‘Գինեսի ռեկորդների գիրքը. քաղաքական ռեկորդներ’

1606

Նոյեմբերի երրորդ հինգշաբթի ավանդաբար նշվում է Գինեսի ռեկորդների համաշխարհային օրը: Առաջին անգամ գիրքը հրատարակվել է 1955 թ. Մեծ Բրիտանիայում և միանգամից բեսթսելլեր է դարձել: Այժմ գիրքը ամեն տարի հրատարակվում է 23 լեզուներով, ավելի քան 100 երկրներում, և պահպանում է վաճառքի գծով առաջատարի իր դիրքերը: 2005 թ. վաճառվել է գրքի 100-միլիոներորդ օրինակը:

59 տարիների ընթացքում գրքում տեղ են գտել նաև մեծ թվով քաղաքական ռեկորդներ:

Պետության ամենաերիտասարդ ղեկավարը՝ Կիմ Չեն Ին: ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Իրի երրորդ որդին 2011 թ. դեկտեմբերի 17-ին հոր մահվանից անմիջապես հետո հայտարարվեց «մեծ ժառանգորդ»: Կիմ Չեն Ինի ծննդյան ստույգ թվականը հայտնի չէ՝ 1982, 1983 կամ 1984 թ. հունվարի 8:

Իշխող միապետներից ամենատարեցը՝ 90-ամյա Աբդալա իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդը: Սաուդյան Արաբիայի արքան գահ է բարձրացել 2005 թ. 81 տարեկան հասակում:

Ռեկորդային թվով պետությունների ղեկավարը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը, որի իշխանությունը տարածվում է 16 երկրների վրա: Թեև նա քաղաքական իշխանություն չունի, և թագուհու դերն անվանական է ու արարողակարգային, այնուհանդերձ՝ Ազգերի բրիտանական համագործակցության 15 պետությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և բրիտանական 14 անդրծովյան տարածքների ավելի քան 128 մլն բնակիչներ ճանաչում են նրա ինքնիշխանությունը:

Ամենահայտնի քաղաքական թվիթը գրառել է Բարաք Օբաման՝ 2012 թ. նախագահական ընտրություններում հաղթելուց հետո: «Եւս չորս տարի» մակագրությունը և լուսանկարի հղումը, որտեղ նա գրկել է կնոջը՝ Միշելին, 24 ժամվա ընթացքում հավաքել է 771 635 «ռեթվիթ»:

Աշխարհի ամենահարուստ իշխանավորը՝ Թաիլանդի Թագավորության արքա Պումիպոն Ադուլյադետը (Ռամա IX), որի կարողությունը, Forbes-ի տվյալներով՝ գնահատվում է 30 մլրդ դոլար:

Իշխանության ղեկին գտնվելու ռեկորդակիր է Ֆիդել Կաստրոն: Կուբայի հեղափոխության առաջնորդը իշխանության է եղել 49 տարի, 10 ամիս, երեք օր: Ավելի շատ միայն միապետներն են եղել:

Անհաջող մահափորձերի թվով նույնպես ռեկորդակիրը դարձյալ Ֆիդել Կաստրոն է: Թիկնազորի նախկին պետի խոսքով՝ նրա դեմ կատարվել է 638 մահափորձ:

Սիրիմավո Բանդարանաիկան առաջին և ամենաերկարը իշխանության եղած կինն է: Նա երեք անգամ զբաղեցրել է Շրի Լանկայի վարչապետի պաշտոնը՝ ընդհանուր առմամբ իշխանության լինելով 18 տարի:

Մարիա Էսթելա Մարտինես դե Պերոնը առաջին կին նախագահն է: Նա Արգենտինան ղեկավարել է ամուսնու՝ նախագահ Խուան Պերոնի մահից հետո՝ 1974 թ.: Երկու տարի անց՝ 1976 թ., տապալվել է ռազմական հեղաշրջման արդյունքում:

2012 թ. նախագահական և Կոնգրեսի ընտրություններն ԱՄՆ-ում ամենաթանկարժեքն են: Ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար ծախսվել է 6 մլրդ դոլար:

Ըստ ТАСС-ի:

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ-ն ուղղաթիռի խոցման վերաբերյալ ինֆոգրաֆիկա է հրապարակել’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում եվրաինտեգրացիայի գծով փոխվարչապետ կարող է դառնալ Լեհաստանի նախկին նախագահը’