‘Բեռնափոխադրողները պարտվել են դատարանում և բյուջե կվճարեն 95 մլն դրամ’

1236

ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ, բեռնափոխադրումների ոլորտում գործող «Չորս ընկեր», «ՍՕՀՕ» և «Պրոֆ իմպրոտեքս» ընկերությունների բողոքն ընդդեմ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մերժվեց, և ՏՄՊՊՀ որոշումը մնաց ուժի մեջ: Տնտեսվարողների բողոքը մերժվել է դատական բոլոր՝ 3 ատյաններում: Այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ-ից:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը մամուլի տասնյակ հրապարակումների, ինչպես նաև առևտրականների բողոքների հիման վրա լայնածավալ ուսումնասիրություն էր սկսել Թուրքիայից և Չինաստանից իրականացվող բեռնափոխադրումների ոլորտում: ՏՄՊՊՀ-ը պարզել էր, որ «Չորս ընկեր», «ՍՕՀՕ», «Պրոֆ իմպրոտեքս» և «Նանիս» ընկերությունները հակամրցակցային համաձայնության գալով բարձրացրել էին փոխադրվող ապրանքի համար պահանջվող գինը. Թուրքիայից ներկրվող ապրանքի մեկ կիլոգրամի համար առևտրականներից պահանջվող գումարը 4 դոլարից դարձել էր 8 դոլար, Չինաստանից ներկրվող ապրանքի դեպքում՝ 7-ի փոխարեն՝ 14 դոլար:

Բացի «Նանիս» ընկերությունից, մյուս երեքը դատական կարգով բողոքարկել էին ՏՄՊՊՀ որոշումը:

Ներկրման և իրացման ծավալներով խոշորը «Չորս ընկեր» ընկերությունն է, որը, ՏՄՊՊՀ որոշման համաձայն՝ պետբյուջե կվճարի 55 մլն դրամ, «ՍՕՀՕ» ընկերությունը՝ 30 մլն, իսկ «Պրոֆ իմպրոտեքսը»՝ 10 միլիոն դրամ:

Նախորդ հոդվածը‘Հրդեհ «Երևան ՋԷԿ»-ում ‘
Հաջորդ հոդվածը‘Սոթք-Քարվաճառ ճանապարհին 45 մարդ դուրս է բերվել արգելափակումից’