‘Բողոքի ցույցեր Նյու Յորքում՝ մարդասպան ոստիկանին արդարացնելու պատճառով’

926

Չորեքշաբթի երեկոյան Նյու Յորքում բողոքի ցույցեր են բռնկվել այն բանից հետո, երբ երդվյալ ատենակալների դատարանն արդարացման վճիռ է կայացրել ոստիկան Դենիել Պանտալեոյի նկատմամբ, որը հուլիսին ձերբակալման ընթացքում խեղդամահ էր արել աֆրոամերիկացի Էրիկ Գարներին: Ավելի վաղ բողոքի ալիք էր բարձրացրել նույնատիպ միջադեպը Ֆերգյուսոնում:

Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց և վանկարկել Գարների վերջին խոսքերը ՝ «Ես չեմ կարողանում շնչել»:

Վեց երեխաների հայր Էրիկ Գարները սպանվել է հուլիսի 17-ին, մաքսանենգ ծխախոտ վաճառելու համար ձերբակալվելու պահին: Նա անզեն է եղել, սակայն ոստիկանները նրան տապալել են գետնին ու ոլորել ձեռքերը: Նրանցից մեկը ուժային հնարք է կիրառել, որը ասթմայով հիվանդ Գարների համար մահացու է եղել: Գարները գանգատվել է, որ չի կարողանում շնչել, բայց իրավապահներն ուշադրություն չեն դարձրել: Բժշկական փորձագետներն արձանագրել են, որ նա խեղդամահ է արվել: Փոխանցում է euronews-ը:

Ըստ ТАСС-ի՝ ոստիկանությունը ձերբակալել է առնվազն երեսուն ցուցարարների:

Նախորդ հոդվածը‘Բազելում Քերին և Լավրովը կքննարկեն ուկրաինական ճգնաժամը’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Ուկրաինայի կառավարությունում Սաակաշվիլիի զինակիցների նշանակումները հարուցել են Թբիլիսիի դժգոհությունը’