‘Գոհար Սիմոնյան. Գնաճը՝ որպես իշխանափոխության «մեխանիկա»’

2090

Կապիկն անտառով վազում է ու գոռում. «Ճգնաժա՜մ, ճգնաժա՜մ…»:

Գայլը թփերի տակից դուրս է գալիս ու հարցնում. «Ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել»:

«Բայց ախր ճգնաժամ է…»:

«Հետո՞ ինչ: Ես ոնց որ միս կերել եմ, էնպես էլ կուտեմ»:

Կապիկը շարունակում է վազել ու գոռալ. «Ճգնաժա՜մ, ճգնաժա՜մ…»:

Աղվեսն է դուրս գալիս թփերի արանքից ու հարցնում է. «Ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել»:

«Բայց ախր ճգնաժամ է…»:

«Հետո՞ ինչ: Ես ոնց որ մուշտակ հագել եմ, էնպես էլ կհագնեմ»:

Կապիկը շարունակում է վազել ու մտածում է. «Բայց ինչո՞ւ եմ գոռում որ: Ոնց որ բաց քամակով ման եմ եկել, էնպես էլ կշարունակեմ ման գալ»:

                                                                                                        Անհայտ ասացող

Վերջին օրերին դրամի արժեզրկման ու դրա արդյունքում առաջացած գնաճի մասին շատ խոսվեց: Բայց, չգիտես ինչու, հիմնականում անտեսվում  է այն հանգամանքը, որ սպառողական շուկայում առաջացած լարման հիմնական ծանրությունն ընկնում է անբարեխղիճ տնտեսվարողների, այսինքն՝ շուկան մոնոպոլիզացրած իշխանական պրոտեժեների ուսերին:

Բնական է. ընդամենը մեկ օրում «Երեւան սիթի»-ների ցանցում 100-ից 150 դրամով թանկացած հնդկաձավարն, օրինակ, չէր կարող իրերի ճշմարիտ դրությունն արտացոլել թեկուզ միայն այն պատճառով, որ՝

ա. ներկրողը չէ՛ր կարող մի քանի ժամվա ընթացքում հնդկաձավար ներկրել, մաքազերծել ու այն հասցնել շուկա,

բ. եթե նույնիսկ հավատ ընծայելու լինենք այս ֆանտաստիկ տարբերակին, ակնհայտ է, որ տվյալ ապրանքի պարագայում գնաճը սպեկուլյատիվ է եւ խիստ անադեկվատ արձագանք՝ դոլար-դրամ փոխարժեքի «հարաբերությանը»:

Կամ՝ հաստատ գյուղացին երեք ժամվա ընթացքում ավելի թանկ գնո՛վ չէր տավարի միս առաքել նույն ցանցին, որ օրվա երկրորդ կեսին տավարի փափուկ մսի գինը 3400-ից «թռավ» մինչեւ 4200 դրամ:

Նույն պատկերն է  շաքարավազի, բուսական յուղերի, կարագի, կաթնամթերքի, հավկիթի, շոկոլադի, առհասարակ՝ հրուշակեղենի եւ հատիկեղենի, ծխախոտի դեպքում եւ այս ապրանքատեսակների շուկայում:

Ամենաանմխիթար վիճակում, սակայն, հայտնվել են մարզերը, որտեղ, առանց այդ էլ, մարդիկ մշտապես կանգնած են մայրաքաղաքից առավել սուր կերպով արտահայտվող գործազրկության, ցածր եկամուտների, խոպաններում «կիսված» ընտանիքների անձնական ողբերգության, սոված-անհայր մեծացող զավակների հոգսի եւ դրանով հանդերձ՝ սպառողական շուկայու՛մ էլ առանձնապես ընտրություն չունենալու փաստի առաջ: Բացի նրանից, որ մարզերում, թող ներվի ասել, հիմնականում աղբ է վաճառվում, այն էլ՝  առավել թանկ գնով, քան մայրաքաղաքում, այսօրինակ լարումներն էլ կրկնակի-եռակի ուժգնությամբ են հարվածում այդ մարդկանց:

Երեկ Վանաձորում, օրինակ, հավկիթը վաճառվել է ընդհուպ՝ 150 դրամով, հատիկեղենը թանկացել է միանգամից երկու հարյուր դրամով, եւ ակնհայտ է այլեւս, որ հանրության շրջանում իսկական խուճապ է ստեղծվել կառավարության անգործունեության, Կենտրոնական բանկի տարօրինակ՝ «արտահանումը խրախուսող» քաղաքականության (թե ասա՝ արտահանմա՞ն հետ ինչ գործ ունեք, չի լինի՞՝ ձեր բուն գործով զբաղվեք, այդ թվում՝ գների կայունացմամբ…), հաջորդ տարվա բարձր աշխատավարձով պարգեւատրված, բայց իրականում սրճախմությամբ զբաղվող Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տոտալ անվերահսկողությա՛ն պատճառով:

Ստացվում է՝ դրամի արժեզրկումը ստեղծված կամ ձեւավորված իրողությունների շարքում ամենավերջի՛ն տեղն է գրավում:

Շատ պարզ պատճառով. բավական է նայես հիմնականում ներկրումների վրա «նստած» եւ հիմնականում դրսից ուղարկվող, այլեւս կրճատված տրանսֆերտների  միջոցով մոտ չորս միլիարդ դոլարի ներմուծվող ապրանք մարսող մեր շուկային, դիտարկես տնտեսության դոլարիզացիայի մակարդակը, արդյունաբերության՝ սոսկ երկրի ընդերքը քչփորելով բավարարվելու հանգամանքը, հազիվհազ շնչող արտադրության կողմից գործածվող բաղադրիչների հիմնական կազմը, որ էլի՛ դրսից է ներմուծվում, արտադրվող ապրանքների մրցունակության աստիճանը, բանկային համակարգի պահվածքը, գյուղացիական տնտեսությունների վիճակը, անշարժ գույքի շուկայի «մեռած-թաղած չլինելու» փաստը, պետական պարտքի մակարդակը, կոռուպցիայի, կենտրոնացման աստիճանը, եւ ամեն բան պարզ կլինի:

Իսկ եթե դրան էլ հավելես աղքատության, համընդհանուր գործազրկության, ցածր աշխատավարձերի ու կենսաթոշակների, անիրավության, այդ թվում՝ տնտեսական, արտագաղթի, ծնելիության, մահվան, բնակչության ծերանալու ցուցանիշեր-պատկերը, տակը բան չի՛ մնա…

Բայց սարսափելին նույնիսկ ա՛յս չէ, այլ այն, որ ոչ ոք այլեւս չգիտի՝ ի՞նչ կարող է պատահել վաղը Սերժ Սարգսյանի Հայաստանում, կամ՝ ի՞նչ պիտի սպասել ինքն իրեն իշխանություն երեւակայող այս խմբակից:

Հայաստանն, այսինքն, ամեն առումով սրանք վերածվել են անհեռանկարային երկրի:

Երկիր, որտեղից հիմնականում գնում են, որին լքելը չափից ավելի հեշտ է դարձել, որտեղ մարաթոններով ու թելեթոններով փող են մուրում սանտիմետրերի համար, բայց կիլոմետրեր են տանուլ տալիս-«ծալծլում» իրենց անհագ գրպաններում:

Չեմ ուզում ասելիքս վախճանաբանական երանգ ստանա, բայց վայրկյա՛ն առաջ է պետք իշխանափոխությունը գլուխ  բերել:

Չգիտեմ նույնիսկ՝ ինչ է հնարավոր փրկել այս Հայաստանից, բայց նաեւ գիտեմ, որ միակ անհնարինը սրանց ե՛ւս չգիտեմ էլ՝ ինչքան հանդուրժելն ու մեզ անեկդոտի «բացքամակ կապիկի տեղ դնելն է»:

Իբր՝ ոնց կայինք էդպիսին, էդպիսին էլ կմնանք, ճգնաժա՞մը որն է…

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան Հեֆերնը փակ հանդիպում է անցկացրել ԱԺ պատգամավորների հետ’
Հաջորդ հոդվածը’10 օր հացադուլի մեջ գտնվող Աշոտ Առուշանյանի դատավճիռը Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել ‘