‘Արսեն Վենգեր. «Գործող պայմանագիր ունեմ ու միշտ փորձում եմ այն ավարտին հասցնել»’

1677

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է թիմում իր կարգավիճակի մասին և հայտարարել, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պատկերը նույնն է լինելու, ինչ անցած տարիներին, սակայն չի շտապում վստահեցնել, որ կշարունակի աշխատանքն ակումբում մինչև գործող պայմանագրի ժամկետի ավարտը: Հիշեցնենք, որ անցած ամռանը շատ էր խոսվում այն մասին, որ ֆրանսիացի մասնագետը կարող է հեռանալ «Արսենալից», սակայն մարզիչը երկու տարվա պայմանագիր ստորագրեց ակումբի հետ: Դա տեղի ունեցավ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Լոնդոնի «Չելսիին» հաղթելուց հետո:

Անցած ամիս ակումբի հերթական ժողովի ընթացքում քննարկվել է թիմի գլխավոր մարզչի հարցը, որի ընթացքում Վենգերի կողմից արված հայտարարությունները շատերը սխալ են հասկացել:

-Ասել եմ, որ ամեն մրցաշրջանի վերջում ես ամեն ինչ սկզբից եմ սկսում ու փորձում եմ հասկանալ, թե ուր ենք գնում այդ պահից սկսած: Երբեմն մարդիկ քո խոսքը կփոփոխեն՝ ինչպես իրենց ձեռնտու է: Ես երկու տարվա գործող պայմանագիր ունեմ, և ինչպես նախկինում, հիմա էլ կփորձեմ ավարտին հասցնել այն, բայց, միևնույն ժամանակ, ազնիվ եմ, առաջին հերթին՝ իմ նկատմամբ, և ամեն անգամ փորձում եմ հասկանալ, թե ուր ենք գնում: Շատ պարզ է,- ասել է Վենգերը:

Արսեն Վենգերը չի բացառել, որ ապագայում կարող է ազգային հավաքականի հետ աշխատելու հնարավորություն ստանալ: Հնարավոր է՝ ֆրանսիացին  նկատի է ունեցել 2022 թվականի Աշխարհի առաջնությունը՝ չնայած նրան, որ հաջորդ տարի նա կդառնա 69 տարեկան:

— Հնարավոր է՝ մի օր գնամ այդ որոշմանը, սակայն ինձ շարունակում է դուր գալ աշխատանքն ակումբում, և ամեն օր սա իսկական փորձություն է: 4 կամ 5 շաբաթն այլ փորձ է, ավելի շատ կենտրոնացվածություն է պահանջում, սակայն կարծում եմ՝ իրական փորձ կարելի է ձեռք բերել ամենօրյա աշխատանքի արդյունքում,- վստահեցրել է Վենգերը:

Փորձառու մասնագետը նաև խոսել է թիմի խաղացողների մասին, մասնավորապես՝ նշել, որ դեռևս անորոշ են հարցերը՝ կապված Մեսուտ Օզիլի ու Ալեքսիս Սանչեսի հնարավոր տրանսֆերների հետ:

-Ոչ մի որոշում չի ընդունվել, կլինեն հեռացողներ, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: Դեկտեմբերին ամեն ինչ պարզ կլինի,- հավելել է ֆրանսիացի մարզիչը:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպը հոսպիտալացվել է’
Հաջորդ հոդվածը‘Մայքլ Օուեն. «Լիվերպուլը» դեռ կարող է հաղթել Պրեմիեր լիգայում»’