Արման Գրիգորյան. Հեղափոխական կառավարություններ, անխոհեմություն և պատերազմներ. Երկրորդ ղարաբաղյան պատերազմի դեպքը

271

Հոդվածի բնօրինակը լույս է տեսել ամերիկյան Security Studies (Vol. 33, No. 3 /Summer 2024/, pp. 372-406) գիտական պարբերականում:

Մաս I

Կոշտ գծի հիմքում ընկած առասպելներն ու նրանց հաղթարշավը Հայաստանում

Ղարաբաղյան երկրորդ պատերազմին նախորդող երկու տասնամյակի ընթացքում Հայաստանը հայտնվել էր ստրատեգիական առասպելների մի ամբողջ փնջի ճիրաններում։ Այդ առասպելների հետևանքով հաջողվեց նորմալացնել կոշտ գծի վրա հիմնված դիվանագիտությունն ու փոխզիջումների մասին որևէ տեսակետ հավասարազոր դարձնել դավաճանության։ Այդ առասպելների վաճառականները, կարելի է ասել` մենաշնորհ հաստատեցին հանրային խոսույթի վրա և արմատավորեցին դրանք, միաժամանակ բնում խեղդելով որևէ լուրջ խոսակցություն ու բանավեճ։ Ի՞նչ էին իրենցից ներկայացնում դրանք, և ինչու՞ էին այդ առասպելները պետք դրանց վաճառականներին։

Առասպելները

Առասպելների շարքում առաջինը հիշեցնում է ստրատեգիական առասպելների մասին Ջեք Սնայդերի հիմնարար աշխատության մեջ նշված կումուլյատիվ ձեռքբերումների ու կորուստների մասին առասպելը։ Այդ առասպելի պաշտպանները պնդում են, որ անկախ հանգամանքներից «նվաճողական քաղաքականությունը միշտ ավելացնում է երկրի ուժը, քանի որ դրա շնորհիվ երկիրը տիրանում է նոր ռեսուրսների` թե՛ մարդկային, թե՛ նյութական, ինչը հեշտացնում է մրցակցությունը մյուս մեծ տերությունների հետ»։ Այդ տրամաբանությունը հակառակ երես նույնպես ունի. «կորուստները կայսրության ծայրամասերում կարող են հեշտությամբ հանգեցնել կայսրության կործանմանը մի քանի տարբեր մեխանիզմներով. տնտեսական ու ռազմական կարողությունների գումարային նվազում; կայսրության պաշտպանության դժվարացում ֆորպոստների կորստյան պատճառով կամ կայսրության դաշնակիցների փախուստ»։[1]

Հայաստանում այս տրամաբանությունից սերող առասպելի կողմնակիցները պնդում էին, որ որևէ խաղաղ կարգավորում Ադրբեջանի հետ, որը ենթադրում է 1994 թ.-ից հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող ինչ-որ տարածքների վերադարձ, չի կարող կայուն լինել, քանի որ Ադրբեջանը զիջումները կշահագործեր` արդեն ուժեղացած դիրքերից մեծացնելով ճնշումը հայկական կողմի վրա։ Պատերազմի վտանգը կասեցնելու փոխարեն զիջումները պարզապես գրգռելու էին Ադրբեջանի ախորժակը ավելի խոցելի դարձած Հայաստանի ու Ղարաբաղի դեմ։[2]

Ինչո՞ւ է սա առասպել։ Ի վերջո, փաստարկը, որի վրա կառուցված է այս առասպելը, նույն փաստարկն է, որի վրա խարսխված է «արժանահավատ հանձնառության խնդրի» տրամաբանությունը։ Ինչպես իր մի քանի աշխատություններում փաստարկում է Ջեյմս Ֆիրոնը, բանակցային լուծումները, որոնք կարող են փոխել ուժերի հարաբերակցությունն ու ըստ այդմ պայմանավորել ապագա բանակցությունների արդյունքները, դժվար են տրվում, որովհետև նման լուծումների արդյունքում ուժեղացող կողմը շարժառիթներ ունի լուծումից հետո պայմանավորվածությունները խախտելու։[3] Այդ տրամաբանությունն ընդհանուր առմամբ համահունչ է նաև ռեալիստական ուսմունքի ստանդարտ տրամաբանությանը, ըստ որի`անարխիայի պայմաններում գործող միջազգային հարաբերություններում, որտեղ պետությունները նաև անորոշության մեջ են միմյանց մտադրությունների առումով, որևէ բան, որ կարող է նվազեցնել մի պետության կարողությունները մյուսի հանդեպ, առաջին պետության համար վտանգավոր է։[4] Այս տրամաբանության մեխանիկական կիրառման խնդիրն այն է, սակայն, որ սա անլուծելի խնդիր չէ։ Հաճախ երրորդ կողմերը կարող են արժանահավատ երաշխիքներ տրամադրել, երբ այս կամ այն հակամարտության ելքը նրանց շահերին է առնչվում։[5] Ընդհանրապես, համաձայն ուժերի հարաբերության ռեալիստական տեսության`ստատուս քվոն խախտելու փորձերը խթանիչ են դառնում հակակշռող կոալիցիաների ձևավորման համար։[6] Երաշխիքներ ու ապահովագրող գործոններ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի դեպքում կային։ Դրանցից ամենակարևորը Ռուսաստանի շահագրգռությունն էր թույլ չտալ Հայաստանի կամ Ղարաբաղի նվաճումն Ադրբեջանի կողմից, եթե նույնիսկ Ռուսաստանը միևնույն ժամանակ շահագրգռված էր, որ Հայաստանը որոշ զիջումներ անի հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Պատերազմից առաջ որևէ մեկը սրա վերաբերյալ կասկածներ չուներ։ Դրա օգտին է խոսում նաև այն, թե ինչպիսի ավարտ ունեցավ պատերազմը։ Ընդդիմախոսները կարող են պնդել, իհարկե, որ պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վրա ամբողջական վերահսկողության հաստատումը և հայկական բնակչության փախուստն այնտեղից 2023 թ.-ին ապացույցն են այն բանի, որ այդ մտավախություններն արդարացված էին։ Իսկապես, ռուս խաղաղապահները չկանխեցին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումն ու տարածքի վրա ամբողջական վերահսկողության հաստատումը, իսկ հետո Ռուսաստանը չաջակցեց Հայաստանին 2022 թ.-ին արդեն վերջինիս սուվերեն տարածքներ Ադրբեջանի ներխուժումներից հետո։ Այս փաստարկը երկու խնդիր ունի։ Առաջին, Ռուսաստանը ստիպված էր կենտրոնանալու Ուկրաինայի վրա 2022 թ-ին, ինչն ավելի համարձակ գործողությունները Կովկասում խիստ անցանկալի դարձրեց։ Ռուսաստանի համար հատկապես արժեքավոր էր Թուրքիայի դրական չեզոքությունը, ինչը կարող էր վտանգվել նման գործողությունների պարագայում։ Հարկ է նշել, սակայն, որ սա էկզոգեն զարգացում էր, այսինքն`մի բան, որը դուրս էր որևէ խաղաղ կարգավորման անկայուն լինելու փաստարկի ներքին տրամաբանությունից, հետևաբար, դրա կողմնակիցներն այն չէին կարող ներառած լինել իրենց հաշվարկներում։ Երկրորդ, և որ ավելի կարևոր է, Հայաստանի կառավարության վարքագիծը, մասնավորապես` այլընտրանքային միջնորդներ փնտրելու և նույնիսկ երկրի ռազմավարական կողմնորոշումը փոխելու փորձերը, նպաստեցին Ռուսաստանի իներտ կեցվածքին։ Ավելի ուշ հոդվածում այս պնդումը հիմնավորող լրացուցիչ մանրամասներ կտրամադրվեն։

Երկրորդ մեծ ժողովրդականություն վայելող առասպելը, որը նույնպես իր կրկնօրինակն ունի Սնայդերի ստրատեգիական առասպելների ցուցակում, Ադրբեջանի` «թղթե վագր» լինելու մասին առասպելն էր։ «Հիմնական հակառակորդն անդրդվելի թշնամի է ու շատ մեծ սպառնալիք», գրում է Սնայդերը, «բայց միաժամանակ, թույլ է, իներտ ու ագրեսիվ հակաքայլերին դիմակայելու կամքից զուրկ»։[7] Նախորդող քննարկումն արդեն փաստեր էր վերհանել ադրբեջացնիներին որպես անդրդվելի թշնամի ներկայացնելու մասին, թշնամու, որը պատրաստ էր հնարավորության դեպքում շահագործել Հայաստանի ու Ղարաբաղի որևէ խոցելիություն։ Ադրբեջանի` որպես անդրդվելի հակառակորդ կերպարը խոր արմատներ ուներ հայկական ազգայնական պատումի մեջ, որտեղ հայերը չեն տարբերակում ադրբեջանցիներին թուրքերից, և որտեղ այդ երկուսը պարզ հակառակորդներ չեն, այլ հակառակորդներ` լցված հայերին բնաջնջելու վճռականությամբ։ Կոշտ գծի որոշ կողմնակիցներ նույնիսկ չէին դիտարկում Ղարաբաղյան հակամարտությունը որպես հակամարտություն զուտ Ղարաբաղի վերահսկողության համար։ Նրանք պնդում էին, որ դա ընդամենը դարավոր պայքարի մի դրվագ էր թուրքերի հետ, որոնց վերջնական նպատակը պանթուրքական կայսրության ստեղծումն էր, ինչը ենթադրաբար անհամատեղելի էր Կովկասում հայերի շարունակական գոյության հետ։[8]

Միևնույն ժամանակ, կոշտ գծի կողմնակիցները մեղմում էին տատանվողների վախերը` պնդելով, որ անհանգստանալու պատճառ չկա, քանի որ Ադրբեջանը թաղված է կոռուպցիայի մեջ, և քանի որ ադրբեջանցիները չունեին ո’չ կռվելու հմտություն, ո՛չ էլ դրա համար անհրաժեստ ոգի։ Կոշտ գծի հանրահայտ ջատագով Լևոն Շիրինյանը հետևյալն էր գրում 2017 թ.-ին. «Ադրբեջանցիներին հատուկ է թուրքական բնավորության մի ընդհանուր գիծ. նրանք վախկոտ ու թուլակամ են, երբ բախվում են ուժի և գիշատիչ` երբ հակառակորդի մոտ վախի նշաններ են տեսնում»։[9] Առաջին Ղարաբաղյան պատերազմի վետերան և այդ պատերազմի վետերանների` Երկրապահ անունը կրող կազմակերպության անդամ Ռազմիկ Պետրոսյանը կիսում էր այդ տեսակետը. «Ինչքան էլ թուրքերը իրենց թեւերի տակ ձմերուկ դնեն, մեկ է՝ ադրբեջանցիք կռվել չգիտեն: Իրենք ոհմակային կռիվ են տալիս, շատ եղան՝ գնում են, առաջին 2 զոհը տվեցին, խուճապ է սկսվում:»։[10] Հայտնի լրագրող Թաթուլ Հակոբյանը Հայաստանում տարածված առասպելները նշանառության տակ առած իր մի հոդվածում գրում է. «Առասպել #8. ադրբեջանցիները կռվել չգիտեն։ Նրանք վախկոտ են և հիմար»։[11] Այս առասպելը, հայկական զինված ուժերի անպարտելիության առասպելի հետ միասին, միտումնավոր կերպով արմատավորվում էր հակադարձելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև նյութական ու մարդկային ռեսուրսների, ինչպես նաև տեխնոլոգիական կարողությունների ահագնացող ճեղքի մասին զգուշացումներին։ Եթե ադրբեջանցիների այդ նկարագիրը համապատասխանում էր իրականությանը, Ադրբեջանի առավելությունները որևէ հետևանք չէին կարող ունենալ, հետևաբար, խաղաղ լուծման չգնալը չէր կարող լինել այնքան վտանգավոր, որքան կարծում էին նման լուծման կողմնակիցները։ Ադրբեջանն, այլ կերպ ասած, «թղթե վագր» էր։

Կոշտ գիծն արդարացնող հաջորդ առասպելը բաղկացած էր Ադրբեջանի հետ հակամարտության առարկա հանդիսացող սուբյեկտի նկատմամբ պատմական իրավունքի ու պատմական արդարության մասին պնդումներից, ինչը զուգակցվում էր նաև այն պնդմամբ, որ հակամարտության առական անբաժանելի էր։ Սա իր հերթին նշանակում էր, որ հակամարտությունը հնարավոր չէր լուծել բանակցությունների ու փոխզիջումների միջոցով։ «Արցախը մեզ համար պարզապես տարածք չէ»,- գրում էր Հրագ-Խաչիկ Դեմերջյանը Հայ հեղափոխական դաշնակցության խոսափող հանդիսացող պարբերականներից մեկում,- «այն սրբազան հայրենիք է»։[12] Իսկ հայրենիքներն ու նման այլ սրբազան տարածքները, բնականաբար չեն կարող սակարկության ու փոխզիջումների առարկա լինել։[13] Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը մի առիթով կրկնեց այդ միտքը, ինչն ապացուցում է դրա տարածված կլիշե լինելու փաստը։[14] Նման հայտարարություններով հանդես էին գալիս ոչ միայն լրագրողներն ու շախմատիստները։ 2013 թ.-ին ԵԱՀԿ մի ֆորումի ժամանակ ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը, որն այն ժամանակ Հայաստանի նախագահն էր, հայտարարեց` ցիտելով մի հայ դերասանի. «Ղարաբաղը տարածքի կտոր է ձեզ համար, իսկ մեզ համար` սրբազան հայրենիք»։[1] Ղարաբաղի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, նույնանման տեսակետ հայտնեց. «Անկախ նրանից, թե որքան վատ են ապրում մարդիկ, կան սրբություններ, կան դիրքորոշումներ, որոնք ենթակա չեն զիջման անկախ հանգամանքներից»։[2] Սրբությունների ու անբանակցելի բաների տիրույթն աստիճանաբար ընդլայնվեց, ներառելով նաև Ղարաբաղից դուրս հայկական վերահսկողության տակ գտնվող գրավյալ շրջանները։ Իրականում, նույնիսկ «գրավյալ» եզրույթի գործածությունը կարող էր դատապարտող հայտարարությունների ու հարձակումների պատճառ դառնալ։ Այդ բոլոր շրջաններին տվել էին հայկական անուններ, և բոլորը պարտավոր էին այդ շրջանների մասին խոսել որպես «ազատագրված» շրջանների։ Բանն այնտեղ հասավ, որ կոշտ գծի մի հանրահայտ կողմնակիցների մի խումբ հայտարարություն տարածեց 2016 թ.-ին` պահանջելով քրեականացնել տարածքային զիջումների մասին որևէ խոսակցություն։[17]

Կոշտ գծի խոսույթի վերջին և, թերևս, իր հետևանքներով ամենակարևոր հենասյունը մատերիալիզմի ու իրատեսության բացահայտ, ագրեսիվ և համապարփակ մերժումն էր։ Ինչպես արմատականներն ու կոշտ գծի կողմնակիցներն այլուր, նրանց հայկական տարատեսակը հրաժարվեց թույլ տալ, որ նյութական իրականությունն ու դրա պարտադրած սահմանափակումերը որևէ կերպ խաթարեն իրենց վերլուծությունների ու քաղաքական խորհրդատվությունների անդորրը` սեփական փաստարկների համար հենարան դարձնելով բացառապես իղձերը, արդարության նեղ ու սուբյեկտիվ պատկերացումները, ինչպես նաև ազգայնական միստիցիզմը։ Սա հատկապես պերճախոս կերպով դրսևորվեց 1997 թ.-ին, երբ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախնական հավանություն տվեց Ղարաբաղյան հակամարտության լուծման Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ներկայացրած պլանին։ Պլանը նախատեսում էր Ղարաբաղից դուրս հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող յոթ շրջաններից հինգի վերադարձ Ղարաբաղի, ինչպես նաև Ղարաբաղը Հայաստանին միացնող տարածքի վրա հայկական կողմի de facto վերահսկողության դիմաց, ինչպես նաև հարաբերությունների լիակատար նորմալացում երաշխավորված ԱՄՆ-ի ու Ռուսաստանի կողմից։ Պլանը նախատեսում էր հանձնառություն բանակցելու Ղարաբաղի de jure կարգավիճակը, որը չէր սահմանափակի որևէ իրավունք, որ ղարաբաղցիներն արդեն վայելում էին համաձայնությունը կնքելու պահին։[18] Տեր-Պետրոսյանը համաձայն էր, որ Ղարաբաղի de jure կարգավիճակի առկախումը կարգավորման առաջին փուլում անցանկալի էր։ Նա պնդում էր, սակայն, որ Հայաստանն այնուամենայնիվ պետք է ընդունի պլանը, քանի որ ուժերի հարաբերակցությունն ու դիվանագիտական միջավայրը փոխվում էին ի վնաս հայերի, ինչը նշանակում էր, որ ապագայի որևէ լուծում այդ պահին սեղանի վրա դրված լուծումից լավը չէր լինելու։ Տեր-Պետրոսյանը հիմնավորեց իր տեսակետը թվերով ու մանրամասն վերլուծությամբ։[19]

Պլանին տված Տեր-Պետրոսյանի հավանությունը կոշտ գծի կողմնակիցների մոբիլիզիացիայի խթան դարձավ, որի մասնակիցներն էին նաև նրա կառավարության որոշ կարևոր անդամներ։ Տեր-Պետրոսյանի փաստարկները մերժվեցին ու դատապարտվեցին նրանց կողմից։ Նրանց արձագանքի մեջ, սակայն, աչքի էր զարնում տրամաբանության ու փաստերի մեջ խարսխված փաստակների բացակայությունը։ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, որը դեմ էր ելել Տեր-Պետրոսյանին ԵԱՀԿ-ի պլանին վերջինիս տված հավանության պատճառով, խոսում էր «վճռական մենակի» ու հաղթանակած ժողովրդի ոգին զիջումներով կոտրելու մասին։[20] Կառավարությունից դուրս գտնվող արմատականներն ավելի պակաս ներողամիտ էին ու ավելի պակաս հակված առարկայական բանավեճի։ Նրանք մեղադրում էին Տեր-Պետրոսյանին պարտվողականության, դավաճանական շարժառիթներ ունենալու և երևակայությունից զուրկ լինելու մեջ։[21] Կոշտ գծի կողմակիցները հաղթող դուրս եկան այս պայքարում չնայած դրան, և Տեր-Պետրոսյանն ստիպված էր հրաժարական տալ։ Այս իրադարձությանը հաջորդած երկու տասնամյակի ընթացքում կոշտ գծի կողմնակիցներին հաջողվեց արմատավորել մի պատում, ըստ որի`Տեր-Պետրոսյանը ծախում էր Ղարաբաղը, առաջին պատերազմը հաղթանակով էր պսակվել չնայած և ոչ թե շնորհիվ նրա վարած քաղաքականության, և որ նրա գործողությունները դրդված էին դավաճանական շարժառիթներով։ Այս պատումը սահմանափակված չէր միայն Ղարաբաղով։ Տեր-Պետրոսյանին ու նրա համախոհներին անարգանքի սյունին էին գամում նաև ավանդական հայկական ազգայնականության ու դրա հիմքում ընկած Հայ դատի նրանց քննադատության համար։ 1990-ականների սկզբին Տեր-Պետրոսյանն ու նրա ղեկավարած Հայոց համազգային շարժումը մերժեցին Հայ դատը որպես անիրատեսական ու վտանգավոր, միաժամանակ պնդելով, որ Հայաստանը պետք է նորմալացնի հարաբերությունները Թուրքիայի հետ։ Կոշտ գծի կողմնակիցները սա համարում էին հարձակում ոչ միայն իրենց դավանած գաղափարների, այլ նույնիսկ հայկական ինքնության դեմ, չնայած այն բանին, որ Հայ Դատն ակնհայտ ցնորք էր։

Պատկերն ամբողջական դարձնելու համար հատուկ ուշադրություն պետք է հրավիրել մեկ այլ գործընթացի վրա։ Տեր-Պետրոսյանի հրաժարականին հաջորդած երկու տասնամյակի ընթացքում, ինչը նշանավորվեց երկրում կոշտ գծի կողմնակիցների գերիշխանությամբ, Գարեգին Նժդեհը, որը որպես պատմական կերպար մինչ այդ ժամանակաշրջանը քչերին էր հայտնի, դարձավ հայոց պատմության ամենակարևոր կերպարներից մեկը։ Նա բարձրաստիճան սպա էր հայկական զինված ուժերում առաջին հանրապետության տարիներին` 1918-1920 թթ., որին հաջողվել էր պաշտպանել Սյունիքը ադրբեջանական ոտնձգություններից։ Կարելի է վստահ լինել, սակայն, որ նրա նորահայտ ժողովրդականությունը նրա ռազմական ծառայությունների գնահատանքը չէր, քանի որ կային նաև նրա ժամանակակիցներ, որոնք համեմատելի ծառայություններ ունեին մատուցած, բայց որոնք նման վերաբերմունքի չարժանացան։ Դա ավելի շուտ վերաբերմունք էր նրա փիլիսոփայական աշխարհայացքի նկատմամբ, որը երկու հիմնական ակունք ուներ. 1) արմատական, օրգանական ազգայնականություն համեմված միստիցիզմով ու պաթոսով, ինչին նա ցեղակրոն անունն էր տվել; 2) իղձերի, իղձերին հասնելու անկոտրում կամքի, նյութական խոչընդոտները հաղթահարելու կարողության նկատմամբ ունեցած հավատի ֆետիշացում, ինչն ընդհանրապես հատուկ է բոլոր արմատական գաղափարախոսություններին։[22] Իշխող Հանրապետական կուսակցությունը որդեգրեց ցեղակրոնը որպես սեփական գաղափարախոսություն։ Նժդեհը հայտնվեց դպրոցական ծրագրերում։ Գրախանութներում ամբողջական  շարքեր կային Նժդեհի գրքերից ու նրա մասին գրված գրքերից բաղկացած։ Նրա մասին ֆիլմ նկարեցին։ Նրա արձանը կանգնեցրին Երևանի կենտրոնում։ Նժդեհի երկրպագուները Երևանը պատեցին նրա ցիտատները կրող պաստառներով։ Դրանցից մեկը հատկապես մեծ ժողովրդականություն էր վայելում. «Հաղթանակը տրվում է նրան, ով այն իր հոգում կրում է մինչ վաղը»։ Հոգ չէ, որ հակառակորդի ռազմական բյուջեն հինգ անգամ գերազանցում էր քո բյուջեին, ու որ դիրքորոշումդ որևէ դիվանագիտական աջակցություն չուներ։ Նժդեհը դարձավ հրեշտակ-պահապանն այն մարդկանց, որոնք մտածելու փոխարեն սիրում են երազել, և որոնք անհրաժեշտություն էին զգում կցվելու ինչ որ հեղինակության, որն իրենց գաղափարներին հարգելիության շղարշ կարող էր հաղորդել։ Նրա պաշտամունքը սնվում էր նույն գաղափարախոսական աղբյուրից, որտեղից սնվում էր ատելությունն այն մարդկանց նկատմամբ, որոնք պնդում էին, որ հնարավոր չի անպատիժ կերպով արհամարհել նյութական իրականությունը։

Շարունակելի


[1] Jack Snyder, Myths of Empire: Domestic Politics and International Ambition (Ithaca, NY: Cornell University

Press, 1991), p. 3.

[2] Այս փաստարկի օրինակների համար տե՛ս Արա Պապյան, «5 շրջանները հանձնելուց հետո անհնար է պահել Ղարաբաղը» https://www.youtube.com/watch?v=YkdAFzb0vQU; Նորատ Տեր-Գրիգորյանց, «Այդ ի՞նչ պոռնկական հարցադրում է` զիջե՞լ հող, թե՞ չզիջել. զիջելու բան չկա», Առաջին լրատվական, 26 դեկտեմբերի, 2016. https://www.1in.am/2066383.html; Սամվել Բաբայան, «Ես ադրբեջանական կողմի փոխզիջումը չեմ տեսնում», Սիվիլնեթ, 18 օգոստոսի, 2016. https://www.civilnet.am/news/168954/ես-ադրբեջանական-կողմի-փոխզիջումը-չեմ-տեսնում%E2%80%A4-սամվել-բաբայան/։ «Զիջումները միայն գրգռելու են Ադրբեջանի ախորժակը» արտահայտությունը 26500 հղում է բերում գուգլի վրա։

[3] James D. Fearon, “Commitment Problems and the Spread of Ethnic Conflict,” in David A. Lake and

Donald Rothchild, eds., The International Spread of Ethnic Conflict (Princeton, NJ: Princeton University

Press, 1998), 107–126; James D. Fearon, “Bargaining over Objects that Influence Future Bargaining Power,”

Typescript, the University of Chicago, 1996.

[4] John J. Mearsheimer, The Tragedy of Great Power Politics, Updated edition (New York, NY: W. W. Norton,

2014), 30–36.

[5] Barbara F. Walter, Committing to Peace: The Successful Settlement of Civil Wars (Princeton, NJ: Princeton

University Press, 2002).

[6] Kenneth N. Waltz, Theory of International Politics (Reading, MA: Addison-Wesley, 1979), ch. 6.

[7] Snyder, Myths of Empire, p. 5.

[8] Որպես այս փաստարկի կարկառուն օրինակ տե՛ս Zory Balayan, “The Threat of Pan-Turanism,” in Gerard J.Libaridian, ed., Armenia at the Crossroads: Democracy and Nationhood in the Post-Soviet Era (Watertown,MA: Blue Crane Books, 1991)։

[9] «Հարվածեք նրանց ու կտեսնեք դրական արձագանքը», Լրագիր, 6 հուլիսի, 2017։

[10] «Մինչև 2 շրջան չվերցնենք, Ադրբեջանը կապիտուլյացիայի չի ենթարկվի», Հայկական Ժամանակ, 15 հուլիսի, 2020, https://www.armtimes.com/hy/article/192651։

[11] Հակոբյան, Մահվան Հովիտ, էջ 88։

[12] Հրակ-Խաչիկ Տեմիրճեան, «Ղարաբաղը Ձեզ Համար Սոսկ Տարածք է, Մեզ Համար` Սրբազան Հայրենիք», Ազդակ, 29 ապրիլի, 2016. https://www.aztagdaily.com/archives/292593։

[13] Հակամարտության առարկայի անբաժանելիության խնդրի տեսական քննարկման համար տե՛ս Fearon, “Rationalist explanations for war,” 381–382;Monica Duffy Toft, The Geography of Ethnic Violence (Princeton, NJ: Princeton University Press, 2001), Ron E. Hassner, War on Sacred Grounds (Ithaca, NY: Cornell University Press, 2009).

[14] «Արցախը մեզ համար լոկ տարածք չէ, այն Սուրբ Հայրենիք է». Արմենպրես, 9 հոկտեմբերի, 2020. https://armenpress.am/hy/article/1030970։

[15] «Ղարաբաղը ձեզ համար տարածք է, մեզ համար` սուրբ հայրենիք. ԵԽԽՎ-ում Սոս Սարգսյանի խոսքերը մեջբերեց ՀՀ նախագահը», Արպենպրես, 2 հոկտեմբերի 2013. https://armenpress.am/hy/article/735165։

[16] Thomas de Waal, Black Garden: Armenia and Azerbaijan through War and Peace (New York, NY: NYU

Press, 2003), p. 260.

[17] «Անընդունելի է որևէ տարածքի հանձնումը. Շուշիում հռչակագիր է ստորագրվել», Ժողովուրդ, 16 հուլիսի, 2016. armlur.am/556779/։

[18] Լևոն Զուրաբյան, «Հայաստանի անցումային քաղաքականությունը և Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հեռանկարները», Առավոտ, 3 հունիսի, 2000 . https://www.aravot.am/2000/07/22/697799/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR1gexihLoH6GMJoC0yPQpi4LOpDym2VwGo8BxNKyEDrEUAKKFYER_PFGxY_aem_mM-ZAppOQWfEg7IolRr7QQ; «Ի՞նչ բանակցություններ էին նախորդել Տեր-Պետրոսյանի հրաժարականին», Ազատություն, 3 փետրվարի, 2023 թ.. https://www.youtube.com/watch?v=u0Q90dhTsdA։

[19] Տե՛ս Levon Ter-Petrosyan, Armenia’s Future, Relations with Turkey, and the Karabakh Conflict, ed. Arman

Grigoryan (New York, NY: Palgrave Macmillan, 2018), pp. 35–59։

[20] «Վազգեն Սարգսյանի նամակը Լևոն Տեր-Պետրոսյանին», Առավոտ, 9 փետրվարի, 2008. https://www.aravot.am/2008/02/09/329965/։

[21] Վազգեն Մանուկյան, Հայկական երազանքը գոյատևման փակուղում. Ելույթների և հոդվածների ժողովածու (Երևան, Վ.Ի.Վ. Այսօր և վաղը, 2002), էջ 299; «Հայ մտավորականներն ու քաղաքական ուժերն Արցախի պաշտպանության դիրքերում», Ազգ, 28 հոկտեմբերի, 1997։ Խիստ ուշագրավ է, որ նման տեսակետները շատերի կողմից չվերանայվեցին նույնիսկ պատերազմից հետո. տե՛ս Vahan Zanoyan, “Realism, Vision, and Defeatism: Rightand Wrong Lessons from the War,” Armenian Mirror Spectator, February 3, 2021. https://mirrorspectator.com/2021/02/03/realism-vision-and-defeatism-right-and-wrong-lessons-from-the-war/։

[22] Գարեգին Նժդեհ, Մեծ գաղափար (Երևան, Հայաստանի հանրապետական կուսակցություն, 2003)։ Օրգանական ու քաղաքացիական պատկանելության վրա հիմնված ազգայնական վարդապետությունների տարբերության քննարկումների համար տե՛ս Snyder, From Voting to Violence≥ Democratization and Nationalist Conflict (New York, NY: W. W. Norton, 2000), p. 70; and Michael Mann, Fascists (Cambridge, UK: Cambridge University Press, 2004), p. 13.

Նախորդ հոդվածըԱրման Գրիգորյան. Հեղափոխական կառավարություններ, անխոհեմություն և պատերազմներ. Երկրորդ ղարաբաղյան պատերազմի դեպքը