‘Բոլիվիան դարձավ 22-րդ երկիրը, որ ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը’

1747

Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունել են բանաձև, որը ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում:

Ինչպես հաղորդել են ԱԳՆ-ից, Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված փաստաթղթերում, մասնավորապես, հայտարարվում է. «1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը Օսմանյան կայսրության իշխանությունները, «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների, գրողներին, արվեստի գործիչների, հոգևորականների, բժիշկների, հասարակական գործիչների և մասնագետների ձերբակալությունները, ծրագրված աքսորները, իսկ այնուհետև պատմական Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի տարածքներում հայազգի քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդերը»: Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության և արդարության արժեքներին, արտահայտում են իրենց զորակցությունը և դատապարտում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը»:

Ուշագրավ է, որ Նոյեմբերի 30-ին Բուենոս Այրեսի Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում կիրակնօրյա պատարագից հետո Բոլիվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթերը հանդիսավոր պայմաններում հանձնվել են Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանին և Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանին: Միջոցառմանը, որպես հատուկ հյուրեր, հրավիրված էին Բոլիվիայի Սենատի նախագահի տեղակալ, Սենատի գործող նախագահ Սոնյա Գուարդիա Մելգարը և Պատգամավորների պալատի պատգամավոր Ֆարիդես Վալա Սուարես դե Սուարեսը: Իր ելույթում Տիկին Սոնյա Մելգարը, անդրադառնալով Բոլիվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նշել է, որ Բոլիվիայի ժողովուրդն ու իշխանությունները ոչ միայն իրենց համերաշխությունն ու զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին` հանուն արդարության պայքարի գործում, այլ նաև դատապարտում են 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստի ժխտողականության ցանկացած դրսևորում: Նա ընդգծել է նաև, որ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջոցով հնարավոր կլինի ազգերի և պետությունների կյանքում կանխարգելել նման ոճիրների կրկնությունը:

Իր ելույթում դեսպան Մելիքյանը Հայաստանի Հանրապետության իշխանությունների անունից խորին երախտագիտություն է հայտնել Բոլիվիայի ժողովրդին և իշխանություններին այս կարևոր և պատմական իրադարձության կապակցությամբ: Ըստ դեսպանի՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին Բոլիվիայի կողմից այս ճանաչումը նոր էջ է բացում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում և ևս մեկ անգամ ապացուցում, որ ժխտողականության և մերժողականության քաղաքականությունը ի զորու չէ պայքարելու արդարության և ճշմարտության հաստատման դեմ:

Նշենք, որ Բոլիվիան դարձավ 22-րդ երկիրը, որ ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Առաջինը Հայոց ցեղասանությունը ճանաչել է Ուրուգվայը, հետո` Արգենտինան, Ռուսաստանը, Բելգիան, Վատիկանը, Վենեսուելան. Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Կանադան, Կիպրոսը, Լիբանանը, Լիտվան, Նիդերլանդնները, Լեհաստանը, Սլովակիան, Ֆրանսիան, Չիլին, Շվեյցարիան, Շվեդիան: Ուշագրավ է, որ Շվեյցարիան, Սլովակիան և Հունաստանն ընդունել են նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրենքներ, իսկ Ֆրանսիան պատրաստվում է ընդունել համանման փաստաթուղթ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրախորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ խտրականության կանխարգելման և փոքրամասանությունների պաշտպանության ենթահանձնաժողովը, ՄԱԿ պատերազմական հանցագործությունների հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Նոր Հարավային Ուելսը (Ավստրալիա), Սան Պաուլուն, Սեարան և Պարանան (Բրազիլիա), Ուելսը, Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը), Բասկերի Երկիրը, Կատալոնիան, Բալեարյան Կղզիները (Իսպանիա), Քվեբեկը (Կանադա), Կիևը, Ուժգորոդը, Իզյումը, Գոլոսեևյան շրջանը (Ուկրաինա), Ղրիմը, ինչպես նաև ԱՄՆ 50 նահանգներից 43-ը:

Նախորդ հոդվածը‘Այսօր մեկնարկող քառօրյայի օրակարգում ԵՏՄ-ի պայմանագիրն է և բյուջեն (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Ձյան և ձնաբքի պատճառով մեքենաներ են արգելափակվել’