Արսեն Զախարյան. «Չէի սպասում, որ ինձ այսպես կընդունեն «Ռեալ Սոսյեդադում»»

332

«Ռեալ Սոսյեդադի» նորեկ, Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը խոսել է իսպանական ակումբ տեղափոխության մասին։

«Ես ֆուտբոլիստ եմ, որը սիրում է գրոհել ու գոլ խփել, ինչպես նաև օգնել թիմին ամեն հարցում։ Ուրախ եմ լինել այստեղ՝ «Ռեալ Սոսյեդադի» պես հրաշալի ակումբում։ Միշտ հետևել եմ իսպանական ֆուտբոլին ու այս թիմին։ Ցանկանում էի խաղալ այստեղ, և լսելով «Ռեալ Սոսյեդադի» հետաքրքրության մասին, երկար չմտածեցի։ Ինձ դուր է գալիս այս թիմի ոճը։

Ամենաշատն ինձ դուր եկավ, որ «Ռեալ Սոսյեդադն» իրոք ցանկանում էր պայմանագիր կնքել ինձ հետ, և հնարավոր ամեն բան արեց դրա համար։ Չէի սպասում, որ թիմակիցներս այսքան ջերմ կընդունեն ինձ։ Բոլորը շատ սիրալիր են։ Առայժմ չգիտեմ՝ արդյոք կկարողանամ մասնակցել հաջորդ խաղին, դեռ վաղ է մտածել այդ մասին»,- իր շնորհանդեսին նվիրված ասուլիսում նշել է 20-ամյա ֆուտբոլիստը, հաղորդում է AS-ը։

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը 6 տարվա պայմանագիր էր կնքել «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Տրանսֆերի համար Լա լիգայի ներկայացուցիչը 12 միլիոն եվրո է վճարել Մոսկվայի «Դինամոյին»։ Պայմանագրում նշված է 75 միլիոն եվրո հրաժարագին։

Զախարյանը «Դինամոյի» սան է, 2021 թվականից խաղում էր մոսկովյան ակումբի գլխավոր թիմում, որի կազմում անցկացրած 89 խաղում դարձել է 19 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 5 հանդիպման ու դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածըԳրեթե 7 հազար տարանցիկ միգրանտներ չեն կարող հեռանալ Նիգերից
Հաջորդ հոդվածըԱշխարհի գավաթ․ Կարլսենն ու Պրագնանադհան առաջին պարտիան ավարտեցին ոչ ոքի