Բանգլադեշի ԱԳՆ ղեկավարը բոլոր երկրներին կոչ է արել բոյկոտել Իսրայելը

186

Բանգլադեշի արտաքին գործերի նախարար Աբդուլ Մոմենը Գազայում դեպքերի կապակցությամբ միջազգային հանրությանը կոչ է արել բոյկոտել Իսրայելը և նրա արտադրանքը։

Այդ մասին նա հայտարարել է Էր Ռիյադում Իսլամական համագործակցության կազմակերպության 8-րդ արտահերթ գագաթնաժողովում։

«Ժամանակն է, որ բոլոր երկրներն ու բոլոր դավանանքները բոյկոտեն Իսրայելը և նրա արտադրանքը, հատկապես՝ իսլամական հանրությունը և ազնիվ մարդիկ»,- նրա խոսքն է մեջբերում Daily Observer պարբերականը։

Մոմենը Գազայում կատարվողն անվանել է էթնիկ զտման օրինակ։ «Նման գործողություններին պետք է հետևի պատիժը, որպեսզի մեկընդմիշտ վերջ դրվի շարունակվող հակամարտությանը Գազայում, որպեսզի բոլոր գերիներն ազատ արձակվեն, որպեսզի մարդիկ կարողանան խաղաղ ապրել իրենց հողի վրա»,- ասել է նա։

Ըստ նախարարի՝ Բանգլադեշը հանդես է գալիս հօգուտ կրակի անհապաղ դադարեցման, մարդասիրական միջանցքների անխափան և անարգել աշխատանքի, ինչպես նաև միջազգային հանրության կողմից իրավիճակի կայունացման հստակ ժամանակացույցի ստեղծման։

Նախորդ հոդվածըՀայաստանը 10 մեդալ նվաճեց Երևանում կայացած սամբոյի աշխարհի առաջնությունում
Հաջորդ հոդվածըԳազայում ցամաքային գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է 49 լրագրող