‘Արմեն Մարտիրոսյան. Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում տնտեսական, սոցիալական, քաղաքական ոլորտներում առաջընթաց չենք գրանցել’

986

Երևի թե միակ դրականը, որ կարող եմ ասել Սերժ Սարգսյանի կառավարման 5 տարիների մասին, այն է, որ այս վերջին մեկ տարվա ընթացքում հեռուստաընկերությունները մի փոքր ազատ են, իսկ մնացած ոլորտներում՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական, մենք առաջընթաց չենք գրանցել: iLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ խոսքը նաև արտաքին քաղաքականության մասին է:

«Կան հայ-թուրքական նախապայմաններով արձանագրությունները, կան մադրիդյան սկզբուքներ, որտեղ ազատագրված տարածքների վերադարձի մասին է խոսք գնում, տնտեսության օլիգարխացման, մոնոպոլացման միտումները շարունակվում են, ինչի արդյունքում շատ քաղաքացիներ կորցրին իրենց փոքր և միջին բիզնեսը: Եվ որպես այս ամենի վերջնարդյունք՝ պաշտոնական տվյալներով գրեթե 200.000-ի չափ արտագաղթ ունենք, իսկ իրականում ինչպիսի ցուցանիշներ են, կարծում եմ՝ բոլորիս համար է պարզ: Նույնիսկ պաշտոնական տվյալներով աղքատության աճ ենք ունեցել»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա նկատեց, որ ընթացքում եղան կոռուպցիայի դեմ պայքարի, ազատ շուկայական տնտեսություն, քաղաքական, տնտեսական մրցակցություն ստեղծելու նախաձեռնություններ, բայց այդպես էլ որևէ քայլ չկատարվեց:

Սերժ Սարգսյանը երեկ «Օգոնյոկ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրենց հաջողվել է «կայունացնել և բացել քաղաքական համակարգը»: Արմեն Մարտիրոսյանն այս հայտարարությանն այսպես արձագանքեց.

«Երևի նա նկատի ունի, որ «խոշոր քաղաքական գործիչներ» բանտերում այս պահին չկան, սակայն ունենք մի քանի երիտասարդների խնդիրը, որոնք անհամաչափ պատիժ են ստացել, և դատավճիռը միանշանակ քաղաքական դրդապատճառներ ունի»,- նշեց Մարտիրոսյանը՝ նկատի ունենալով Հայ ազգային կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստների գործը:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի ընդդիմության երկու առաջնորդներ մեղադրվել են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետը հաջողված է համարում կառավարության առաջին «100 օրը»’