‘Գերմանիայում քվոտաներ են սահմանվել կին տնօրենների համար’

902

Գերմանիայի խոշոր ընկերություններին հանձնարարվելու է իրենց տնօրենների խորհուրդները 30 %-ով համալրել կանանցով: Այդպիսի պահանջ է դնում օրենքը, որը կառավարությունը ներկայացրել է բունդեսթագ: Նոր օրենքը կսկսի գործել 2016 թվականից:

Այն ընկերությունները, որոնք չեն կարողանա իրականացնել այդ պահանջը, կպարտավորվեն տնօրենների պաշտոնները թափուր պահել:

Գերմանիայի գործարար շրջանակների որոշ առաջատար ներկայացուցիչներ քննադատել են օրենքը:

Նման միջոցառումներ նախկինում արվել են եվրոպական մի քան այլ երկրներում՝ Նորվեգիայում, Իտալիայում և Հոլանդիայում: «Այդ օրենքը կարևոր քայլ է հավասարության հարցում, քանի որ այն փոփոխություններ կմտցնի աշխատատեղերում»,- երեկ բունդեսթագում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով դրանից առաջ դեմ էր արտահայտվում այդ օրենքին:

Կանանց հարցերով նախարար Մանուելա Շվայզիգը հայտարարել է, որ, իր կարծիքով՝ թափուր տեղեր այնքան էլ շատ չեն մնա, քանի որ երկրում  բավարար թիվ են կազմում բարձր պաշտոն զբաղեցներու համար անհրաժեշտ որակավորում ունեցող կանայք:

Գերմանական ընկերություններում ղեկավար պաշտոնների 80 %-ում տղամարդիկ են: Իսկ դաշնային կառավարությունում նախարարական պաշտոնների 40 %-ը զբաղեցնում են կանայք: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի հրամանատարն զգուշացնում է Ղրիմի ռազմականացման մասին’
Հաջորդ հոդվածը‘Հոլիվուդի աստղերը սոցցանցերում կարծիք են հայտնել Ֆերգյուսոնի միջադեպի մասին’