‘Գոհար Սիմոնյան. Իրենք ինչ են, որ իրենց բյուջեն ինչ լինի’

1713

Գալիք երկուշաբթի Ազգային ժողովը քվեարկության կդնի 2015 թ. բյուջեի նախագիծը: Ու թեպետ այս պահին արդեն ՀՀԿ-ի կողմից «սոցիալական» հռչակված բյուջեի վերաբերյալ բացասական գնահատականների պակաս չկա, այդուհանդերձ, անհրաժեշտ է հասկանալ, թե իրականում ինչ ուղերձ է հղվել մեր հանրությանը՝ երկրի ողջ տարվա կյանքը կարգավորող եւ հետագա զարգացման կամ հակառակի համար հիմքեր ապահովող այս օրենքով:

Եթե խնդրին հատկապես այս տեսանկյունից ենք նայում, ստացվում է, որ կառավարության կողմից ներկայացված թվերը, ըստ որոնց՝  բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 184.5 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 298.6 մլրդ, դեֆիցիտը՝  114.1 մլրդ, տնտեսական աճը՝  4.1% եւ գնաճը՝ 4%, իրականում մեր հասարակությանը ոչինչ չեն տալիս: Իսկ որ ավելի ճիշտ է՝ բացարձակապես ոչինչ չեն էլ ասում, քանի որ ոչ ոք իրականում չգիտի՝ չափազանց համեստ այս թվերը կարո՞ղ էին ուրիշ՝ ավելի մեծ, կամ փոքր լինել, թե՞ ոչ:

Նկատի ունեմ՝ եթե իսկապես Սերժ Սարգսյանի ու նրա թիմի կողմից վարվեր այնպիսի տնտեսական քաղաքականություն, համաձայն որի՝ հարգվեին ազատ շուկայի եւ հավասար մրցակցության բոլոր կանոնները, եթե երկրում չլինեին ստվերում «հանգստացողներ» եւ հարկային տեռորից տառապողներ, եթե ամեն գնով հետապնդվեր ու խրախուսվեր ցանկացած ներդրման ամենափոքր հնարավորությունն իսկ, հնարավո՞ր է վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր խոսեր ոչ թե «տարիներով ձեւավորված արատավոր պրակտիկայի մասին, որը փոխելու համար իրենք կախարդական փայտիկ չունեն», ասես՝ այդ տարիների հետ իրենք որեւէ առնչություն էլ չունեն, եւ հենց երե՛կ են իշխանության եկել, այլ բոլորովին ուրիշ իրականության ու բացարձակապես ա՛յլ բյուջեի մասին:

Վստահ եմ՝ այո՛:

Նաեւ վստահ եմ, որ անգամ այս դեպքում, եթե հանրությանը ներկայացվեր այնպիսի բյուջե, որը թեկուզ այս պահից սկսած՝ իրական ազդակներ ուղարկեր բոլորիս առողջ  փոփոխությունների վերաբերյալ, վարչապետն առիթ չէր ունենա ԱԺ-ում սրտնեղելու, թե՝ «մի՛ քաղաքականացրեք բյուջեն»՝ կարծես դա հենց ամենակարեւոր քաղաքական փաստաթուղթը չէ, իսկ հասարակությունը հերթական խաբեբայության տիրույթում չէր դիտարկի «հորս արեւ, վիճակը կփոխենք»-ից ոչնչով չտարբերվող նրա այն պնդումը, թե «վճռական ենք ու կամք ունենք, որ իրավիճակ փոխենք»:

Ինչպե՞ս՝ հարց է առաջանում:

Ի՞նչ եղանակով է վարչապետը կամենում հասնել փոփոխության, եթե իր ամենակարեւոր փաստաթուղթը, ինչպես տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը նկատեց, «ընդամենը եղածը պահպանելուն միտված, դեկլարատիվ, առանց կոնկրետ նպատակների բյուջե է», եւ եթե հստակ չէ՝ ինչն ես ուզում զարգացնել,  ինչպես եւ որ գործիքակազմի կիրառմամբ:

Ասենք ավելին՝ եթե նույնիսկ առկա խղճուկ միջոցներն ու տնտեսական այն համեստ աճը, որը նույն ԱՄՀ-ի տվյալներով եւ ռուսական ռիսկերով պայմանավորված՝ կարող է իջնել մինչեւ 2.9%, անգամ, այսքան ձաղկելուց-քննադատելուց հետո էլ սխա՛լ ես վերաբաշխում՝ համարելով, որ կարելի է մտնել հղիների գրպանը, բայց գեներալ Մանվելի հետ համատեղ «հայրենասիրություն բուծել» հանրակրթական դպրոցում, «սոցիալական բյուջեի», քաղաքական կամքի եւ փոփոխության մասին խոսելը ծաղր է:

Սոցիալականն, ի դեպ, բոլորովին էլ այն բյուջեն չէ, որը կազմված է չբացատրվող եկամուտներով, անհասկանալի ծախսերով ու միայն այն թվաբանություն-որոշմամբ, որ մեկ միլիարդի կեսն ահա՝ սոցիալ-մշակութային հարցերի վրա ենք ծախսելու…

Հիմա եթե Հովիկ Աբրահամյանը որոշել է այս տարվա բյուջեով ՀՀ սփյուռքի նախարարությանը 15 մլն դրամ ավելին տալ՝  «Արի տուն» ծրագիրն «առավել արդյունավետ իրականացնելու նպատակով», դա հո չի՞ նշանակում, որ բյուջեն միանգամից սոցիալական դարձավ, կամ մշակույթին միջոցներ հատկացվեցին: Դա ընդամենը նշանակում է, որ տկն. Հրանուշը կրկին պիտի զբաղվի մի քանի պատգամավորի զավակներին հայրենիքից դուրս տնավորելով եւ քավորություն անելով: Ոչինչ ավելի:

Եթե, օրինակ, մի 100 մլն դրամ ավելին ես ծախսում, որ հայոց երկնակամարում ավելի շատ «բազեներ, արծիվներ» ու էլի չգիտեմ՝ ինչ փետրավորներ «թռցնես», դա հո չի՞ նշանակում, որ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանի հետ միասին, լուծել է երիտասարդության խնդիրները:

Եթե ինչ-որ անհայտ կազմակերպության 100 մլն դրամ է տրամադրվում, որպեսզի սա «արդյունավետ պայքար իրականացնի ծխելու դեմ»,  հո չի՞ նշանակում, որ մեկ տարի հետո ծխողների թիվը մեզանում կրճատվելու է խիստ «սոցիալ-մշակութային» այս ծախսի արդյունքում: Դա ընդամենը նշանակում է, որ ինչ-որ մեկին կամ նրա սիրելիին որոշել են այդքան գումար  նվիրել՝ այդքան բան:

Ուրիշ բան հիշենք. եթե Սերժ Սարգյանը որոշել է, որ «չգիտեմԻնչի սիմվոլ» Վազգեն Մանուկյանը վերջապես պիտի ինչ-որ բանի նախագահ դառնա, նրան տրամադրել է գրասենյակ, ութ աշխատող եւ հաջորդ տարի մի բան էլ ավելացրել է բյուջեից Հանրային խորհրդին տրվող միջոցները՝ մոտ երեսուն միլիոնից հասցնելով քառասունի, դա հո «սոցիալական բյուջեի» ուղիղ ապացու՞յց չէ:

Եթե երկրիդ ամեն հինգերորդ բնակիչը ծայրահեղ աղքատ է, եւ նույնիսկ այդ ողբալի իրավիճակում որոշում ես «թքել» քո տնտեսական զարգացման նախարարության, մրցունակության ազգային հիմնադրամի, սփյուռքի նախարարության, վերջապես՝ արտգործնախարարության, դեսպանատներիդ, տասնյակ այլ պետական ինստիտուտների վրա՝ ստեղծելով ինչ-որ նոր անհասկանալի նախարարություն՝ «ավել ուտող բերան», որպեսզի կրկին ինչ-որ անհասկանալի եվրաինտեգրման պրոցես սկսես, այդպիսի որոշումը բնավ չի կարող որեւէ սոցիալական հիմքով արդարացված լինել:

Եթե բյուջետային համարյա ամեն տողիդ եւ ամեն մի գերատեսչության պարագային հաջորդում է «այլ ծախսեր», «ներկայացուցչական ծախսեր» անհասկանալի ձեւակերպումը, այս իրավիճակը չի՛ կարող որեւէ աղերս ունենալ բյուջետային քաղաքականության հիմնական տրամաբանության եւ ազգային արդյունքի արդյունավետ վերաբաշխման անհրաժեշտության հետ:

Եթե հստակ գիտես, որ այս երկրում ամեն բան մոնոպոլիզացված է, բայց հումորի ու ցինիզմի այնպիսի չափաբաժին ես ունեցել, որ մի բան էլ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով ես հիմնել, իսկ այս տարի էլ որոշել՝ բարձրացնել ոչինչ չանող աշխատակիցների աշխատավարձն ու մոտ 100 միլիոն դրամով ավելացնել հանձնաժողովի բյուջետային միջոցները, չե՛մ կարծում, թե հանրությունը լուրջ փոփոխությունների ազդակներ է ստանում:

Երբ գյուղացիներդ ճկռում են խայտառակ թանկ տոկոսադրույքներով գյուղացիական վարկերի ներքո, երբ վաճառում են իրենց հողակտորները՝ իրենց իսկ դաշտերում հացփորի նոքար դանալով կամ հերթական ժանգոտ կողպեքը դռան վրա կախելով ու արտագաղթելով, ահա այս իրավիճակում գյուղնախարարությանը 1 միլիարդ 445 մլն դրամով ավելի ֆինանսավորելը ուղիղ ազդակ է, որ հատկապես սահմանային գյուղերի «բոլոր խիարները միանգամից թարս բուսնեն»: Այսինքն՝ ուղղակի դատարկվեն:

Ավելի լավ չէ՞ր՝ փակեիք այդ նախարարությունը, իսկ այդ տասնվեց միլիարդ դրամը ներդրվեր գյուղացիական տնտեսությունների մեջ…

Կամ՝ ինչու՞ պիտի առանց այդ էլ կուշտուկուռ պաշտոնյայի աշխատավարձն ավելանա մոտ 25.000 դրամով, իսկ թոշակառուի կենսաթոշակը, հատկապես ներկայիս ու սպասվող թանակցումների՝ գնաճի ֆոնին՝ խղճուկ 2.000-ով:

Ինչու՞ պիտի կառավարությունը մշտապես նույն մարդուց դիզվառելիք գնի գյուղացիական տնտեսությունների համար եւ անփոփոխ գնով, այն դեպքում, երբ աշխարհում բենզինի գինը նվազել է 30-35, իսկ նավթամթերքը՝ շատ ավելի մեծ տոկոսով:

… Կարճ ասած՝ որ կողմ նայում ես, ամենուր նույն մառազմն է. գործ չեն անում, բայց ավելի շատ են փող ստանում, ասում են՝ փող չկա, բայց այնպիսի անարդյունավետ ծախսեր ու վատնումներ ես տեսնում՝ ապշում ես:

Չխոսենք այլեւս այն մասին, որ այս բյուջեն իրականում մեծագույն խաբեբայություն է թեկուզ միայն այն հիմքով, որ նրանում, ֆինանսների փոխնախարարի իսկ հավաստմամբ, բոլորովին արտացոլված չեն մեր տնտեսության համար բացարձակապես նոր պայմաններն ու իրավիճակը՝ ԵՏՄ-ի հետ հարաբերություններն ու մեր անդամակցությունը:

«Քանի որ պետական բյուջեի նախագիծը ներկայացրել ենք Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներին՝ մինչեւ հոկտեմբերի 2-ը, իսկ այդ ժամանակ ԵՏՄ-ի հետ դեռևս կնքված չէր համաձայնագիր, մենք իրավական տեսակետից չէինք կարող ընդունել այն բոլոր իրողությունները՝ ազդեցությունը պետական եկամուտների վրա, մեր ծախսային մասի վրա: Հետեւաբար, մենք այս բյուջեի նախագծի մեջ ԵՏՄ հարաբերությունները չենք արտացոլել, բայց դա չի նշանակում, որ որեւէ բան չի արվում: Մեր մասնագետները ինտենսիվ աշխատում են, գնահատականներ ընդհանուր առմամբ կան, քանի որ եթե չլինեին գնահատականներ, չէր լինի ԵՏՄ անդամակցության հարցը: Սակայն բյուջետային տեսակետից այն պետք է բերել հստակ հաշվարկային մակարդակի»,- ԱԺ-ում հայտարարել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Չբացատրելով, սակայն, թե ինչո՞վ էր մի տարի զբաղված կառավարությունում ստեղծված համապատասխան հանձնաժողովը՝ մեկ, ինչ է լինելու այս բյուջեի ճակատագիրը՝ երկու:

Նկատի ունեմ՝ մի ամիս հետո գալու են ասեն՝ մոռացե՛ք, թե ում ինչ խոստում ենք տվել, նո՞ր բյուջե ենք բերել: Ելքը ո՞րն է:

Հանրությանը թե հարցնեք, կլսեք՝ իշխանափոխությու՛նը:

Հ.Գ. Եթե ձեզ թվում է, թե բյուջեում արտացոլված «բոցերը» միայն այսքանով են սահմանափակվում, սխալվում եք: Բայց այդ մասին արդեն՝ հաջորդիվ:

Նախորդ հոդվածը‘Վճռաբեկ դատարանի ղեկավարի եղբայրը կրկին պատմել է եղբոր կաշառակեր լինելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցի դիվերսանտներին’