‘Գագիկ Ջհանգիրյան. Նախարարությունների թիվը պետք է կրճատել (Տեսանյութ)’

1317

«Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի կառավարության կառուցվածքը փոփոխելու մասին օրինագծի քվեարկությանը, հայտարարեց Կոնգրեսի խմբակցությունից պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Ներկայացված օրինագծով նախատեսվում է միավորել Արտակարգ իրավիճակների եւ Տարածքային կառավարման նախարարությունները, ինչպես նաեւ՝ ստեղծել Տնտեսական ինտեգրացիայի նախարարություն:

Ջհանգիրյանը խմբակցության անունից նշեց, որ նախագծի առաջին կետը, որով միավորվում են ԱԻ եւ Տարածքային կառավարման նախարարությունները, ընդունելի է:

«Որովհետեւ, ամեն դեպքում, կրճատվում է մեկ վարորդ, մեկ քարտուղարուհի, մեկ մեքենա եւ այլն՝ հաշվապահություն, այլ ծառայություններ: Կառավարումն օպտիմալացվում է, ինչը դրական է», — նշեց նա:

Ավելին, ըստ պատգամավորի՝ եթե ՆԳՆ-ը վերականգնելու խոսակցությունները մոտ ապագային են վերաբերում, ապա այս երկու նախարարությունների միացությունը պետք է հանդիսանա այն հիմքը, որի վրա պետք է ձեւավորվի ապագա ՆԳՆ-ը, որի մեջ կարելի է ներառել Ճանապարհային ոստիկանությունը, անձնագրային ծառայությունը, համայնքային ոստիկանությունը եւ այլն:

«Ինչ վերաբերում է օրինագծի երկրորդ դրույթին, որով ստեղծվում է Միջազգային ինտեգրացիայի նախարարություն, ապա, ըստ պատգամավորի, կրկին հասկանալի է, որ Կառավարությունն ուզում է, որ  նախարարի պորտֆելով որեւէ պաշտոնյա բանակցի միջազգային ինտեգրացիայի հարցերով՝ դա կլինի ԵՏՄ, թե ԵՄ:

 «Մեր խմբակցությանը մտահոգում է մեկ այլ բան, մենք չենք հասկանում՝ ի՞նչ է լինելու էկոնոմիկայի նախարարության հետ: Ինչպե՞ս ենք բաժանում էկոնոմիկայի նախարարության ֆունկցիաները: Չէ՞ որ էկոնոմիկայի նախարարության 70 տոկոսը վերաբերում է տնտեսական ինտեգրացիային: Այս խնդիրը մեզ դնում է երկընտրանքի առաջ, եւ դրա համար մենք ձեռնպահ ենք քվեարկելու», — ասաց Ջհանգիրյանը:

Միեւնույն ժամանակ, նա ավելացրեց, որ 2,5 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար 20 նախարարություն ունենալը շռայլություն է՝ հարկավոր է կրճատել կառավարության ապարատը՝ թեթեւացնելու հարկատուների բեռը եւ ավելի արդյունավետ դարձնելու համար կառավարումը: 

Նախորդ հոդվածը‘«Շրջանառության հարկի մասին» օրինագիծը հետաձգվեց մինչեւ փետրվար’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ը առաջին ընթերցմամբ հավանություն տվեց Կառավարության կառուցվածքի փոփոխությանը ‘