‘Արսեն Գրիգորյան. «Ավրորայի» պարտությունը’

8735

«Ավրորան» ճակատագրերի եւ սխրանքների պատմություն է. միշտ՝ մեկ մարդու պատմություն, քանի միլիոն էլ լինեն նրանք՝ զոհերը եւ հերոսները։

Բայց այն նաեւ դահիճների պատմություն է։ Այդ դահիճները հաճախ լինում են զոհերի եւ հերոսների կողքին։ Երբեմն նույն դահլիճում նստած։ Երբեմն նույնիսկ՝ կողք կողքի։ Առօրյա կյանքում նրանցից ոչ մեկի ներկայությունը չի «հոտոտվում»։ Հատկապես դահիճներինը։ Նրանք սովորաբար ավելի մարդկային են ժպտում։ Նրանց, սակայն, հնարավոր է ճանաչել կենսունակության մեջ։ Զոհը եւ հերոսը կենսունակ չեն կյանքի պայմաններում։ Հատկապես հերոսը միշտ չէ, որ իր մեջ գտնում է անհրաժեշտ լիցքերը՝ դիմանալու այն ամենին, ինչը նրան մղում է նոր սխրանքի։

Դահիճները երբեք մեկը չեն լինում։ Դահիճները միշտ մեծամասնություն են, որովհետեւ դահճությունը երեւակայություն չի պահանջում։ Աշխարհը դահիճներին հիշում է նույն «աշխուժությամբ», ինչպես՝ հերոսներին։ Զոհերը սովորաբար կորչում են այդ հիշողության մեջ։ Որովհետեւ պատմությունը հենց այն էջն է, որտեղ յուրաքանչյուրի խորդուբորդ ճակատագիրը հարթեցվում է եւ ընդհանրացվում։

Զոհ լինելն, ի դեպ, նույնպես երեւակայություն չպահանջող «աշխատանք» է, եթե այն ինքնազոհաբերում չէ։ Ընտրակաշառք վերցնողը զոհ է։ Դատավորին կաշառողը զոհ է։ Մինչդեռ դատավորը դահիճ է, որովհետեւ իր վերցրած կաշառքով նա իր բաժին սուրն է մտցնում պետության կոկորդը։ Ինչ-որ դատավճիռ դրանով ապականվեց։ Ինչ-որ մեկին անծանոթ մնաց օրենքի ողորմածությունը։ Նա, ով չէր կաշառել, նույնպես զոհ է, բայց նրա զոհ լինելը գիտակցված չէ, որովհետեւ նա դա չի արել պետության անունից։ Նա ի սկզբանե էր զոհ, որովհետեւ հանդես չեկավ հակակաշառքով, այսինքն՝ գինը չբարձրացրեց։

Բոլորին մեկ հոգի է դարձնում մահը։ Աննա Ֆրանկը մեկ հոգի էր։ Մեկ հոգի էր նաեւ Գարսիա Լորկան։ Մեկ հոգի էր Բերթոլդ Բրեխտը, Գրիգոր Զոհրապը։ Մեկ հոգի էր Կոմիտասը, որն ապրեց սարսափի աչքերի մեջ նայելուց հետո։ Քանի դահիճ պետք եկավ այս մարդկանց հետ հաշիվ մաքրելու համար։ Բոլոր այս մարդիկ մտածել են Ճշմարտության մասին, գրեթե բռնել նրա քղանցքի ծայրը։ Սարսափից նրանք անակնկալի չեն եկել։ Որովհետեւ ի՞նչ հանճար ես, եթե Դահճին չես կանխատեսել։ Այո, դու կանխատեսում ես Դահճին, բայց փորձիր նրան տեսնել մարդու մեջ, որն ամենասովորական դիմագծերը ունի, որը նույնիսկ համակրելի է։ Դու կանխատեսում ես, բայց հենց դու էլ մարդուն հավատացողն ես։ Հանճարը ոչ թե կանխատեսման, այլ հավատի մեջ պարտվողն է, որովհետեւ հնարավոր է պարտվել հենց հավատի մեջ։ Այդ դահիճներից ոմանց գուցե նույնիսկ անձամբ գիտես։

Մեկը գեր է, մյուսը՝ նիհար։ Մեկն այդ առավոտ գրկել է իր որդուն ու ատրճանակը լիցքավորել, ստուգել նրա աշխատունակությունը, մյուսը սրի թեթեւթյունը փորձելուց հետո համբուրել է քրոջը եւ տնից դուրս եկել այնպես, ինչպես հոտին սարեր տանող հովիվն է դուրս գալիս։ Նրանք տնից դուրս չեն գալիս, ինչպես ոչ մի տեղից դուրս է հորդում բանաստեղծությունը, ինչպես սրտից՝ սերը, ինչպես բանտից՝ խղճի բանտարկյալը։ Նրանք ամեն ակնթարթ ուրիշ չեն։ Նրանք տարածությունը չեն փոխում, քանի որ այդ տարածության ոչ մի կետում իրենք այլ չեն։ Նրանք նույնիսկ իրենց «գյորա» հերոսության հավակնություններ չունեն։ Երբեմն այդ դահիճը տաքսիստ է, որը օտար երկրից եկած հյուրին 7 կմ-ի ճանապարհ տանելուց հետո պահանջում է 15 հազար դրամ։ Թվում է, ի՞նչ մի խելագարվելու բան է, մարդ չի սպանել տաքսիստը։ Ընտրակաշառողն էլ չի սպանում։ Դատավորն էլ։ Ոչ ոք չի սպանում այդ պահին։ Բայց պարանները դրանից հետո ձգվում են, կամուրջները դառնում են ավելի «կանչող»։

Իսկ, այ, Կոմիտասը խելագարվեց։ Ինչու՞։ Կարծում եք՝ տեսած արյունի՞ց։ Ոչ։ Որովհետեւ ինչ էլ ենթադրի հանճարը Չարի մասին, ինչ էլ տեսած լինի երեւակայությամբ, վերջնակետում Բարին է, ինքը նրա անունից է «հերձում» Չարը։ Ինչպես, ի դեպ, դա անում էր Դոստոեւսկին։ Խելագարվեց, որովհետեւ զոհն ինքը չէր։ Շատ խորանալ պետք չէ, դահիճները միշտ գտնում են այն «գաղափարախոսությունը», որը մարսեցնում է Կոմիտասի ոչնչացումը ընդհանուր ողբերգության մեջ։ Իսկ «Ավրորան» այսօր էլ պարտվում է։

Նախորդ հոդվածը‘«Հռոմի արքան» հրաժեշտ տվեց երկրպագուներին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մեղադրանքներ են առաջադրվել Բավրայի մաքսակետի պետին ու մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենին’