‘
Metropolitan Transportation Authority (MTA) տրանսպորտային ընկերությունը, որը պատասխանատու է Նյու Յորք նահանգում ուղևորափոխադրումների համար, թույլատրել է մետրոյում տեղադրել ջիհադը քննադատող սոցիալական գովազդ, այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով CNN-ին:
Գովազդում, որը տեղադրվելու է նյույորքյան մետրոյի տասնյակ կայարաններում, ասվում է՝ «Քաղաքակիրթ մարդկանց և վայրենիների միջև ցանկացած պատերազմում աջակցիր քաղաքակիրթ մարդկանց: Աջակցիր Իսրայելին: Հաղթիր ջիհադը»: Գովազդի պատվիրատուն Ամերիկյան ազատության պաշտպանության նախաձեռնող խումբն է (The American Freedom Defense Initiative).
Դեռ 2011 թվականին կազմակերպությունը փորձել էր տեղադրել գովազդը մետրոյում, սակայն ստացել էր MTA-ի մերժումը: Օգոստոսին ԱՄՆ դաշնային դատարանը վճռել է, որ գովազդի տեղադրման արգելքը հակասում է ԱՄՆ սահմանադրության առաջին ուղղմանը (խոսքի և հավատքի ազատություն):
Լուսանկարում՝ Նյու Յորքի մետրոյի կայարաններից մեկը
Լուսանկարը՝ AFP
‘