‘Բեռնար Շալանդը կշարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը’

1064

Չնայած ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի անհաջող մասնակցությանը, ՀՖՖ-ն շարունակելու է համագործակցել Բեռնար Շալանդի հետ:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ինքը վստահում է շվեյցարացի մասնագետին:

«Ես չեմ հեռացնում Շալանդին, որովհետեւ առայժմ վստահում եմ նրան: Նա փորձառու մարզիչ է ու հետեւություններ կանի, կփոխի մեր թիմի խաղի ոճը: Բնականաբար արդյունքն է ինձ հետաքրքրում ու շատ դժգոհ եմ: Չի կարող բավարարել այն, որ երեք խաղում միայն մեկ միավոր է վաստակել թիմը»,- Հայրապետյանի խոսքերն է մեջբերում «Մեդիամաքսը»:

ՀՖՖ նախագահն ասել է, որ հավաքականը շանսեր ունի խմբից դուրս գալու, բայց եթե շարունակի խաղալ այնպես, ինչպես վերջին խաղերում, ապա դա հնարավոր չի լինի անել:

Շալանդը Հայաստանի հավաքականը գլխավորել էր այս տարեսկզբին: ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլում անցկացրած 3 խաղում նրա սաները 2-ում (Դանիա, Պորտուգալիա) պարտություն են կրել ու միայն Սերբիայի հետ խաղացել ոչ ոքի: Նա հաջողություն չի ունեցել նաեւ ընկերական խաղերում՝ պարտվելով Ալժիրին, Գերմանիային ու Ֆրանսիային, թիմը Շալանդի գլխավորությամբ հաղթել է միայն ԱՄԷ-ին:

Նախորդ հոդվածը‘6 օրով Երևանը կդառնա թատերական մայրաքաղաք’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում Եվրոպայում մահացու ելքով ՃՏՊ-ների քանակով’