‘Արմեն Պետրոսյան. Հայը եւ անցյալը. Ուրարտու ‘

5493

(շարքի նախորդ հոդվածները՝ մաս 1, մաս 2, մաս 3, մաս 4, մաս 5) 

Բոլոր անունները՝ չար և բարի, պատկերներ են […]:

Հիմար է նա, ով նրանցում գիտելիք է փնտրում:

Ֆրիդրիխ Նիցշե, «Այսպես խոսեց Զրադաշտը»

 

Մեր ազատագրական գիտության մեջ ամենակարևոր ցուցիչներից մեկն է Ուրարտու անվան նկատմամբ վերաբերմունքը: Երբեմն միայն դրանով կարելի է որոշել, թե ում հետ գործ ունես՝ ակադեմիական գիտության ներկայացուցչի, թե «ազատագրականի»:

Ուրարտուն մ.թ.ա. IX-VII դարերում Հայկական լեռնաշխարհում գոյություն ունեցող մեծ ու հզոր կայսրության ասորեստանյան անվանումն է: Այլ կերպ՝ մեր երկրի՝ Հայաստանի հին անվանումներից մեկն է: Ուրարտական արձանագրություններում արքաներն իրենց երկիրը կոչում են Բիաինիլի (հաճախ հանդիպում է Բիաինա ձևը, որը Բիաինիլիի մի հոլովաձևն է): Վերջինս, իրականում, վերաբերվում է երկրի միջուկին՝ Վանի շրջանին, և ոչ ամբողջ երկրին: Ուրարտուի անկումից հետո, Իրանի Դարեհ I արքան Հայաստանն անվանում է պարսկերեն՝ Արմինա, աքադերեն՝ Ուրաշտու (Ուրարտուի բաբելոնյան ձևն է) և էլամերեն՝ Խարմինույա: Այսինքն, պարզ է, որ Ուրարտու ասելով ի նկատի է առնվում Արմինա-Հայաստանը: Մի լեզվով երկիրը կոչվել է այսպես, մյուսով՝ այնպես, ոչ մի սարսափելի բան չկա կարծես: Վրացիներն իրենց երկիրն անվանում են Սաքարթվելո, մենք՝ Վրաստան, հույներն ու հռոմեացիները՝ Իբերիա, ռուսները՝ Գրուզիա, կամ՝ գերմանացիներն իրենց երկիրը կոչում են Դոյչլանդ, իսպանացիները՝ Ալեմանիա, շվեդները՝ Թյուսկլանդ, ռուսները և շատ ուրիշներ՝ Գերմանիա, և ոչ մի ըմբոստություն չկա (միայն վերջերս վրացական իշխանությունները խնդրեցին շատ երկրներից ռուսերենից վերցված Գրուզիա ձևը փոխել անգլիականի՝ բայց դա հակառուս քաղաքական քայլ է): Շատ էլ սիրով կարելի է վերաբերվել երկրի տարբեր անվանումներին: Եվ աշխարհի հայերը, այդ թվում նաև ազատագրականները, շատ էլ հավանում են այլալեզու Արմենիա ձևը: Միանգամայն նորմալ են վերաբերվում նաև Չարենցի սիրած Նաիրիին (նույնպես ասորեստանյան անվանում):

Բայց մերոնք ուղղակի ատում են Ուրարտու տերմինը: Թվում է, թե դա նույնն է, եթե վրացիները սկսեին ատել Իբերիա, իսկ գերմանացիները՝ Գերմանիա անվանումները: Այ, վրացի ազատագրականները կերազեին, որ իրենց երկիրն ասորեստանյան անվանում ունենար: Մինչդեռ այս ատելությունը խորքային պատճառ ունի: Ուրարտուի գոյությունը գիտության մեջ բացահայտվելուց հետո, երբ պարզվեց, որ նրա արձանագրությունների լեզուն հայերենը չի, երկրի բնակիչներին սկսեցին կոչել ուրարտացիներ և նույնիսկ ուրարտներ, իսկ լեզուն՝ ուրարտերեն: Իսկ երբ ազատագրականները որոշեցին, որ նման բաները հակահայ դավադրության հնարանքներ են, անհրաժեշտ դարձավ մի նոր ձևով կոչել Ուրարտուն, որն ընկալվում էր որպես ոչ հայերի կողմից բնակեցված, կեղծ, հնարովի մի բան: Եվ սկսեցին կոչել այլ ձևերով՝ Արարատյան թագավորություն (ըստ աստվածաշնչի), Վանի թագավորություն (ըստ երկրի մայրաքաղաքի և Պիոտրովսկու գրքի վերնագրի), իսկ լեզուն՝ նոր խուռիերեն, բիայներեն: Նույնիսկ ուրարտագետը, նրա նկատմամբ դրական վերաբերմունքի դեպքում, կարող է կոչվել բիայնագետ, միայն թե չլսվի ատելի ուրարտ- հնչյունախումբը:

Ուրարտուն, ինչպես ասվեց, երկրի ասորեստանյան անվանումն է: Ուրարտուն կայսրություն էր, ուր, ինչպես և վայել էր կայսրությանը, խոսում էին այլևայլ լեզուներով: Երկրի բազում ցեղերի վերաբերյալ տեղեկություններ կան և՛ ասորեստանյան, և՛ ուրարտական աղբյուրներում: Եվ «ուրարտացի», «ուրարտ», «ուրարտերեն» տերմինները միայն պայմանական անվանումներ են: Ինչպես եթե Սովետական Միության լեզուն կոչվեր սովետերեն, նրա բնակիչները՝ սովետացիներ կամ սովետներ: Մինչդեռ ՍՍՀՄ-ում բնակվում էին բազում ժողովուրդներ, որոնցից ոչ մեկն իրեն սովետացի չէր կոչում: Ասորեստանյան աղբյուրները երբեմն օգտագործում են «ուրարտացի» ձևը, բայց դա նույնպես կարող է ցեղանուն չլինել՝ այլ ածանցված երկրանունից, որպես այդ երկրի բնակիչ: Ուրեմն, Ուրարտու, ուրարտերեն տերմիններից չի բխում, որ դա Հայաստանը չի, և որ երկրի ողջ բնակչությունը կազմում էին ուրարտերեն խոսող «ուրարտացիները»:

Այժմ՝ «Արարատյան թագավորություն» կամ «Վանի թագավորություն» անվանումների վերաբերյալ: Ուրարտու ձևը եբրայերենում, ուր ձայնավորները չեն գրվել, ներկայացվել է որպես ’րրտ (’rrt): Երբ աստվածաշունչը թրգմանվել է հունարեն, թարգմանիչները, իրենց հայեցողությամբ, ինպես և մյուս նման դեպքերում, ձայնավորներ են դրել իրենց անհայտ հին կայսրության այդ գրելաձևի բաղաձայների արանքում և ստացվել է Արարատ: Արարատը ձևը, և՛ որպես երկրի, և՛ որպես լեռան անվանում, ծագում է, այսպիսով, Ուրարտուից: Բայց ի՜նչ հսկայական տարբերություն: Նրանում երկու անգամ հնչում է ար- վանկը, մեր «արիական» ականջի սիրելի հնչյունը: Բացի այդ, այն շատ նման է Հայաստանի հյուսիս-կենտրոնական նահանգի Այրարատ անվանը: Այրարատը մեր երկրի, մեր պետականության սիրտն է, սրբազան մի անուն: Սակայն Այրարատը կապ չունի և չի կարող ունենալ Ուրարտուի՝ աստվածաշնչի Արարատյան թագավորության հետ: Վերջինիս կենտրոնը Վանի շրջանն էր, իսկ Այրարատի կենտրոնը՝ Արարատյան դաշտը: Այրարատն ուրարտական աղբյուրներում կոչվում է Էթիունի՝ դա Ուրարտուին թշնամի մի ժողովրդի երկիրն էր, որը մինչև Ուրարտուի անկումը դիմադրեց և կուլ չգնաց նրան: Եվ ինչպես ես փորձել եմ ցույց տալ իմ աշխատանքներում, դա է, ամենամեծ հավանականությամբ, եղել հնագույն Հայաստանը, հայերի օրրանը:

Այսպիսով, Արարատյան թագավորություն նշանակում է ուղղակի հունարեն տառադարձված Ուրարտուի թագավորություն: Եվ ինչքան էլ Արարատյան գրես, դրանից նրա էությունը և էթնիկական կազմը չի փոխվի՝ դա Ուրարտուի հունարեն, այն էլ ոչ ճիշտ տառադարձված ձևն է և վերջ: Բացի այդ, այն հայերենում լավ և ճշգրիտ չէ, քանի որ խառնվում է նման հնչող, բայց նրանից տարբեր Այրարատի հետ: 

Բիաինիլին երկրի կենտրոնն է՝ ինչպես, ասենք, Մոսկվայի մարզը՝ Ռուսաստանի, և կարող է ցեղանուն լինել կամ չլինել: Ըստ տարածված կարծիքի, դրա Բիաինա ձևից է առաջացել հետագա Վան անվանումը: Ահա և «Վանի թագավորություն»: Թե ինչպես են իրենք իրենց կոչել ուրարտերեն խոսողները՝ հայտնի չէ: Օրինակ, կարելի է ենթադրել՝ բիա, բիաի, բիաինի, իբր Բիաինիլի հոգնակի ձևի արմատը (այդպես գրվել է սեպագրով, իսկ թե իրականում ինչպես է հնչել՝ այլ հարց է): Բայց դա  միայն ենթադրություն կլինի: Կայսրության վերնախավը՝ ուրարտերեն խոսող հանրույթը, ինչքան կարելի է դատել ժամանակակից գիտության տվյալներից, Վանի շրջան է թափանցել հարավից, որտեղ գտնվել են նրանց մեծ աստվածների պաշտամունքի կենտրոնները: Իսկ Բիաինիլին կարող է լինել տեղի նախաուրարտական անվանումը (տեղանունները շատ հաճախ պահպանվում են էթնիկական փոփոխությունների ժամանակ): Եվ կարելի է միայն վարկածներ առաջ քաշել նրանց ցեղանվան վերաբերյալ (օրինակ, ըստ մի վարկածի, այն եղել է շուրի):

Ուրարտու և ուրարտերեն, ուրարտագետ տերմիններն ընդունված են, հասկանալի և ճշգրիտ: Եվ ոչ մի հակահայկական բան չկա դրանց մեջ: Ընդհակառակը, դա մեր երկրի հին անունն է, ոչ պակաս գեղեցիկ, քան հունարեն և նրանից մյուս լեզուներն անցած մեր սիրելի Արմենիան: Եվ նույնիսկ -ար- վանկն է հնչում նրանում: Եվ Ուրարտու կամ ուրարտերեն տերմիններն օգտագործելը հակահայ լինել չի նշանակում, ինչպես և չի նշանակում, որ այդ ողջ երկիրը բնակեցված է եղել ոչ հայերով:

շարունակությունը

Նախորդ հոդվածը‘Հարսանիքների արանքում Սերժ Սարգսյանը կհասցնի Հորդանան գնալ’
Հաջորդ հոդվածը‘Սարգսյան-Ալիեւ բանակցությունները կշարունակվեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում’