‘Բրիտանական հատուկ ծառայությունները կպարզեն կասկածելի օգտատերերի տվյալները’

1041

Բրիտանական հատուկ ծառայություններին իրավունք կտրվի ինտերնետ-փրովայդերներից պարզել ցանցի այն անանուն օգտատերերի տվյալները, որոնք կասկածվում են ահաբեկչության և մանակպղծության մեջ: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը: Նրա խոսքով՝ բրիտանական կառավարությունը մտադիր է խորհրդարան ներկայացնել օրինագիծ՝ հակաահաբեկչական և անվտանգության միջոցառումների մասին: Օրինագծի համաձայն՝ օգտատիրոջ անունը և հասցեն պարզելու համար ոստիկանությունը և հակահետախուզությունը ինտերնետ-ընկերությանը պետք է ներկայացնեն կասկածյալի IP-հասցեի տվյալները:

2012 թ. Դևիդ Քեմերոնի կառավարությունը նախատեսել էր ընդունել մի օրինագիծ, որը թույլ կտար հատուկ ծառայությունների մշտական հսկողության տակ պահել էլեկտրոնային փոստը, հեռախոսակապերը և սոցիալական ցանցերում քաղաքացիների շփումները: Նախագծի համաձայն՝ կապի ընկերությունները պետք է իրենց ցանցերը զինեին հատուկ հաղորդիչներով, որոնք հատուկ ծառայություններին հնարավորության կընձեռեին իրական ժամանակի ռեժիմով և առանց դատարանի թույլտվության՝ տվյալներ ստանալ յուրաքանչյուր հեռախոսազանգի, որոշակի համարից յուրաքանչյուր տեքստային հաղորդագրության, էլեկտրոնային փոստով ուղարկված նամակների և սոցիալական ցանցերում մարդկանց հետ շփումների մասին: Այս օրինագիծը, որը մամուլն անվանեց «Լրտեսական խարտիա», հանրության բողոքի ալիք բարձրացրեց: Այն ուժգնացավ այն բանից հետո, երբ 2013 թ. ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը բացահայտեց էլեկտրոնային լրտեսման ծրագրերը, որոնք վարում են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզությունները: Դևիդ Քեմերոնի կառավարությունը ստիպված եղավ հրաժարվել այդ ծրագրից:

Ներկա օրինագիծը նախկին ծրագրի՝ նվազագույնի հասցված տարբերակն է: Սակայն բրիտանացի իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ իրավապահ մարմինները շատ լայն մեկնաբանություն կտան այս օրենքին և կչարաշահեն ահաբեկիչներին և մանկապիղծներին հայտնաբերելու՝ իրենց իրավունքը: Փոխանցում է ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիայի ռեստորաններում հրաժարվում են սպասարկել կանանց’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիայում գտել են գերթե մեկ շաբաթ չորացած ջրանցքում մնացած նորածնի’