‘Գեւորգ Նալբանդյան. Ինչից ուր ենք հասել’

20207

Գառնիկ Իսագուլյանը հորդորում է, որ աղջիկները նախաձեռնեն-գնան ծառայեն բանակում: Ղարաբաղյան պատերազմը նրա համար էր, որպեսզի կանայք, աղջիկները չենթարկվեն ադրբեջանցիների բռնություններին: Հրադադարից 23 տարի անց Ղարաբաղի պետական պաշտոնյան հայ աղջիկներին բանակ զորակոչելու առաջարկություն է անում: Եւ թող Իսրայելի օրինակը դրոշ չդարձնի: Իսրայելում բոլորովին այլ իրավիճակ է: Իսագուլյանի առաջարկությունը պաշտպանողներ Հայաստանի եւ Ղարաբաղի նժդեհա-փանջունիական վերնախավում հաստատ կգտնվեն:

Նոմենկլատուրային մտավորականներից մեկն էլ օրինակ կբերի Ավարայրում կանանց գնդի կամ «Վարդանանքի» Մամիկոնյան Մեծ տիկնոջ օրինակը, եւ պատկերը կամբողջանա: Ռամկավար-ազատական կուսակցությունը Սիսիանում հրաձգարան է բացել, որտեղ պատանիներն ու աջիկները կարող են անվճար զարգացնել «նժդեհական հրաձիգի» իրենց ունակությունները: Մնում է, որ մանկապարտեզների ավագ խմբերում երեխաներին պարտադիր խաղալիք ատրճանակ եւ պլաստիկ փամփուշտներ բաժանեն ու վարժեցնեն եւ «միայն զենքով կա հային փրկություն» երգել սովորեցնեն: «Ազգ-բանակ» ենք դառնում, չէ՞: Ո՞վ կպատկերացներ, որ հրադադարից 23 տարի հետո մենք ավելի շատ պատերազմին, քան խաղաղությանն ենք մոտ լինելու:

Ու՞մ մտքով կանցներ, որ պատերազմ անցածների զավակները եւ թոռները նույնպես պատերազմ են տեսնելու… Եւ դեռ ասում են, որ 2040 թվին Հայաստանը պետք է 4 միլիոն բնակիչ ունենա: Չի ունենա, որովհետեւ ոչ ոք չի ուզում իր զավակին ուղարկել մահվան բերան: Ոչ մի ծնող իր աղջկան բանակ ուղարկելու ցանկություն չի ունենա: Եւ որպեսզի վաղը նման փորձություն չապրի, մարդիկ կգերադասեն արտագաղթել: Երիտասարդները չեն ամուսնանա, զավակ չեն ունենա: Քարոզչությունից եւ մտավարժանքներից վեր՝ կա օբյեկտիվ իրականություն: Կյանքը պահանջում է իրենը:

Մարդիկ խաղաղություն եւ աշխատանք են երազում, ապահովություն: Բայց ոչ՝ աղջիկներին բանակ ուղարկելու գնով: Իսկն ասած, դա արդեն ապահովություն չէ, եթե երկրի հույսը մնացել է աղջիկ-նորակոչիկների վրա: Դա ոչմիթիզհողականության վերջի սկիզբն է, հիվանդագին ջղաձգումը, որից ժողովուրդը պետք է զգուշանա: Ով գիտի՝ հոգեվարք ապրող ցնորականությունն էլ ի՞նչ փորձություն է մոգոնում մեր գլխին: Ինչից ուր ենք հասել: Ափսոս..

Նախորդ հոդվածը‘Twitter-ն արգելափակել է Թրամփի նախկին խորհրդականին՝ լրագրողներին վիրավորելու համար’
Հաջորդ հոդվածը‘Գրոհայինները Սոմալիում զավթել են հյուրանոցը, կան զոհեր’