‘Գերմանիայի ԱԳ նախարարը հաստատում է Լեւոն Տեր-Պետրոսյանի իրավացիությունը’

4220

Ըստ մամուլի տարբեր միջոցների հաղորդագրությունների՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը Süddeutsche Zeitung պարբերականի ապրիլի 20-ի համարում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային։ Նա բացահայտ հասկացրել է, որ Գերմանիայի Բունդեսթագը ապրիլի 24-ին կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Այս տեղեկատվությունը շատ արագ տարածվեց հայկական լրատվամիջոցներով։ Սակայն շատ ավելի կարեւոր է Շթայնմայերի հայտնած անհանգստությունը՝ ոչ որպես Գերմանիայի արտգործնախարար, այլ որպես պետական գործիչ-քաղաքագետ- փորձագետ։ Այնպես որ՝ դա կարելի է, ըստ արժանվույն՝ կոչել սրտացավ անհանգստություն, ինչը որեւէ երկրի պաշտոնյա կարող էր նաեւ չանել։ Որոշ լրատվամիջոցներով տարածվեց նաեւ նրա այդ անհանգստությունը, որ հետեւյալն է. «Ինձ մտահոգում է ավելի ու ավելի թեժացող քաղաքական բանավեճը Անկարայում ու Երևանում… Գնալով ահագնացող քաղաքական բանավեճերն այդ հարցի շուրջ կարող են բարդացնել կամ նույնիսկ անհնարին դարձնել  լուրջ եւ ուղիղ երկխոսությունը  Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ»։  Հասկանալի է, որ արտգործնախարարը նկատի ունի Ս. Սարգսյանի «100-ամյա տարելիցի հռչակագիրը», դրան Թուրքիայի արձագանքները եւ այլն։ Նրա կարծիքով՝ այդ երկխոսությունը պիտի ընգրկի «այն ամենը, ինչն այսօր նշանակություն ունի, ու թե ինչպես կարող է անցյալի սարսափի շուրջ հիշողությունը ավելի լավ դրացիական ապագայի առաջնորդել»։ Ըստ Շթայնմայերի՝ ցավոտ անցյալին առնչվելը միշտ պիտի հաշտեցման հասնելու նպատակ ունենա։

Բայց սա իր քաղաքական բովանդակությամբ շատ ծանոթ անհանգստություն է՝ վերջին մեկ ամսում մի քանի անգամ նույնությամբ հնչած Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներում ու հոդվածներում։ Ընթերցողին համեմատության համար ահա մի քանի քաղվածք.

«Բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակենսական ու կարեւորագույն խնդիրները երկուսն են, այն է` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը»։

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրն», արդ, ոչ միայն ամենեւին ուղղված չէ թվարկված գերկենսական խնդիրների լուծմանը, այլեւ անխուսափելիորեն նորանոր խոչընդոտներ է հարուցելու դրանց հաղթահարման ճանապարհին: Առճակատման ոգով գրված այդ փաստաթուղթը Թուրքիային ստիպելու է ավելի կոշտ դիրք գրավել Հայաստանի նկատմամբ` ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»:

«Ինչեւիցե, բոլոր առումներով ակնհայտ է, որ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը» ոչ մի կապ չունի Հայաստանի իրական խնդիրների հետ, արմատապես հակասում է նրա պետական շահերին, նոր բարդություններ առաջացնում հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացներում եւ ծառայում բացառապես հայության հայրենասիրական զգացումների շահարկմամբ քաղաքական դիվիդենտներ ստանալու՝ Հայաստանի հանցավոր վարչախմբի հետապնդած ճղճիմ նպատակին»:

 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Ուրախների եւ հնարամիտների գիտաժողով’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայի լիբերալները կոչ են անում Թուրքիային՝ ճանաչել Ցեղասպանությունը’