, որոնք նաև հաճախ բավարար կրթական մակարդակ ու կառավարման համար անհրաժեշտ փորձ չունեն։ Հեղափոխությունների քաղաքականությունը մի լրացուցիչ վտանգ ևս ունի. երբ հեղափոխական փորձը հաջողությամբ է պսակվում, դրա արդյունքում ձևավորված կառավարությունը հաճախ ավելի քիչ հակակշիռներ է ունենում, քան նույնիսկ որոշ ավտորիտար ռեժիմներ։

Նախքան հոդվածի հիմնական նյութի քննարկմանը ձեռնամուխ լինելը անհրաժեշտ է մի մեթոդաբանական պարզաբանում անել։ Հոդվածը հիմնված է մեկ, առանձին վերցրած դեպքի ուսումնասիրության վրա, ինչը նշանակում է, որ քննության առարկա փոփոխականի արժեքը չի փոխվում, և ինչն անհնար է դարձնում համեմատական վերլուծությունը։ Հետևաբար, այն չի կարող համարվել տեսության տեստ` որպես այդպիսին։ Սակայն, ինչպես Ռոնալդ Ռոգովսկին է փաստարկել, տեսությունների համակարգված տեստերը գիտելիքներ վերհանելու երեք կարևոր ուղիներից մեկն են ընդամենը, նոր տեսական մոդելների գեներացումը և մոդելների տրամաբանական ու էմպիրիկ հետևանքների վերհանումը լինելով մյուս երկուսը։ Առանձին վերցրած մեկ դեպքի ուսումնասիրությունը հաճախ արգասաբեր աղբյուր է նոր տեսությունների ու հիպոթեզների համար, հատկապես եթե այն մեծապես շեղվում է գերիշխող տեսություններից բխող ակնկալիքներից։[15] Ինչպես Հարրի Էկստայնն է պնդում, առանձին վերցրած դեպքերի ուսումնասիրության արժեքն ավելին է, քան պարզապես մեկ տվյալի արժեքը, երբ այդ դեպքը փոքր հավանականություն ունի ինչ-որ տեսության հետ համահունչ լինելու և մեծ հավանականություն` մրցակից տեսության հետ համահունչ լինելու համար, բայց համահունչ է առաջին տեսության համար և անոմալիա` երկրորդի։[16] Հայկական կողմի որոշումների կայացման գործընթացը կարևոր ուսումնասիրության առարկա է ճիշտ այս պատճառով։ Մասնավորապես, սա այն դեպքն էր, երբ շատ քիչ կոծկված ինֆորմացիա կար հակառակորդի կարողությունների ու մտադրությունների լրջության, ինչպես նաև երրորդ կողմերի դիրքորոշումների մասին, ինչը սակայն համապատասխան ազդեցություն չունեցավ այդ որոշումների վրա։ Այդ որոշումները նաև կայացվում էին մի իշխանության կողմից, որը վայելում էր հանրության անվերապահ աջակցությունը, ինչը բացառում է նաև հանրության ուշադրությունը շեղելու շարժառիթների գոյությունը, որն աղետալի արդյունքների հանգեցրած արտաքին քաղաքական որոշումները բացատրող մեկ այլ մեծ ժողովրդականություն վայելող տեսության հիմքն է։

Խնդրո առարկային առնչվող մի երրորդ տեսություն, որը նույնպես այս դեպքը բացատրելու դժվարություն ունի, Սթիվեն Ուոլթի տեսությունն է հեղափոխությունների ու պատերազմների կապի մասին։ Ըստ Ուոլթի` հեղափոխությունները մեծացնում են պատերազմի հավանականությունը հետևյալ երեք պատճառական մեխանիզմներից մեկով. 1) հեղափոխությունները ժամանակավորապես թուլացնում են հեղափոխության միջով անցած երկիրը, ինչն այդ թուլությունից օգտվելու գայթակղություն է ստեղծում հակառակորդների մոտ; 2) հեղափոխությունները կոնֆլիկտներ են ստեղծում դաշնակից երկրների հետ, որոնք աջակցում էին նախորդ ռեժիմին; 3) հեղափոխությունները մտավախություններ են ստեղծում, որ դրանց ոգեշնչած գաղափարները կարող են արտահանվել։[17] Ուոլթը միևնույն ժամանակ մերժում է, այսպես կոչված` «հեղափոխական կերպարի» մեխանիզմի կարևորությունը։[18] Ինչպես ցույց է տրվում այս հոդվածում, սակայն, հենց «հեղափոխական կերպարի» մեխանիզմի տրամաբանությունն է, ոչ մյուսներինը, որ բացատրում է Հայաստանի կառավարության վարքագիծը։

Հոդվածի մնացած մասը կազմակերպված է հետևյալ կերպ։ Երկրորդ մասում քննարկվում է Հայաստանում գերիշխող ստրատեգիական առասպելների (հակա)տրամաբանությունը և այդ առասպելների ծագումնաբանությունը։ Երրորդ մասը նվիրված է «հեղափոխական կերպարի» մասին փաստարկի քննությանը, և թե դա ինչպես դրսևորվեց Հայաստանի պարագայում։ Չորրորդ մասում քննարկվում են որոշ հակափաստարկներ։ Հինգերորդ մասը հակիրճ անդրադարձ է Հայաստանի կառավարության հետպատերազմական վարքագծին, որը, ինչպես կտեսնենք, կապված է հոդվածի հիմնական փաստարկի հետ։ Վերջին` վեցերորդ մասը ամփոփում է ուսումնասիրության հիմնական արդյունքները։

Շարունակելի


[1] Joshua Kucera, “Pashinyan Calls for Unification between Armenia and Karabakh,” Eurasianet, August 6, 2019. https://eurasianet.org/pashinyan-calls-for-unification-between-armenia-and-karabakh.

[2] Տե՛ս Asbarez, April 1, 2020. https://news.am/arm/news/623131.html?fbclid=IwAR1TJKtvWbZAozI9KLvFyAjz

luqSK5j3TwalaVU0rMenATaN_zUkuSHnu_Q#.X_23eVdX0Fs.facebook։

[3] Քրիստինե Խանումյան, «Ինչպես Փաշինյանը ուղիղ եթերում փաստացի հրաժարվեց բանակցություններից», Իլուր, 18 օգոստոսի, 2022, https://www.ilur.am/ինչպես-փաշինյանը-ուղիղ-եթերում-փաստա/; Թաթուլ Հակոբյան, Մահվան Հովիտ. 44-օրյա Աղետ (Երևան, Լուսակն, 2021), էջ 38-40։

* Մասնավոր ինֆորմացիա (private information) համարվում է այն ինֆորմացիան, որը սակարկության կոնտեքստում առավելություն է տալիս կողմերից մեկին, որը տեսանելի չէ մյուս կողմին, և որը միաժամանակ հնարավոր չէ բացահայտել առանց այդ առավելությունը չեզոքացնելու (թարգմ.)։

[4] Թե ինչպես են ինֆորմացիոն ասիմետրիաները խանգարում հակամարտությունները խաղաղ բանակցություններով կարգավորելու ջանքերին, նկարագրված է հետևյալ հոդվածում. James D. Fearon,

“Rationalist explanations for war,” International Organization, 49, no. 3 (Summer 1995): pp. 379–414։

[5] Տե՛ս John Antal, 7 Seconds to Die: A Military Analysis of the Second Nagorno-Karabakh War and the Future

of Warfighting (Philadelphia, PA: Casemate Publishers 2022), ch 1։

[6] Ibid., p. 14։

[7] Տե՛ս https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2021/04/14/Nikol-Pashinyan-Speech։

[8] Ինֆորմացիայի աղբյուրն Արթուր Վանեցյանն է` Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավարը 2018-2019 թթ.-ին։

[9] Մտադրությունների լրջության վերաբերյալ կասկածների պատճառների ու հետևանքների մասին տե՛ս Fearon, “Rationalist explanations for war”։

[10] Հարցազրույց Սերգեյ Լավրովի հետ, Труд, 20 августа, 2020. https://www.trud.ru/article/20-08-2020/1393051_sergej_lavrov_pandemija_uskorila_myslitelnye_protsessy_v_evrosojuze.html։

[11] Թե որքան հեշտ էր ուժերի հարաբերակցությունն ու դիվանագիտական միջավայրը գնահատելը, քննության է ենթարկված նաև հետևյալ հոդվածում. Michael R. Reynolds, “Confidence and Catastrophe: Armenia and the Second Nagorno-Karabakh War,” War on the Rocks, January 11, 2021. https://warontherocks.com/2021/01/confidence-and-catastrophe-armenia-and-the-second-nagorno-karabakh-war/?fbclid=IwAR3XjJovllfoSMWe8p51EwJ9-JbIyzOKQ83dPnyZDeTqXfcu8LghyYMXDwk։

[12]«Օնիկ Գասպարյանը մանրամասներ է հայտնել պատերազմի ընթացքի մասին,” Գալա, 17 նոյեմբերի, 2020։ https://galatv.am/hy/2903900/?fbclid=IwAR21VI4XJrRv4yBi7ZcyCEWvvVnhNc_RlT3EkdxA5k8M7ZTJiSM4J_UXvs. Տե՛ս նաև «Օնիկ Գասպարյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանին», Radar Armenia, 28 հունիսի, 2023։ https://radar.am/hy/news/politics2575921047/?fbclid=IwAR2J9h9ngs4RmQaMlpyCMpqByqvIRXCk1yE0psWXFuH5kw1nddU_X0oUz9s։

[13] Պատերազմը շարունակելու անհեռանկարայնության վերաբերյալ զգուշացումների համար տե՛ս Միքայել Համբարձումյանի հարցազրույցը, որը պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ԱԱԾ-ի պետի պաշտոնը։

[14] Տե՛ս Ani Mejlumyan, “Putin Says Armenia Could Have Stopped the War and Kept Shusha,” Eurasianet,

November 18, 2020. https://eurasianet.org/putin-says-armenia-could-have-stopped-the-war-and-kept-shusha.

Մեկ այլ հարցազրույցում Միքայել Համբարձումյանը պնդում է, որ Փաշինյանը սեփական անվտանգության թիմին տեղյակ չէր պահել Պուտինի առաջարկի մասին։ Տե՛ս https://www.youtube.com/watch?v=sg_JAnpQGtM&ab_channel=5TVChannel։

[15] Ronald Rogowski, “The Role of Theory and Anomaly in Social-Scientific Inference,” The American Political Science Review, 89, no. 2 (June 1995): pp. 467–470.

[16] Harry Eckstein, “Case Study and Theory in Political Science,” in Fred I. Greenstein and Nelson W. Polsby, eds., Handbook of Political Science, vol. 7 (Reading, MA: Addison-Wesley, 1975).

[17] Stephen M. Walt, Revolution and War (Ithaca, NY: Cornell University Press, 1996), pp. 5, 32–43.

[18] Ibid., pp. 10-12.

Նախորդ հոդվածըԼայն բացված ծակերով. «ՉԻ»