‘Բագրատ Ասատրյան. Մի քիչ զսպեք ախորժակներդ, ժողովուրդն ուղղակի մեղք է’

2856

Դրամի հանկարծակի արժեզրկումը ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել: iLur.am-ն այդ կապակցությամբ զրուցեց մասնագետի հետ: Մեր զրուցակիցն է  տնտեսագետ, 1994-1998թթ.՝ ԿԲ նախագահ, այժմ՝ ԵՊՀ դասախոս  Բագրատ Ասատրյանը:

Անդրադառնալով դրամի արժեզրկմանը՝ պարոն Ասատրյանը նշեց, որ այն պայմանավորված է բազմաթիվ հանգամանքերով:

«Արժեզրկման համար կան հիմնարար հանգամանքներ, հիմնարար պատճառներ: Առաջին պատճառը, իհարկե, տնտեսական վիճակն է, որը տիրում է Հայաստանում,  որը տարիներ շարունակ ձևավորվել  և   բերել է  այս հանգրվանին՝ հիվանդ տնտեսություն, միակողմանի զարգացում, օլիգարխիկ համակարգ և այլն, և այլն… այս բնութագրերը հայտնի են, չեմ ուզում կրկնել:

Սրանք այն բնութագրերն են, որոնք  հանգեցրին այս տարվա ընթացքում արդեն տնտեսական աճի տեմպերի էական անկմանը, օտարերկրյա ներդրումների շարոնակական նվազմանը եթե ոչ զրոյացմանը, ներմուծման  առաջանցիկ աճին արտահանման նկատմամբ և այլևայլ բացասական դրսևորումների»,- նշեց պարոն Ասատրյանը:

Տնտեսագետը նշեց նաև, որ թեև նման երևույթների վրա լուրջ ազդեցություն ունեն արտաքին գործոնները, սակայն  պետք է պատճառները ոչ թե դրսում փնտրել,  այլ, նախ և առաջ, մեր տնտեսության մեջ:

«Մեր տնտեսությունը հմայիչ չէ  ներդրողների համար: Այո, մենք ասում ենք՝ Doing business-ով այսպիսի առաջընթաց ունենք, այս հատկանիշով Հայաստանը այսպիսի առաջընթաց է ունեցել` շատ լավ է, որ այդպես է, բայց մարդիկ չեն ուզում մեր երկրում փող դնել, անգամ նկատելի է դառնում փողի արտահոսքը մեր երկրից: Տնտեսությունը հիվանդ է, ֆինանսական հոսքը կրճատվում է, վերջին իրադարձությունը, իհարկե, մասնավոր տրանսֆերտների ծավալի կրճատումն էր, որը սկսեց ավելի ինտենսիվ դրսևորվել վերջին ամիսների ընթացքում, ինչը ևս իր առանձնահատուկ պատճառներն ունի, և այս ամեն ինչը հանգեցրին այն միջավայրի ձևավորմանը, որի պարագայում դրամը պետք է արժեզրկվեր: Հիմա՝ այսօր, երեկ, թե նախորդ օրը՝ հայտնի չէ, սակայն սա պետք է տեղի ունենար՝ դրամը պետք է արժեզրկվեր»,- հավելեց նա:

Բագրատ Ասատրյանը նշեց, որ  դաշտի բոլոր մասնակիցները կանխազգում էին և կանխատեսում էին, որ կլինի այս իրավիճակը, այսինքն՝  այն սպասվող իրադարձություն էր: «Անակնկալ էր, թերևս, հասարակության համար»:

«Ես այս երևույթը շատ բացասական չեմ համարում, մենք տնտեսություն ենք, և տնտեսության մեջ պետք է համամասնություններ լինեն: Այդ համամասնությունները ապահովվում են պարբեր եղանակներով, այդ թվում՝ նաև լողացող փոխարժեքի միջոցով, այդ թվում՝ նաև  արժեզրկվող արժույթի միջոցով: Տեղի ունեցածը , իհարկե, լավ չէ, ցանկալի չէ, սակայն ողբերգություն չէ, ոչ մի սարսափելի բան չկա այդտեղ, և առավել կարևոր է ոչ թե երևույթը գնահատել, այլ հետևանքները»:

Անդրադառնալով  հետևանքներին՝  տնտեսագետը նշեց `«սարսափելին սրանից հետո կարող է լինել, երբ սպառողական շուկայում դրսևորվի գների աճը: Դրամի արժեզրկումը բնական հիմք է գնաճի համար, բայց գնաճը կարող է նաև չլինել: Մենք միշտ խոսում ենք Կենտրոնական բանկի մասին, քանի որ  ԿԲ –ի  գլխավոր խնդիրը գների կայունությունն է,  սակայն այստեղ միայն կենտրոնական բանկը չէ, որ անելիքներ ունի: Այստեղ շատ անելիքներ ունեն իշխանությունները,կառավարությունը, մասնագիտացված կառույցները: Կառավարության մասին իմ տեսակետը հայտնի է, նրանք պարզապես ի վիճակի չեն համարժեք ընկալել  պրոբլեմները և համարժեք վճիռներ կայացնել,  ցավոք, իսկ ընթացիկ բյուջետային քննարկումները թերևս դրա առավել վառ ապացոյցն են: Վախենում եմ, որ վատագույն սպասումները առաջիկայում իրականություն կդառնան, և մենք կտեսնենք դրանց պտուղները»,- նշեց Ասատրյանը:

Ւ պատասխան այն հարցին, թե արդյո՞ք  նա հնարավոր համարում է Ամանորի շեմին կրկնակի գնաճ, այսինքն, արդեն սովորական նախատոնական գնաճին կգումարվի դոլարի թանկացմամբ պայմանավորվածը, պարոն Ասատրյանը նշեց, որ՝ այո, իսկապես՝ վտանգը  շատ մեծ է. «Մեր տնտեսությունն ուրույն է, ամբողջ աշխարհում երբ պահանջարկը մեծանում է՝ գներն իջնում են, իսկ մեզ մոտ հակառակն է, տարին մեկ անգամ, երբ շուկան սկսում է աշխուժանալ,  որի ներքո շուկայի մասնակից վաճառողներն են թելադրում պայմանները: Այսինքն՝ շուկայական հարաբերության պարզ տրամաբնությունը չի աշխատում: Սա  փոքր տնտեսություններին, մենաշնորհային տնտեսություններին հատուկ հիվանդություն  է, որը, ցավոք, նաև Հայաստանում է առկա»:

Բագրատ Ասատրյանը նշեց նաև, որ կան գործիքներ, որոնք կարող են թույլ չտալ հնարավոր գնաճը:

«Բնական գնաճ հնարավոր է,  բայց  թռիչք կամ  բնականոնից մեծ գնաճ, որոնք, ցավոք, մեր շուկայում հաճախ են հանդիպում՝ ահա այս երևույթները պետք է կանխվեն:

Ամենապարզ օրինակը նշեմ, որը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է բերել:

Նավթի միջազգային գները մեծ անկում են ապրել՝ հուլիս ամսվա նկատմամբ այսօր արդեն ավելի քան 50 տոկոս: Իսկ բենզինի գնի որոշիչ գործոններից է նավթի գինը: Իսկ որքանո՞վ է Հայաստանում նվազել բենզինի գինը՝ չնչին: Խնդրեմ, օրինակ, էստեղ իշխանությունը անելիք չունի՞: Հատկապես՝ այս ոլորտում, որտեղ, հայտնի է, ամենբարձր պաշտոնյաների որոշումներով է բենզինի շուկան կարգավորվում, թե՝  ով է ներկրում, ինչքան, անգամ որքանով է վաճառվում և այլն: 

Տնտեսագետը զերծ մնաց կանխատեսում անելուց՝  նշելով, որ   կանխատեսում անելը ճիշտ չէ, սակայն նկատեց, որ ընդհանուր միտումը բացասական է, արժույթի արժեզրկման նախադրյալները առկա են:

«Պարզապես մնում է մի քանի ցանկություն կամ պահանջներ ներկայացնել դրամավարկային իշխանություններին՝ նախ, չընկնել քաղաքական ուժերի ճնշման տակ:

ՀՀ-ում լողացող փոխարժեքը այլընտրանք  չունի: Սա մեր տնտեսության նորմալ գործունեության կարևորագույն նախապայմաններից է: Հաջորդը՝ չմասնակցել, չմիջամտել շուկային՝ ինտերվենցիաներ չանել, չի կարելի: ԿԲ-ի համար սա արտառոց միջոց պետք է լինի, ԿԲ-ն իր խնդիրները պետք է լուծի, և այդ խնդիրների լուծման ամենավատ ձևը արտարժութային ներարկումներն են, ինտերվենցիաները: Միջազգային պահուստների նպատակը ոչ թե փոխարժեքի պահպանումն է, այլ երկրի վճարունակության ապահովումը, գլոբալ այլ խնդիրների լուծումը: Շատ գայթակղիչ  միջոց է, բայց հարցի լուծում չէ և երկարատև ժամանակահատվածում բացասական երևույթների կհանգեցնի:

Սա է մեր իրողությունը, և պետք է իշխանություններից  պահանջենք և ակնկալենք, որ ախորժակները զսպեն կամ գոտիները ձգեն, աչալուրջ լինեն:    

Մի քիչ զսպեք ախորժակներդ, ժողովուրդն ուղղակի մեղք է»: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում Գերմանիայի դեսպան. Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն իմ ասածը ճիշտ չի մեկնաբանել’
Հաջորդ հոդվածը‘Լուկաշենկոն չափազանց կոշտ է արձագանքել Ռուսաստանի որոշմանը’