‘Արսենի Յացենյուկը կմնա Ուկրաինայի վարչապետի պաշտոնում’

1019

Նախագահական «Պետր Պորոշենկոյի բլոկ»-ը նախատեսում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում համաձայնեցնել գործընկերների հետ կոալիցիոն համաձայնագիրը և Գերագույն Ռադայի առաջին նիստի անցկացման պահից սկսած՝ մեկ շաբաթում ձևավորել կոալիցիա ու կառավարություն: Այս մասին ուրբաթ երեկոյան ուկրաինական Առաջին ազգային հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Պետր Պորոշենկոյի բլոկ»-ի շտաբի ղեկավար Վիտալի Կովալչուկը:

Անցած կիրակի Ուկրաինայում կայացել են խորհրդարանական ընտրություններ, այժմ քաղաքական գործիչները խորհրդատվություններ են անցկացնում նորընտիր Ռադայում կոալիցիա կազմելու շուրջ: Ապագա կոալիցիայի մասնակիցները մտադրված են ստորագրել կոալիցիոն համաձայնագիր, նորընտիր խորհրդարանում կհայտարարվի դրա ստեղծման մասին, ինչից հետո կձևավորվի կառավարության նոր կազմը: Ընդ որում, առաջարկվում է թողնել Արսենի Յացենյուկի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:

««Պետր Պորոշենկոյի բլոկ» քաղաքական ուժը, ամեն դեպքում, տրամադրված է այնպես, որ կոալիցիոն համաձայնագիրը ձևավորվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, որպեսզի մենք՝ Գերագույն Ռադայի առաջին նիստի անցկացման պահից, գոնե, մեկ շաբաթից ոչ ավելի ժամկետում կարողանանք ձևավորել իրական կոալիցիա և իրական կառավարություն»,- ասել է Կովալչուկը: Նա նաև հայտնել է, որ «Պետր Պորոշենկոյի բլոկ»-ը, «Ազգային ճակատը» և «Ինքնօգնություն» (Самопомощь) կուսակցությունն ուրբաթ օրն անցկացրել են առաջին խորհրդատվությունները կոալիցիոն համաձայնագրի բովանդակության վերաբերյալ:

«Մենք նախնական համաձայնության եկանք, որ իմ կողմից նշված երեք քաղաքական ուժերից բացի, կոալիցիա ենք հրավիրում նաև «Բատկիվշինա» և Ռադիկալ կուսակցությունները: Մենք սկզբունքորեն պայմանավորվել ենք, որ ամեն դեպքում` «Ընդդիմադիր բլոկ»-ը կոալիցիայի սուբյեկտ չի կարող դառնալ»,- ասել է Կովալչուկը:

Համաձայն օրենքի, նորընտիր Ռադայի առաջին նիստը նշանակվում է քվեարկության արդյունքների հայտարարման 30-րդ օրից ոչ ուշ:

Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Ընդդիմության պահանջների հստակությունը «չտեսնելը» քաղաքական ցինիզմ է ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հերոսը կասկածի տակ է դրել Ղարաբաղի պատմական անցյալը. «ՉԻ»’