‘Արմեն Պետրոսյան. Հայը եւ անցյալը. Ինքնամեղադրանք եւ դավադրություն ‘

3753

(շարքի նախորդ հոդվածները՝ մաս 1, մաս 2, մաս 3, մաս 4, մաս 5, մաս 6, մաս 7

Հաղթողներին չեն դատում:

Վերագրվում է Եկատերինա II-ին

Չկա ոչինչ ավելի ճշմարիտ, քան առասպելը:

Էժեն Իոնեսկո

 

Եթե հաղթողներին չեն դատում, ուրեմն՝ պարտվողներին դատում են: Ովքե՞ր: Ե՛վ հաղթողները, և՛ երրորդ կողմը, և՛ պարտվողները: Բոլորը: «Վա՛յ պարտվողներին», ինչպես ասել է հռոմեացիներին հաղթող գալլերի առաջնորդ Բրեննոսը:

Մեր պատմությունը, որոշ առումներով, պարտությունների շարան է: Եղել են հաղթանակներ, եղել են նույնիսկ մեծ հաղթանակներ, բայց, ի վերջո, պարտվել ենք: Պարտվել են Տիգրան Մեծն ու Արտավազդը, Արշակն ու Պապը, Մամիկոնյաններն ու Բագրատունիները, պարտվել է Հայաստանը. պարտվել ենք մենք՝ կորցնելով մեր հողերի և հայրենիքի մեծագույն մասը: Եղել է ամենամեծ պարտությունը՝ ցեղասպանությունը:

Ի միջի այլոց, պարտվել են և այլ ժողովուրդներ ու պետություններ: Ռուսաստանի XX դարի պատմությունը, բացի մեկ մեծ հաղթանակից, նույնպես պարտությունների մի շարք է. պարտություն Առաջին համաշխարհային պատերազմում, հեղափոխություն, կայսրության անկում, քաղաքացիական պատերազմ, երկրի կործանում, միլիոնավոր մարդկանց քաղաքական սպանություններ, մեծ հաղթանակ Երկրորդ համաշխարհայինում, բայց տասնյակ միլիոնավոր զոհերի գնով (շատ ավելի, քան պարտված Գերմանիայի զոհերը), պարտություն արևմտյան աշխարհի դեմ տնտեսական մրցության մեջ, պարտություն սառը պատերազմում և, ի վերջո, ՍՍՀՄ-ի փլուզում, նրա մաս կազմող հանրապետությունների անկախացում, ռուս կայսրերի կողմից դարերով ի մի բերված հսկայական տարածքների կորուստ (միլիոնավոր քառակուսի կիլոմետրեր): Ուրեմն, մխիթարվելու տեղ ունենք՝ մենակ չենք պարտություններում, իսկ «ընկերով մահն էլ հարսանիք է»:

Մարդը պարտվելուց հետո սկսում է պատճառներ որոնել: Այսինչ բանը սխալ արեցի, այնինչ բանը այլ կերպ պետք է արվեր: Պետք էր շուտ կամ ուշ սկսել կամ վերջացնել, համաձայնել կամ չհամաձայնել հակառակորդի պահանջներին և այլն: Մեր դեպքում գործում է «հայի վերջին խելքը»: Ա՛յ, եթե այսպես անեի՜: Եվ մեր պատմությունը լի է դեպքերով, որ եթե մի քիչ այլ կերպ անեինք, ապա ավելի լավ պայմաններով դուրս կգայինք փորձությունից:

Ընդհանրապես, մարդիկ իրենց պարտություններում և դժբախտություններում սովորաբար մեղադրում են իրենց հակառակորդներին: Սա է նորմալ մտածողությունը: Պարտվում ես ո՞ւմ՝ հակառակորդին, թշնամուն: Բայց ոմանք փորձում են ավելի խորը մտածել և գտնում այլ լուծումներ: Եվ ահա, նոր լուծում՝ մեղավոր ենք մենք: Ինքնամեղադրանք: Ապա՝ ինքնադատապարտում և մեղքի ու թերարժեքության զգացում: Որից և սեփական ուժերի, սեփական կերպարի նկատմամբ բացասական վերաբերմունք: Սեփական բախտի առանձնահատուկ լինելու ընկալում: Այլ կերպ՝ հայի բախտ:

Իսկ ավելի «խորը մտածողները» փնտրում են ավելի «խորքային», հաճախ պարադոքսալ լուծումներ և գտնում, որ մեղավոր է ինչ-որ երրորդ կողմ: Եվ հանդես են գալիս դավադրության տեսությունները: Դրանք վարկածներ են, որոնք ներկայացնում են պատմական երևույթը կամ պատմության ընթացքը որպես մասնավոր շահեր հետապնդող մարդկանց խմբերի դավադրությունների արդյունք: Արդեն ՍՍՀՄ-ում նման մի տեսակետ կար՝ ամեն ինչում մեղավոր են համաշխարհային իմպերիալիզմի մի խումբ սրիկա հակասովետական ներկայացուցիչներ: 1988-ի շարժման սկզբին սկսեցին հանդես գալիս ինքնուս քաղաքական վերլուծաբաններ, որոնք կարողանում էին գտնել կարևոր դեպքերի «խորքային»՝ դավադրական պատճառները: Երբեմն՝ ծաղրանկարային մտքեր: Ահավասիկ, Սպիտակի երկրաշարժը, ինչ-որ գաղտնի մեթոդներով, առաջացրել էր Գորբաչովը, որպեսզի հանգցնի ղարաբաղյան շարժման կրակը: Կամ՝ ինչո՞ւ Գորբաչովը հայերին չի տալիս Ղարաբաղը. չէ՞ որ ակնհայտ է, որ մենք լավն ենք, և մեր պահանջն արդար է, իսկ թուրքերը վատն են և անարդար: Պարզվում է ի՜նչ. Գորբաչովի կինը՝ Ռաիսա Մաքսիմովնան, իրականում Մաքսուդովնա է, կարճ ասած՝ թուրքի թե թաթարի դուստր: Էլ ի՞նչ կարող է անել Գորբաչովը: Հարցը լուծվեց, հանգիստ կարելի է գնալ տուն՝ գծելու Ռաիսա Մաքսիմովնայի տոհմածառը:

Եվ այդ ժամանակներից ապրում ենք դավադրությունների մեջ, շարժվում դավադրությունից դավադրություն: Եթե մեզ սկսում ենք պատկերացնել որպես արիացիներ, ովքե՞ր պիտի լինեին մեր դեմ հյուսված դավադրության հեղինակները: Եվ հասարակության մեջ տարածվեցին մասոնական ու «ջհուդա-մասոնական» և հակառուսականի վերածված «հակասովետական իմպերիալիստական» դավադրությունները:

Դավադրության տեսությանը հավատում են, քանի որ դա ավելի հեշտ է բացատրում իրականությունը: Բայց կա և մեկ այլ կարևոր գործոն: «Այլընտրանքային պատմությունը» հետաքրքիր է. այն նորովի, ոչ դասագրքային ձևով է բացատրում եղելությունները: Եվ առասպելն անկասկած ավելի հետաքրքիր է, քան տափակ իրականությունը: Հետաքրքիր, հաճախ պարադոքսալ լուծումներ, բացատրություններ է տալիս՝ կիրառելի բոլոր դեպքերի համար: Սա դեպի իրեն է ձգում նաև արվեստի ներկայացուցիչներին: Լավ է, երբ ի սկզբանե արդեն հայտնի են չարիքի արմատը, չարի ու բարու պայքարի խորքային մեխանիզմները, աշխարհի դրական զարգացումն արգելակող դավադրական ուժերի գործունեության մեթոդներն ու ձևերը: Կարելի է արդեն շատ բաների մասին «անսխալ» դատողություններ անել:

Մեր ազգային ազատագրական գիտության մեջ էական դեր է կատարում դավադրության կանխադրումը և բացահայտումը: Ինչո՞ւ են այսինչ և այսինչ այլազգի գիտնականները սխալ բաներ գրում մեր անցյալի մասին: Ուրեմն՝ հրեա կլինեն (այդպիսիք կարող են համարվել ոչ միայն ատելի Պիոտրովսկին և Դյակոնովը, այլև Հյուբշմանը և Մարկվարտը, որոնց գերմանական ազգանունները գոնե ազատագրականների համար արդեն հրեական ծագման ապացույց են): Իսկ ինչո՞ւ այսինչ և այնինչ հայ հեղինակները չեն ընդունում հայոց «պարզ ապացուցված» արիականությունը և ընդհանրապես ազատագրական հեղինակների բացահայտումները, այլ շարունակում են պաշտպանել այդ «հակահայ գիտնականների» հայացքները: Նրանք էլ, ուրեմն, «թաքնված», «ներքին հրեաներ» են: Եվ ավելին, այդ ներքին հրեաները վճարվում են՝ երևի արտաքին հրեաների կողմից: Արտասահմանյան գրանտներ, ո՞վ գիտե, գուցե կաշառքներ, սիոնիստական պատվերներ և այլն: Ակնհայտ է, որ համաշխարհային դավադրությունների հիմնական գործը հայոց բազմահազարամյա պատմության պղծումն է:

Այսօրինակ բացահայտումներից հետո կարելի՞ է հանգիստ նստել տանը: Պետք է տարածել ազատագրական գիտության կորիֆեյների «նվաճումները», մարդկանց ուսուցանել դավադրության տեսությունները և «պայքարել» դրանց դեմ: Զրկել մարդկանց իսկական գիտությանը և պատմությանը ծանոթանալու հնարավորությունից: Համացանցը լցնել հայհոյանքներով մեր և օտար գիտնականների հասցեին, մարդկանց մեջ ատելություն սերմանել իսկական գիտության և գիտնականների դեմ:

շարունակությունը

Նախորդ հոդվածը‘Կառուցվածքային փոփոխություններ կառավարությունում. Երկու նախարարություն կմիավորվեն, ևս մեկը՝ կստեղծվի’
Հաջորդ հոդվածը‘«Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 11 տոկոսով’