‘Գեւորգ Նալբանդյան. Պատերազմ ենք խաղում’

20851

«Պատերազմող երկրում բոլորը պետք է մասնակցեն հայրենիքի պաշտպանությանը»,- կարդում ենք եւ չենք հարցնում՝ մենք պատերազմող երկի՞ր ենք: Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարել, ո՞ր երկիրը: Ադրբեջա՞նը: Բայց եթե այդպես է, ինչու՞ Սերժ Սարգսյանը ուղերձով չի դիմել ժողովրդին, պառլամենտն ինչու՞ չի հայտարարել ռազմական դրություն: Ինչու՞ են անցկացվում ընտրություններ: Չէ՞ որ սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ ռազմական դրության պայմաններում ընտրություններ չեն անցկացվում, իշխանության լիազորությունները երկարաձգվում են՝ մինչեւ կհաստատվի խաղաղություն, կյանքը կվերադառնա բնականոն ընթացքի: Որից հետո կանցկացվեն ընտրություններ, կձեւավորվի նոր իշխանություն:

Եթե ռազմական դրություն չի հայտարարվում, ուրեմն երկիրը պատերազմի մեջ չէ: Իսկ եթե փաստացի պատերազմի մեջ է, բայց ֆորմալ՝ ոչ, ուրեմն իշխանությունը չի կատարում սահմանադրությամբ իր վրա դրված պարտականությունը: Ասել է թե՝ իշխանությունը խախտում է սահմանադրությունը: Այս խաղի վերջը ե՞րբ է գալու: Երկիրը փաստացի ապրում է խաղաղ կյանքով, հարուստներն ավելի են հարստանում, աղքատները՝ հասնում ընչազրկության, բոլոր դռները բաց են՝ մարդիկ տասնյակ հազարներով հեռանում են, արտագաղթում, ուսանողները դասադուլ են անում, շուկաների մանրավաճառները՝ բողոքի ցույց, մեկի համար կյանքը զրնգում է, բացվող օրը հազարավորներին բերում նոր հոգսեր…

Եւ բոլորը նույն բանն են ասում. «Մենք պատերազմող երկիր ենք»: Իսկ իրականության մեջ կա Ղարաբաղի հարց, որը պատերազմով եթե լուծվելու լիներ՝ 1994թվին մեկընդմիշտ կփակվեր: Դեռ ինչքա՞ն ժամանակ ենք այսպես պատերազմ խաղալու՝ հոգու խորքում չցանկանալով, որ անգամ հրադադարը խախտվի: Եւս քանի՞ տարի է պետական քարոզչությունը մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու չեղած եւ գործնականում չլինելիք պատերազմի սպառնալիքով: Տգեղ խաղ է: Իշխանությունը դառնում է իր խաղի գերին՝ նրանից արդեն պահանջում են սեփական օրինակով ապացուցել, որ մենք, իրոք, պատերազմող երկիր ենք: Իսկ իշխանությունն իրեն որեւէ սահմափակում թույլ չի տալիս:

Այդ դեպքում հասարակությունն ինչու՞ է դատապարտվել «մենք պատերազմող երկիր ենք» ասվածին եւ զոմբիացած կրկնում է իշխանության ասածը: Ե՞րբ է հասարակությունը դնելու հստակ խնդիր. եթե պատերազմ է, ուրեմն եկեք ապրենք ռազմական դրության ռեժիմով: Իսկ եթե ոչ, ուրեմն պետք է գտնել խաղաղություն հաստատելու հնարավորությունը: Երկրին պետք է իրական, պրագմատիկ օրակարգ, ոչ թե՝ բառախաղ, պատերազմի խաղ:

Նախորդ հոդվածը‘Տարկետման գործող կարգը փոխվեց. ԱԺ-ն ընդունեց աղմկահարույց նախագիծը’
Հաջորդ հոդվածը‘Համացանցի ազատությունը վատթարանում է’