Բեռլուսկոնիի հուղարկավորության արարողությունը կկատարվի Միլանում

247

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի պետական հուղարկավորության արարողությունը կկայանա չորեքշաբթի օրը Միլանի տաճարում, բայց մինչև հիմա հայտնի չէ, թե որտեղ է թաղվելու հայտնի քաղաքական գործիչն ու գործարարը։

Երկուշաբթի օրը նախկին վարչապետի մարմինը հիվանդանոցից տեղափոխել են Միլանի մերձակա Արկորե քաղաքում  գտնվող նրա «Սան Մարտինո» վիլլան, ինչը ստիպել է, որ իտալական լրատվամիջոցները հիշեն այդ վիլլայում Բեռլուսկոնիի հրահանգով հսկայական դամբարան կառուցելու մասին։ Մոտիկ բարեկամների վկայությամբ՝ ընտանեկան դամբարան ստեղծելու գաղափարը Բեռլուսկոնիի գլխում ծնվել է այն ժամանակ, երբ 1989 թ․ մահացել էր նրա հայրը՝ Լուիջին։ Այդ ժամանակ միլիարդատերը դիմել էր հանրահայտ քանդակագործ Պիետրո Կաշելլային, որն էլ դարձել էր նախագծի հեղինակը։

Սպիտակ մարմարե դամբարանի շինարարության վրա, որտեղ, Բեռլուսկոնիի մտահղացմամբ, պետք է հուղարկավորվեն նաև իր մերձավոր բարեկամներն ու ընկերները, ծախսվեց երեք տարի և 90 տոննա ալպիական մարմար։

Իր աբստրակտ քանդակագործական կոմպոզիցիան Կաշելլան անվանել է «Երկնակամար»։ Վերջինս նաև գործնական կիրառություն ունի․ դամբարանի ստորգետնյա հատվածում, ուր տանում է տրավերտինե սանդուղքը, մարմարե սարկոֆագ կա, ինչպես նաև խորշեր՝ ևս 36 հուղարկավորության համար։

«Սան Մարտինոյի» դամբարանը մինչև հիմա դատարկ էր։ Նույնիսկ երբ 2008 թ․ մահացավ Բեռլուսկոնիի մայրը, նրան հուղարկավորեցին Միլանի գերեզմանոցում, ամուսնու կողքին։

 Միլանի Corriere della Sera թերթն այս առիթով հիշեցրել է, որ Իտալիայում գործող օրենսդրությունն արգելում է թաղումները գերեզմանոցների տարածքից դուրս։ Բայց հնարավոր է՝ Բեռլուսկոնիի համար բացառություն արվի։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՍթոլթենբերգը վստահ է՝ ՆԱՏՕ-ն «հրաշալի մարդու» կգտնի իր փոխարեն
Հաջորդ հոդվածը«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Ինձագիի հետ