‘Բախում ոստիկանների եւ բնապահպանների միջեւ’

1678

Հայկական բնապահպանական ջոկատը մի խումբ ակտիվիստների հետ միասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, հավաքվել էր «Հայաթ Փլեյս» հյուրանոցի դիմաց, որտեղ միջազգային փորձագետների մասնակցությամբ քննարկվում էր Վայոց Ձորի մարզում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցը։

Ինչպես տեղեկացնում է News.am-ը, բնապահպան ակտիվիստները ուզում էին մտնել ու մասնակցել քննարկմանը, սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին դա անել՝ պատ կազմելով հյուրանոցի մուտքի մոտ։ Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ դա հանրային քննարկում է, եւ ոստիկաններն ապօրինաբար են խոչընդոտում իրենց մասնակցությունը։

Երբ ակտիվիստները փորձեցին ներխուժել հյուրանոց, ոստիկանները նրանց ուժով հեռացրեցին մուտքի մոտից: Արդյունքում՝ ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ տեղի ունեցավ բախում։

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել էին պաստառներ՝  «Պոչամբարը գործող գերեզմանոց է», «Հանքակեր-մարդակեր», «Hands off Armenia»,  «Հայաստանի ընդերքը հոշոտվում է այլ երկրների կողմից», «Կանադական էկոգաղութարար, դուրս մեր երկրից» գրություններով։

Բնապահպանները պնդում են, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կվնասի տարածքի կենսաբազմազանությանը, նաեւ մոտակա բնակավայրերին` Սարավան գյուղին եւ Ջերմուկ քաղաքին։

Նախորդ հոդվածը‘Ձերբակալվել է «Զապ» մականունով քրեական հեղինակությունը’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Մին, էրկու, իրեք, չորս, իմ հավասն ա Տասնչորս» ‘