‘Գոհար Սիմոնյան. Ազատության հրապարակը քո՛ տարածքն է’

1892

Օտարների հետ հանդիպման առաջին իսկ առիթին մշտապես հարցնում եմ, թե ինչ գիտեն նրանք Հայաստանի մասին: Եւ արդեն չեմ էլ զարմանում, երբ կամ բացարձակապես անտեղյակ մարդկանց եմ հանդիպում, կամ նրանց, ովքեր «Armenian—ն Romania»-ի» հետ են շփոթում, մեզ էլ՝ մահմեդական կարծում, և կամ նրանց, ովքեր ընդամենը երկու բան գիտեն մեր մասին. հին քրիստոնյա ժողովուրդ ենք, որ սքանչելի վանքեր ունի սարերում կորած, և մեզ ցեղասպանել են՝ ոչինչ ավելի:

Առավել տեղեկացվածները գիտեն նաև երկրաշարժի, Անկախության շարժման,  Թուրքիայի, Ադրբեջանի հետ ունեցած խնդիրների, հոկտեմբերի 27-ի, կառավարության կոռումպացվածության, աղքատության և արտագաղթի՛ մասին:

Ինտելեկտուալները մի փոքր էլ ավելին գիտեն, և այդ իմացածը մոտավորապես հետևյալ կերպ է սահմանվում՝ դուք հին և հոգնած ժողովուրդ եք, ինքներդ ձեզանից երես թեքա՛ծ անապագա ժողովուրդ…

Կասեք՝ մռայլ գույներով եմ ամեն բան ներկայացնում, և քիչ չեն նաև նրանք, ովքեր մեր հյուրասիրության, բարության և էլի՛ բազում առաքինությունների մասի՞ն են խոսում:

Գուցե և կան նման մարդիկ, չեմ ժխտում: Ոմանց նաև անձամբ են ճանաչում: Բայց նրանք այս կամ առիթով Հայաստանում ապրած մարդիկ են: Այնպիսիք, ովքեր հաջողեցրել են «շրջանցել» Սերժ Սարգսյանի Հայաստանի թշվառությունը և հասնել մարդկանց սրտերին: Մանավանդ՝ մարզերում…

Ինչ վերաբերում է միջազգային լրահոսին, որին ամեն Աստծո օ՛ր եմ հետևում՝ հասկանալու համար, թե հանրային կարծիքն ինչ Հայաստան է ձևավորում, ինչպիսի՞ գույներով՝ էլի՛ ուրախանալու բան չկա:

Այստեղ կամ լռություն է, կամ «աղերսվում ենք» Թուրքիայի, Ադրբեջանի, Սիրիայի հետ կապված խնդիրներին, կամ՝ այս ու այն ծայրում մի խաչքար ենք  կանգնեցնում, ու ոմանք «լավություն են անում»՝ այդ մասին երկու տող գրելով, կամ որևէ հայի անձնական հաջողության մասին է պատմվում, և կամ էլ՝ «մերոնց» «բանդայական վարպետության»…

Ստացվում է՝ մենք կամ որևէ մեկին առհասարակ չենք հետաքրքրում և բացարձակապես «օժտված չենք» այս կամ այն տարածաշրջանային դերակատարմամբ, կամ՝ հանդես ենք գալիս միայն որպես խնդրահարույց և «ողբասաց» երկիր:

Ո՞րը պիտի լինի, ուրեմն, այս իրավիճակում նորմալ մտածող հայի կամ ՀՀ քաղաքացու եզրակացությունը:

Արդյո՞ք այն, որ մեր ժողովուրդն իսկապես էլ հոգնած ազգ է, և որ հարկավոր է «թուլանալ ու հաճույք ստանալ՝ սպասելով ամենավերջին»:

Թե՞ կա մեկ այլ ելակետ, որից պիտի «շուրջբոլորը նայել ու բռնվելու տեղ փնտրել»:

Ուղիղն ասած՝ ինքս այն կարծիքին չեմ, որ մենք հոգնած ժողովուրդ ենք՝ բառի «վերջացած լինելու» իմաստով: Ոչ թե որովհետև հայ եմ, այլ որովհետև չեմ ճանաչում մեկ այլ ժողովուրդ, ով մեկ դարից պակաս էլ ժամանակամիջոցում անցներ Ցեղասպանության, անմիջապես հետո՝ անկախ պետության ձևավորման, դրա կորստի, սովետացման, երկրաշարժի, կրկի՛ն Անկախության, պատերազմի, վերջապես՝ քոչարյանա-սարգսյանական սարսափի, Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի միջով, և դեռ կենսունակ լիներ այնքան, որ կարողանար Ազատության հրապարակում ուժի կենտրոն ձևավորել՝ մի կարգին թռիչք հաջողեցնելու մղմամբ…

Խնդիրն, ուրեմն, ուրի՛շ տեղում է, և այնտեղ, ինչն ընդունված է անվանել քաղաքական էլիտա:

Այ այստեղ՝ իսկապես հոգնած են:

Մահվան աստիճան հոգնած:

Եւ հենց միայն այդքանով՝ մեղավո՛ր:

Թե չէ՝ լեգիտիմ չէին՝ կդառնային, ժողովրդավար չէին՝ կսովորեցնեին լինել, տհաս — անձեռնհաս էին՝ կկրթվեին, անգրագետ էին՝ կսկսեին կարդալ նրանց նմանությամբ,  ովքեր ժամանակին գիրք կարդալ չէին սիրում, իսկ այսօր ամբողջական ցիտատներ են մեջտեղ բերում…

Ագահ էին՝ խելքի կգային, հասկանալով, որ մարդու «ծակ աչքն» իրականում միայն «հողն է կշտացնում»: Անիրավ էին՝ իրավունք սիրողի կվերածվեին, երբ լսեին դատը շահած արդարի օրհնությունը, մոլագար էին՝ կզսպվեին: Գիտնական չէին՝ «պատմափիլիսոփա լիսկա» էին, կամ «ֆիլոս-Սոկրատ», իրենց զավակները կդառնային այդպիսին:

Դու կենդանի մարմին ու ապագային միտված պրպտուն մի՛տք ասա:

Երկրիդ ամեն միլիմետրը խնամող տանտիրոջ ձե՛ռք ասա:

Բայց չունե՛ն:

Եւ կյանքն էլ տառապանք է դառնում սրանց ներկայությամբ, որովհետև ոչ տաք են, ոչ սառը:

Գա՛ղջ են՝ կենդանի մեռած, և իրենց գաղջությունը տարածում են  հնարավոր ամեն ծակուծուկում՝ «փակելով այս երկրի թոքերն ու թունավորելով մեր մթնոլորտը»:

Ամենամեծ ցանկության պարագային անգամ սրանք ի վիճակի չեն միջավայր ձևավորել բնականոն կյանքի ու անհատի ռեալիզացման համար, և սա՛ է նրանց գլխավոր մեղքը՝ երկիրը համատարած աղետի գոտի դարձնելն ու հույսի բացակայությունը, թե այն մի օր պետականաշինության «շինհրապարակ կդառնա»:

Սխալներով, թերություններով, գոռգոռոցով, ներողությամբ, բայց կենդանի տարածք, ապրելու գոտի, ոչ թե զոնա՛՝ բառի բանտային, հեղձուցի՛չ իմաստով:

Եւ այսքանից հետո մի՞թե ակնհայտ չէ, թե ինչու պիտի բոլոր նրանք, ովքեր իրապես մաքուր օդի են կարոտ, պիտի Ազատության հրապարակու՛մ լինեն այսօր:

Կապ չունի՝ ում ես սիրում, ում՝ ոչ, ում ես պատրաստվում ընտրել, ում երբեք ձայն չես տա (ընտրելու և մնացածի Ժամանակն էլ վրա կհասնի):

Կարևորն այն է, որ Հրապարակում լինես՝ քո տարածքում, որ միանաս կենդանությանն ու առաջընթացին այո ասող ժողովրդին:

Առանց պաթոսի, կռապաշտության ու կուռքերիդ կործանելու գաղտնի մոլուցքի:

Հանգիստ, հանդա՛րտ, երկարատև աշխատանքի՛ պատրաստ:

Եւ հատկապես՝ առանց վախի՛, որից էլ դեռ սնվում է ռեժիմի այլևս անկյանք մարմինը…

Նախորդ հոդվածը‘Ավտովթար` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին. 2 մարդ մահացել է ‘
Հաջորդ հոդվածը‘Սուարեսը պատրաստ է Էլ Կլասիկոյին(տեսանյութ)’