‘Արևմուտքն առայժմ չի հաստատել Ռուսաստանի տանկերի՝ Դոնբաս մտնելու մասին լուրերը’

953

Արևմտյան մայրաքաղաքներում անհանգստացած են Կիևից ստացված այն լուրերի կապակցությամբ, թե ռուսաստանյան տանկերը հատել են ուկրաինական սահմանը, սակայն առայժմ սեփական աղբյուրներից չեն ստացել այդ տեղեկատվության հավաստիության ապացույցները, հայտարարել են Վաշինգտոնի, Բեռլինի և Բրյուսելի պաշտոնական ներկայացուցիչները:

ԱՄՆ-ը չի կարող հաստատել այդ հաղորդագրությունը, սակայն եթե պարզվի, որ դա ճիշտ է, ապա դա կլինի կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնության կոպիտ խախտում, ասել է պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Փսակին:

«Մենք կարող ենք հաստատել, որ ռուսաստանյան զորքերի և սպառազինության թիվը վերջերս մեծացել է Ուկրաինայի արևելյան սահմանի մոտ: Եթե ներխուժումն Ուկրաինա հաստատվի, դա Ռուսաստանի ագրեսիայի և Ուկրաինան ապակայունացնելու գործում նրա անմիջական մասնակցության նոր ապացույցը կլինի»,- հայտարարել են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում:

Ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտահոգություն է հայտնել այդ առնչությամբ:

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության ազգային խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն նոյեմբերի 7-ին ճեպազրույցում հայտարարել է Իզվարինո անցակետի շրջանում Ռուսաստանից մեծ թվով ռազմական տեխնիկա տեղափոխելու մասին՝ 32 տանկ, 16 հաուբից և 30 ԿամԱզ, այդ թվում՝ ռադիոտեղորոշիչ կայաններով երեք բեռնատար: Ըստ նրա՝ սահմանի հատումը կատարվել է չորեքշաբթի:

Ռուսաստանի ՊՆ-ն այդ բոլոր տեղեկություններն անապացուցելի է անվանել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ստամբուլի նախկին ոստիկանապետը կանչվել է հարցաքննության Հրանտ Դինքի գործով’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԳԱՏԷ. Իրանի պատասխաններն անբավարար են’