‘Գագիկ Ջհանգիրյան. Միասնական քննչական մարմին ստեղծելու դրական գաղափարը կարող է ի չարս գործադրվել’

2070

Օրերս Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել պաշտպանության նախարարության, ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին: iLur.am-ը թեմայի շուրջ զրուցեց Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ, որի հեղինակմամբ 2009-2010-ին մշակված դատա-իրավական բարեփոխումների հայեցակարգում առաջ է քաշված միասնական քննչական ապարատ ստեղծելու գաղափարը:   

Պարոն Ջհանգիրյան, Միասնական քննչական մարմնի ստեղծման գործընթացը ազդարարող՝ Սերժ Սարգսյանի կարգադրությունից հետո կարծիքներ հնչեցին, որ դա Աղվան Հովսեփյանին անպաշտոն չթողնելու նպատակ ունեցող նախաձեռնություն է: Արդյո՞ք դա այդպես է, թե սա 2005-ի սահմանադրական փոփոխություններով սկսված դատա-իրավական բարեփոխումների տրամաբանական շարունակությունն է:

Չեմ կարծում, որ որեւէ անձին պաշտոնով ապահովելու խնդիր է լուծում այս կառույցի ստեղծումը: Ընդհանրապես, միասնական քննչական մարմին ստեղծելու գաղափարը թե՛ խորհրդային իրավական գիտության մեջ, թե հետագայում՝ մեր անկախության տարիներին միշտ քննարկվել է, նաեւ ԱՊՀ անդամ պետությունների պրակտիկայում: Տարբեր երկրներում ստեղծվել են նման մարմիններ: Միասնական քննչական մարմին ստեղծելու գաղափարը, ըստ էության, ածանցյալ էր այն սահմանադրական դրույթից, որով դատախազությունից վերցվեց նախաքննություն վարելու լիազորությունը: Այսինքն՝ դատախազությունն օժտված է քրեական հետապնդման վարույթ հարուցելու լիազորությամբ,  բայց մինչդատական վարույթ իրականացնելու լիազորություն չունի: Եւ երբ 2007-ին դատախազությունից հանվեց քննչական մարմինը, տարբեր գերատեսչություններում ստեղծվեցին համապատասխան քննչական ծառայություններ՝ պաշտպանության նախարարությունում, հարկային-մաքսային մարմիններում, եւ ստացվեց մի վիճակ, երբ հանրապետությունում կային հինգ-վեց քննչական մարմիններ՝ այդ թվում, ԱԱԾ քննչական մարմինները եւ Հատուկ քննչական ծառայությունը: Եւ քանի որ այդ մարմինները գործում էին այսպես ասած, հզոր ուժային կառույցների կազմում, հետեւաբար, դատախազական հսկողությունը մինչդատական վարույթում շատ դեպքերում այդ մարմիններում մեղմ ասած կաղում էր, կամ ձեւական բնույթ էր կրում: Կարելի է ասել՝ փորձեցին բարեփոխել համակարգը՝ բայց ավելի վատ արդյունք ստացան: Նաեւ այդ պատճառով, երբ 2009-10 թվականներին Հայ ազգային կոնգրեսի պետա-իրավական հանձնաժողովը դատա-իրավական բարեփոխումների հայեցակարգի մշակում նախաձեռնեց, դրա կառուցվածքային առաջարկությունների դրույթներից մեկն էլ այն էր, որ Հայաստանում անհրաժեշտ է միասնական քննչական մարմին ստեղծել, որը թույլ կտա մի կողմից՝ ապահովել քննիչների ինքնուրույնությունը օպերատիվ-հետախուզական մարմիններից (ի դեպ, Սերժ Սարգսյանի այս կարգադրության մեջ հղում է արվում նախաքննության անկախությանը, ինչը ճիշտ չէ. քննիչը անկախ լինել չի կարող, նա պետք է ինքնուրույն լինի, անկախ՝ դատարանները պետք է լինեն), միեւնույն ժամանակ, դատախազական հսկողությունը նախաքննության նկատմամբ կդառնար ավելի իրական եւ արդյունավետ: Ըստ էության, այս նախաձեռնությունը դրական կլիներ, եթե չլիներ մի «բայց»: Կարգադրությանը ծանոթանալիս նկատում ենք, որ դրանում կարծես միտումնավոր բաց է թողնված Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմինը, քանի որ այս գործընթացին ներգրավված չէ այդ ծառայութան ղեկավարը, ինչպես նաեւ Հատուկ քննչական ծառայությունը: Սրանից կարելի է ենթադրել, որ, ստեղծելով իբր միասնական քննչական մարմին, էլի սրան զուգահեռ մնալու է ԱԱԾ քննչական կառույցը եւ ՀՔԾ-ն: Եթե իմ ենթադրությունը ճիշտ է, մեծ հաշվով բան չի փոխվի, որովհետեւ մենք հինգ նախաքննական մարմինների փոխարեն կունենանք երեքը: Գուցե թե այս հանձնաժողովի աշխատանքների ընթացքում իմ ենթադրությունը հերքվի:

Ամեն դեպքում, այս կապակցությամբ օրենսդրական փոփոխությունների փաթեթ կներկայացվի ԱԺ եւ այդ քննարկումների ընթացքում խմբակցությունները հնարավորություն կունենան իրենց շտկումներն առաջարկել:   

Իհարկե, բայց դուք շատ լավ հասկանում եք ուժերի հարաբերակցությունը Ազգային ժողովում, եւ քաղաքական մեծամասնությունը, մանավանդ այն դեպքերում, երբ նախաձեռնությունը գալիս է նախագահականից, առանց երկար մտածելու հավանություն է տալիս դրան:

Փաստորեն, այս նախաձեռնությամբ գերատեսչական քննչական ծառայությունները կլուծարվեն եւ կստեղծվի մեկ միասնական քննչական մարմին: Կոնգրեսի հայեցակարգում Դուք նշել էիք, որ անգամ այս դեպքում գերատեսչական հետաքննական մարմինները պետք է մնան: Այս դրույթն ինչպե՞ս է պահպանվում:

Հետաքննական մարմինները մնում են: Հետաքննական մարմիննեը չեն էլ կարող միավորվել: Որովհետեւ, օրինակ, ոստիկանությունը ոչ միայն օպերատիվ-հետախուզական, այլեւ հետաքննական մարմին է: Կամ՝ ՊՆ ցանկացած զորամաս հետաքննական մարմին է եւ այն: Այստեղ հետագայում այլ հարց է առաջ գալու: Եթե այս միասնական մարմինը ստեղծվի եւ սկսի աշխատել, առաջին հինգ-վեց ամիսներից հետո ծագելու է այս մարմնին սեփական օպերատիվ-հետախուզական կառույցով ապահովելու խնդիրը: Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ քննիչը պետք է հանձնարարություն տա օպերատիվ-հետախուզական մարմնին՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ, նաեւ չբացահայտված հանցագործությունները բացահայտելու եւ այլ հարցերի վերաբերյալ: Հիմա՝ եթե սեփական գերատեսչության քննիչն է հանձնարարում իր գերատեսչության օպերատիվ ծառայությանը, դա կարծես թե սեփական աշխատանք է այդ ծառայության համար, եւ այստեղ, կարելի է ենթադրել, որ շահագրգռվածությունը մեծ է: Բայց երբ այդ հանձնարարությունը տալիս է քննչական մարմնին, որը բացի օրենքով սահմանված հարաբերություններից, այլ ծառայական հարաբերությունների մեջ չէ այդ մարմնի հետ, այս դեպքում այդ հանձնարարությունների կատարման թերացումները պարբերական բնույթ են կրելու: Նույն խնդիրն այսօր ունի ՀՔԾ-ն, որի հանձնարարությունները օպերատիվ հետախուզության մասով կատարում է ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն:  Պատկերացրեք՝ քննում են ոստիկանության կամ ԱԱԾ թեկուզ նախկին աշխատակցի վերաբերյալ գործ, եւ ՀՔԾ հանձնարարությամբ գերատեսչությունը պետք է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկի եւ բացահայտի հնարավոր հանցակիցներին: Որքան՞ով է ոստիկանության կամ ԱԱԾ-ի օպերատիվ անձնակազմը շահագրգիռ, որպեսզի բոլոր հանցակիցները, որոնց մեջ հնարավոր է նաեւ գործող պաշտոնյաներ լինեն, բացահայտվեն: Այս խնդիրն այսօր ծառացած է ՀՔԾ-ի առաջ եւ առավել մեծ չափով ծառացած կլինի ստեղծվելիք միասնական քննչական ծառայության առաջ:

Առանձին գերատեսչություններում գործող քննչական մարմիններն այսօր մասնագիտացված են համապատասխան ոլորտներում հանցագործությունների մեջ: Միասնական քննչական մարմնում այդ մասնագիտացումները պետք է վերանա՞ն:

Միասնական քննչական մարմնում քննչական կառույցները դադարում են ենթարկվել տարբեր գերատեսչությունների: Սակայն ներքին մասնագիտացումը ոչ միայն չի բացառվում, այլեւ ցանկալի եւ պարտադիր է: Միասնական քննչական մարմնում առանձին քննչական կառույց պետք է գործի զինվորական հանցագործությունների գործերով, մեկ այլ քննչական կառույց պետք է գործի հարկային-մաքսային հանցագործություններով եւ այլն: Այսինքն, քննչական մասնագիտացումն այստեղ պարտադիր է:

Դուք նշում եք, որ միասնական քննչական ծառայության ստեղծմամբ քննիչները կձերբազատվեն գերատեսչություններից անցանկալի կախվածությունից: Այս  դեպքում սակայն,  նախաքննությունը չափազանց մեծ կախվածության մեջ չի՞ ընկնի դատախազությունից:  

Նման խնդիր չի առաջանա, որովհետեւ քննիչը, ուզի թե չուզի, պարտավոր է կատարել դատախազի օրինական ցուցումները: Դատախազությունը Սահմանադրությամբ եւ օրենքներով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող միակ մարմինն է: Դրա համար ես նշեցի, որ քննիչը չի կարող անկախ լինել: Խոսքը գնում է քննիչի ինքնուրույնության մասին: Այստեղ այլ խնդիր է ծագում՝ քննիչ-քննչական բաժնի պետ-հսկող դատախազ՝ այս հարաբերությունները քրեա-դատավարական օրենսդրությունն այսօր հիմնականում կարգավորել է: Հուսանք, որ Քրդատ. նոր օրենսգիրքը, որի նախագիծը ներկայացվել է ԱԺ, այս դաշտում ավելի հստակություն կմտցնի: Քննիչն, այո, պետք է մնա քննությունն ինքնուրույն իրականացնող անձ՝ ինքնուրույն վարկածներ առաջադրի, քննչական գործողություններ պլանավորի եւ կատարի, քննչական եւ դատավարական որոշումներ կայացնի եւ այլն: Բայց նա պարտավոր է նաեւ կատարել դատախազի բոլոր ցուցումները: Հասկանալի է՝ կան մեխանիզմներ այն դեպքերի համար, երբ քննիչը համաձայն չէ դատախազի՝ իր կարծիքով ապօրինի ցուցումի հետ: Նման դեպքերն օրենսդրությունը հիմնականում կարգավորում է: Քննչական ծառայությունը, քննիչը, չի կարող դուրս լինել դատախազի հսկողությունից. սա սահմանադրական նորմ է:

Սերժ Սարգսյանի կարգադրությունից ինձ  մոտ տպավորություն է ստեղծվել, որ կազմավորվելիք մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակվելու է Աղվան Հովսեփյանը:  Որքանո՞վ արդյունավետ կլինի նորաստեղծ մարմնի գործունեությունը հանրության աչքում արատավորված կադրերի ղեկավարութան ներքո:

Այդ կարգարդրությունից ինքնաբերաբար նման բան չի հետեւում: Այս կարգադրության բովանդակությունը հանձնաժողովի ստեղծումն է, որը պետք է ապահովի օրենսդրական, ենթաօրենսդրական եւ նաեւ կազմակերպչական մմիջոցառումների մշակումն ու իրականացումը, որը պետք է հիմք դառնա այս միասնական մարմնի ստեղծման համար:

Քանի որ քննչական միասնական մարմնի ստեղծումը Կոնգրեսի 2012-ի նախընտրական ծրագրային դրույթներից է, կարելի՞ է համարել, որ իշխանությունը փորձում է իրականացնել ընդդիմության առաջ քաշած ծրագրերը:   

Իրականում, միասնական քննչական մարմինը հեծանիվի հայտնագործություն չէ: Սա իրավագիտության տեսությունում եւ պրակտիկայում տարիներ ի վեր քննարկված հարց է: Նաեւ չի կարելի ասել, որ սա իմ հեղինակային իրավունքի օբյեկտն է: Ես սա չեմ հայտնագործել, ուղղակի Հայաստանի իրավապահ մարմինների լիազորությունների համադրման եւ պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում եկել եմ այն եզրակացության, որ ավելի նպատակահարմարը միասնական քննչական մարմնի ստեղծումն է:

Հիմա պետք  է ամրագրել, որ, նախ, ամբողջովին միասնական քննչական մարմին չի ստեղծվում. այս կարգադրությունից բխում է, որ դրանից դուրս են մնում ԱԱԾ քննչական մարմինը եւ ՀՔԾ-ն, այսինքն՝ ունենում ենք երեք քննչական ծառայություն: Եւ երկրորդ՝ մեր դեպքում օրենքներն ու օրենսդրական դաշտի բացերը չեն հիմնական պատճառները, որ երկրում արդարություն, արդարադատություն չկա: Ուղղակի՝ օրենքը չի կիրառվում, կամ կիրառվում է խտրական, ինչ-որ մարդիկ օրենքի առաջ ավելի հավասար են, քան մնացածները, օրենքը ծառայում է որպես ընդդիմությանը զսպաշապիկ հագցնելու, քաղաքական հետապնդումների միջոց. օրինակները բազմաթիվ են: Հիմա, ֆորմալ առումով այս լավ առաջարկությունը կարող է ի վերջո ի չարս արդարադատության կամ քննիչի ինքնուրույնության գործադրվել: Կարող է ձեւավորվել մի այնպիսի մարմին, որ քննիչի այսօրվա ինքնուրույնության մասին  ապագայում կարելի կլինի երազել ուղղակի: Մեզ մոտ, իմ խորին համոզմամբ, օրենքի կիրառումն է, որ կաղում է երկու ոտքից: Հիմա էլ փորձում են բարեփոխել Սահմանադրությունը: Ինչ է՝ մեր գործող Սահմանադրությունն այդքան վա՞տն է: Ո՛չ: Իհարկե, կան որոշ հակասություններ, որոշ բացեր, բայց հիմնական թերությունը դա չէ: Հիմնական թերությունն այն է, որ Սահմանադրության դրույթները մեծամասամբ ոտնահարում է հենց իշխանությունը: Հիմա՝ ինչքան ուզում եք բարեփոխեք, մեկ է՝ լավ Սահմանադրությունը կխախտեն: Այնպես որ, կարեւորն օրենքի կիրառման, յուրաքանչյուրի պատասխանատվության ապահովման, օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի ապահովման խնդիրն է, այլ ոչ թե անընդհատ բարեփոխելու, վերափոխելու խնդիրը:

Նախորդ հոդվածը‘Բացվել է Օքթոբերֆեստը. 180-րդ գարեջրային փառատոնը Մյունհենում’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Սոս Սարգսյանը’