‘Արսեն Գրիգորյան. Երբ ինտերնետի դարում պետության գլխավոր «գաղափարախոսը» Նժդեհն է’

20995

Ուսանողները դադարեցնում են հացադուլն ու դասադուլը: Մեկ շաբաթով: Ընդունված օրենքին մնացել է միայն երրորդ ընթերցումը: Երեխաները հայտարարեցին, որ տարկետման վերացման դեմ շարժումը քաղաքականացված է, ու գնացին տուն: Խորհրդարանը նրանց կլոր սեղան է խոստացել:

Ուսանողներին ես հասկանում եմ: Նրանք հազիվ թե կարողանային քաղաքական ինքնուրույնությամբ խաղալ: Նրանք եւս մեկ անգամ պետք է ցույց տան, որ որեւէ բողոք արդյունք չի ունենալու Հանրապետականի գոյության դաշտում: Ուսանողները հոլիվուդյան հայտնի սցենարներով կինոնկար խաղացին, որտեղ «հեփի էնդը» միշտ նույն ձեռքով է գրվում, եթե նույնիսկ ամբողջ սցենարը գրել է մի քանի հազար հոգի: Ուսանողները ցույց տվեցին նաեւ փողոցի անպտղությունը: Որովհետեւ ցանկացած պայքարում փողոցը սիրում է քաղաքական տողատակ: Իսկ նրանց շարժումն ընդհանրապես քաղաքականացված չէր: Անգամ այն ժամանակ, երբ նրանց պահանջներին արձագանքեցին վարչապետը, պաշտպանության նախարարը եւ խորհրդարանի ղեկավարությունը: Քաղաքականացված չէ հենց այն պատճառով, որ երեխաների պահանջը խորքում ընդդիմադիր պահանջ չէ: Բողոք է, անհամաձայնություն է, հացադուլի եւ դասադուլի պատճառ է, բայց ընդդիմադիր պահանջ չէ: Չի երեւում, թե տեսականորեն ինչ գլուխներ պետք է թռչեն, ում ոտքերը պետք է դողան, եթե ուսանողներն իրավացի են: Փողոցը կտրատելը էն գլխից անպտուղ պահանջով իսկապես երեխայություն է:

Այս շարժումը «հնարավոր» դարձավ քաղաքական ընդդիմության իսպառ բացակայության պայմաններում: Կուսակցություններից ոչ մեկը հեղինակություն չուներ երեխաների կողքին կանգնելու: Ավելին, պետության մեջ այլեւս չի մնացել որեւէ խնդիր, որը միաժամանակ բոլորի խնդիրն է: Որովհետեւ ցանկացած խնդրից ամորձատվել է դրա քաղաքական հենքը: Դիցուք, չէր զգացվում, չէր հասկացվում, թե այս շարժումով ուսանողներին ով է ուղղորդում պաշտպանության նախարարի դեմ: Եթե ուղղորդող կա, ինչու՞ ամբողջ ուսանողությունը չի միանում այդ շարժմանը: Իսկ եթե ուղղորդողը ոչ այնքան մեծ ֆիգուր է, ի՞նչ հույսով է նախաձեռնել այս շարժումը: Մարդիկ նույնիսկ ակնհայտ թանկացումների, օր օրի վատացող կյանքի պատճառով փողոց դուրս չեն գալիս, մի քանի հարյուր հոգու տարկետման իրավունքը ինչու՞ պիտի մարդկանց փողոց հաներ:

Իշխանությունը այսօր պաշտպանված է հենց նրանցով, որոնցից պետք է վախենար: Այսինքն, ամբողջ ժողովրդով: Երեխաների թիկունքում կան ծնողներ, բազմաթիվ գիտնականներ կան, որոնք համաձայն են նրանց հետ: Ոչ ոք փողոց դուրս չեկավ: Բողոքողների թիվը մի քանի հարյուր հոգի էր, ներառյալ աղջիկները: Քաղաքական միակ «հուշումը» Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ներկայությունն էր խորհրդարանի ճաղերի մոտ բողոքող երեխաների դեմ: Վերջ: Նշանակում է՝ երեխաները պետք է հաշտվեն եղածի հետ, որովհետեւ իրենք Հայաստան կոչվող քաղաքական ամլության մի պտուտակն են, պետության ողնաշարի ամեն հատվածում բազմաթիվ հիվանդություններ կան, որոնք տարբեր ախտորոշումներ ունեն: Դրանց մեծ մասը մահացու է: Մարմինը, սակայն, դրանք հիվանդություն չի հռչակել, մարմինը չի բողոքում այդ հիվանդություններից: Ինչու՞: Որովհետեւ ցավի զգացում չունի, մարմինը սովորել է ցավին:

Ես խոսում եմ երեխաների պայքարի դատապարտվածության մասին, բայց չէի ասի, որ այդ պայքարը ողջունելի չէ: Նրանք մեծանալու են: Նրանք մասնակցելու են ընտրությունների: Նրանք երկիրը պետք է զգան ամեն օր: Եթե ամեն օր զգան, կհասկանան, որ իրենց մտահոգող օրենքը մեկ օրում եւ մեկ մարդու գլխում չի ծնվել: Իրենց մտահոգող օրենքը եւ, ընդհանրապես՝ «Ազգ-բանակ» խայտառակությունը ծնվել է ընտրությունից ընտրություն, սահմանային զոհից զոհ, ղարաբաղյան հարցի մասին բանակցությունից բանակցություն, երբ ինտերնետի դարում պետության գլխավոր «գաղափարախոսը» Նժդեհն է:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստ. ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԱՎ. Երեկ երեկոյան Գևորգ Սաֆարյանը հերթական անգամ բռնության է ենթարկվել’