‘Գոհար Սիմոնյան. «Փիլիսոփաներիս» տեսեք…’

1843

Եւ այսպես, Սերժ Սարգսյանը կրկին իր «երազած նախագահի» կերպարն է մարմնավորում հանրության առջև՝ լայնախոհ, ուժեղ, ինքնավստահ, հանդուրժող: Նաև՝ ժողովրդավար:

Հավանաբար, այդ գործում նրան «օգնել է» Գագիկ Հարությունյանի կողմից մշակված և սահմանադրական փոփոխությունների հիմքում ընկած «խորքային-փիլիսոփայական կոնցեպտը»: Կամ՝ փիլիսոփայությունն ինքը ամբողջությամբ:

Արդյունքում՝ որոշվել է վարչապետական կոշտությանը հակադրել «բոլոր կողմերի նախագահը լինելու» մեծահոգությունը: Ընդդիմության կողմից կազմված տասներկու կետերին նորից անդրադառնալու, պահանջներում «ռացիոնալ հատիկ գտնելու և մեկ լավ բան էլ անելու» մղմա՛մբ:

Համարյա՝ կոկա-կոլայի գովազդ, այսինքն: «Կրկին փորձելու» և այս անգամ արդեն՝ «շահելու» նպատակադրմամբ:

Սերժ Սարգսյանի՝ «մեկ լավ բան էլ անելու» փիլիսոփայությունը, սակայն, ո՞վ չգիտի, որ ենթակա էր և շարունակում է ենթակա լինել տապալման:

Դե թեկուզ միայն այն պատճառով, որ Հովիկ Աբրահամյանի նմանությամբ՝ թիմի մյուս անդամներն էլ հարկ եղած չափով «կոնցեպտուալ-լայնախոհ» չեն:

Օրինակ՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Թեպետ՝ ջանում է, իհարկե, այպիսին լինել: Շեֆի նմա՛ն:

Չգիտես ինչու, նրան թվում է, թե Ազգային ժողովում հնչեցրած միայն այն միտքը, թե՝ «հաջորդ տարվա բյուջեն հարկային բեռի ավելացում չի նխատեսում», միանգամից ամեն բան իր տեղն է դնում,  և մենք էլ հավատում ենք այն հեքիաթին, որ բյուջեն հիմնականում մանր ու միջին բիզնեսը քերթելու, նրան տույժ ու տուգանքներով մաշելու արդյունքում չի հավաքագրվելու: Դեռ պակասուրդի հատվածն էլ՝ մի կողմ դրած:

Բայց եթե նույնիսկ հավատանք նախարարի «calm-rest»-ին, այսինքն՝ գործարար աշխարհին «խաղաղ հանգստի մեջ տեղավորելու» փիլիսոփայությանը, նրա՝ «ամեն բան նույնն է մնալու» խոստումն առնվազն դատավճռի պես է հնչում և «մեկ լավ բան էլ անելու» հույսի տեղ բնավ չի թողնում:

Դե ո՛չ, այնպես չէ, որ մենք, օրինակ, մանր ու միջին բիզնեսմենին ոտքերն ամպոտ հրեշտակ ենք պատկերացնում, ինչպես կառավարությունում էին դժգոհել: Մենք հո լա՞վ գիտենք, որ Սերժ Սարգսյանի փիլիսոփայության «արդյունքում» բոլո՛րն են կեղտոտվել այս երկրում:

Բայց դրան էլ բացատրություն կա:

Եւ եթե, օրինակ, ընդդիմության խոսքը «մենակ ստից խոսել» է ընկալվում «կարծր» վարչապետի կողմից, կարող է, դիցուք, ՎԶԵԲ-ի ղեկավարի Մարկ Դևիսի խոսքին ականջալուր լինել:

Մի քանի օր առաջ չէ՞ր՝ մարդն ասաց՝ «Հայաստանի մաքսային և հարկային վարչարարությունը անհավասար պայմաններ է ստեղծում ՓՄՁ-ների ու խոշոր բիզնեսի համար»:

Եւ որ՝ «եթե հարկային ու մաքսային վարչարարությունը հավասար պայմաններ ստեղծեր ՓՄՁ-ների համար, վերջիններիս համար շատ ավելի հեշտ կլինի անցնել բաց ռեժիմի, այսինքն՝ դուրս գալ ստվերից, թափանցիկություն ապահովել և հասանելի լինել այն ֆինանսական պրոդուկտների համար, որոնք այսօր գոյություն ունեն»:

Ուրեմն՝ ի՞նչ պիտի աներ Գագիկ Խաչատրյանն այս դեպքում, վարչապետի և մյուսների հետ միասին. ակնհայտ է՝ պիտի զբաղվեր ոչ թե ԱԺ-ում «ռելաքսացիայի մանթրա» հնչեցնելով, այլ կոնկրետ գործով: Քննադատվող վարչարարության փոփոխմամբ, այսինքն: Եւ այդ դեպքում գուցե տասներկու կետերին «ժամկետանց անդրադարձի» ու լայնախոհության ցուցադրման կարիք էլ չէր զգացվի:

Բայց սա չի՛ արվում, ինչպես տեսնում եք:

Չեն արվում նաև մնացած շատ այլ բաներ, և արդյունքում՝ ամեն բան նույնն է մնում: Ճի՛շտ է ասում Գագիկ Խաչատրյանը և գոնե չի կեղծում:

Ճիշտ է՝ մի քանի միլիոնի խնդիր կա, որ բյուջեի պակասուրդի տեսքով է ներկայանում, բայց դա էլ հեշտ լուծելի է: Կեցցեն Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը: Նրանք դեռ մինչև օրինագիծը ԱԺ տանե՛լն են Հովիկ Աբրահամյանին ԱՄՆ-ում 711մլն դոլարի չափով վարկ խոստացել:

Հետո՞ ինչ, որ արդյունքում մեր արտաքին պարտքն ընդհուպ կմոտենա 5 մլրդ դոլարի աղետալի սահմանագծին:

Ինչպես ասում են՝ պարտքի առկայությունը դրա վճարմա՛մբ է գեղեցիկ: Մնաց տեսնենք՝ ու՞մ և ո՞ր փիլիսոփայության հաշվին, եթե ո՛չ տնտեսություն ունենք, ո՛չ վճարունակ բնակչություն: Կամ՝ գոնե այնքան աշխատող և բարիք արտադրող բնակչություն, որն ի վիճակի կլինի «դուրս գալ ահա այսպիսի հանրապետական լայնախոհության տակից»…

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Հակոբյան. Եռյակը Սերժ Սարգսյանի հայտարարությանն իր գնահատականը կհնչեցնի վաղը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա հումորը. Քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության ծրագիր է իրականացվելու’