‘Արտակ Շաբոյան. Նավթամթերքի երկու մատակարար Հայաստանի համար լիովին բավարար է’

1269

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է, որ Ռուսաստանից նավթամթերքի մատակարարումներ իրականացնում են «Սիթի Պետրոլ Գրուպ» (CPS) և «Ֆլեշ» ընկերությունները: «Այդ ընկերություններն անցյալում վառելիք են ներմուծել Բուլղարիայից և Ռումինիայից, բայց այժմ իրենց ավելի ձեռնտու է ներմուծել Ռուսաստանից»,- ասել է նա: Ավելի վաղ Հայաստան վառելիքի մատակարարումներով զբաղվում էր շուրջ 10 ընկերություն: Հանձնաժողովի նախագահը գտնում է, որ երկու մատակարար Հայաստանի համար լիովին բավարար է, քանի որ նավթամթերքը ռազմավարական ռեսուրս է, և ամբողջ աշխարհում այդ մատակարարումները մենաշնորհացված են:

Նշենք, որ 2014 թ. ինն ամիսներին Հայաստան է ներմուծվել շուրջ 241 հազար տոննա նավթամթերք` անցած տարվա նույն ժամանակշրջանի 236,5 հազար տոննայի փոխարեն: Աճը կազմել է շուրջ 2%, սակայն հատկանշական է աճի միտումը մշտական անկումից հետո: Արժեքային արտահայտմամբ նավթամթերքի մատակարարումները չեն փոփվել և կազմել են շուրջ $245 մլն: Նավթամթերքի պահանջարկը Հայաստանում մշտապես անկում է ապրել, քանի որ վառելիքի այդ տեսակը ակտիվորեն փոխարինվել է շատ ավելի էժան բնական գազով:

Նավթամթերքի ներմուծումը Ռուսաստանից 2014 թ. 9 ամիսներին աճել է 75,884 հազար տոննայից մինչև 164,404 հազար տոննա: Իրանից ներմուծումն աճել է 3,528 հազար տոննայից մինչև 7,886 հազար տոննա: Բուլղարիայից նավթամթերքի մատակարարումները կրճատվել են 34,941 հազար տոննայից մինչև 2, 847 հազար տոննա, Ռումինիայից կրճատվել են  68,824 հազար տոննայից մինչև 20, 688 հազար տոննա:

Այս կապակցությամբ հարկ է հիշեցնել, Սերժ Սարգսյանի արդեն թևավոր խոսք դարձած՝ Պրահայում արված հայտարարությունը՝ շաքարի ներմուծման մասին. «Բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն»: 

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Եռյակի անդամների առանձին հանրահավաքները ամրապնդում են վերջինիս դիրքերը’
Հաջորդ հոդվածը‘Հոնկոնգ. Նոր բախումներ ուսանողների և ոստիկանության միջև’