‘Բողոքի ցույց ԱԺ դիմաց. Եվրաինտեգրացիայի կողմնակիցները Հայաստանում մեծամասնություն չեն կազմում (տեսանյութ)’

1225

ԱԺ-ում այսօր աշխատանքային օրվա ավարտին մեկնարկեց Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայանագրի վավերացման գործընթացը: Այդ ընթացքում մոտ երկու տասնյակ քաղաքացիներ ԱԺ դարպասների մոտ բողոքի ցույց էին անում ընդդեմ ԵՏՄ անդամակցության: Նրանց հետեւում էին մոտ նույն թվով ոստիկաններ:

iLur.am-ը ցույցի մասնակից, Երեւանի մամուլի ակուբի նախագահ Բորիս Նավասարդյանին հարցրեց՝ արդյո՞ք նմանատիպ ցույցերի սակավամարդությունը չի հաստատում այն տեսակետը, որ ԵՏՄ անդամակցության ընդդիմացողները Հայաստանի բնակչության շատ քիչ մասն են կազմում:

Պարոն Նավասարդյանի խոսքով, ԵՏՄ-ին չընդդիմանալու պատճառը ավելի շուտ մեր հասարակության՝ Ռուսաստանին մոտ լինելու սովորությունն է:

«Բայց պետք է հասկացվի, որ դա ի վերջո կապ չունի: Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ կարելի է ունենալ եւ՛ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի առկայության պայմաններում, որեւէ խոչընդոտ այդտեղ չկար:  Ցավոք սրտի, այդ գիտակցությունը չկա», — ասաց Նավասարդյանը:

Նրա խոսքով, հասարակության զգալի մասի մոտ  այս հարցում, ինչպես եւ հանրային հնչեղություն ունեցող մյուս հարցերում պատասխանատվության զգացում չկա: «Երեւի, դա Խորհրդային միության ժառանգությունն է, երբ մարդիկ կարծում են, որ իրենցից որեւէ բան կախված չէ», — ասաց նա:

Բորիս Նավասարդյանը նշեց, որ ինքը, եվրաինտեգրացիայի կողմնակից լինելով, չի համարում, որ եվրաինտեգրացիայի կողմնակիցները Հայաստանում մեծամասնություն են կազմում: Հարցը, ըստ նրա, այն է, որ Ռուսաստանի կողմնակիցների հետ կարելի է կոմպրոմիսի գնալ, բայց դա ԵՏՄ-ի հետ կապ չունի:

Այնուհանդերձ, մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ վերադարձ դեպի Խորհրդային միություն հնարավոր չէ, որովհետեւ, նրա խոսքով, նախ՝ ԽՍՀՄ-ը որոշակի պատմական պայմաններում գոյություն ունեցած բացառիկ կառույց էր, եւ բացի դրանից ԵՏՄ-ը արդեն այժմ ցույց է տալիս իր անկենսունակությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:  

Նախորդ հոդվածը‘Շվեյցարացիները դեմ են ներգաղթի սահմանափակմանը’
Հաջորդ հոդվածը‘Սևամորթ պատանուն կրակած ոստիկանը հրաժարական է տվել’