‘Գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանը դատապարտվեց 15 տարի ազատազրկման’

1016

Գյանջայի դատարանը 15 տարի ազատազրկման դատապարտեց Ադրբեջանում գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանին: Վերջինս իր պատիժը կկրի խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում:

Դատախազ Անար Միրքիշեւը պահանջել է Բաղդասարյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի բանտում։ Նիստի ժամանակ, այսպես ասած՝ «տուժողները» հայտարարել են, թե համաձայն են դատախազի հետ: Նրանք դատարանին կոչ են արել արդար վճիռ կայացնել: Հայտնում է «ԱՊԱ»-ն:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանի գործը միջազգային մարդասիրական իրավունքների  ոտնահարման վառ օրինակ էր. գերեվարումից հետո 1.5 ամիս շարունակ ԿԽՄԿ ներկայացուցիչներին թույլ չեն տվել տեսակցել նրա հետ։ Արսեն Բաղդասարյանը գերի էր ընկել 2014թ. դեկտեմբերի 26-ին։

Հապճեպ սարքած գործի շրջանակներում ԼՂՀ քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել հանցավոր խմբավորման անդամ լինելու, մի խումբ մարդկանց կողմից իրականացված դիտավորյալ սպանության փորձի, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբավորման կողմից նախապես համաձայնեցված սպանության փորձի, 2 կամ ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի, ազգային, կրոնական կամ ռասայական ատելության հողի վրա դիտավորյալ սպանության եւ այլ հոդվածներով։

Ադրբեջանական իշխանությունները ի սկզբանե փորձում էին Արսեն Բաղդասարյանի գործը օգտագործել քարոզչական նպատակներով: Հունվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր տարածեցին, թե իբր ՊԲ զինծառայող, պայմանագրային Արսեն Բաղդասարյանը ինքնակամ է անցել ադրբեջանական կողմ ու չի ցանկանում վերադառնալ Հայաստան։ Սակայն մինչ այդ՝ 2014թ. դեկտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, թե իբր հայկական կողմը դիվերսիայի անհաջող փորձ է արել, ինչի հետևանքով «դիվերսիոն խմբի» անդամներից մեկը՝ Արսեն Բաղդասարյանը, հայտնվել է Ադրբեջանում։

Ավելի ուշ ՊԲ մամուլի ծառայությունը հերքել է հայկական կողմի դիվերսիայի մասին տեղեկատվությունը, սակայն նշել է, որ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը՝ հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար, հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Օրենսգրքերում վիրահատական միջամտությունը անընդունելի է’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Խախտել են արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին օրենքը, վերջին պահին նոր նախագիծ են բերել ‘