‘Գ.Ջհանգիրյան. Ի՞նչ լիազորություններ է ՀՀ-ն վերահասցեագրում ԵՏՄ-ի կառավարման մարմիններին’

1147

ԱԺ-ում շարունակվում է քննարկվել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագիրը: Հիմնական զեկուցող՝ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին մի քանի հարց ուղղեց Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
«Ներկայացված պայմանագրից եւ ձեր ներկայացումից  հետեւում է, որ այս տնտեսական միությունը՝ ԵՏՄ-ն, վերպետական տնտեսական կազմակերպություն է, ինքնուրույն իրավասուբյեկտություն ունեցող կազմակերպություն է: Ուղղակի, այդ առումով ես ուզում էի, որ դուք թվարկեք, թե տնտեսական, ֆինանսական բնույթի ի՞նչ լիազորություններ է Հայաստանի Հանրապետությունը վերահասցեագրում կամ վերալիազորում ԵՏՄ-ի կառավարման մարմիններին»,- հարցրեց Ջհանգիրյանը:

Առաջին հարցի վերաբերյալ Սուրեն Կարայանը պատասխանեց, թե իրենք ոչ թե լիազորություններ են տալիս, այլ ԵՏՄ բոլոր երկրների հետ միասին որոշումներ կայացնելով՝ իրականացնելու են արտաքին տնտեսական քաղաքականությունը, հիմնականում՝ առեւտրային քաղաքականություն՝ նշելով, որ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովները կարող են երրորդ երկրների հետ արտաքին առեւտրային քաղաքականությանը վերաբերող որոշումներ ընդունել:
Գագիկ Ջհանգիրյանի երկրորդ հարցը վերաբերում էր կառավարման բոլոր մարմիններում, օղակներում կոնսենսուսով որոշումներ ընդունելու հանգամանքին: «Արդյո՞ք, ձեր կարծիքով, Հայաստանի Հանրապետությունը լրացուցիչ լծակներ, լիազորություններ ստանո՞ւմ է անդամ պետությունների նկատմամբ, թե՞ ոչ»,- երկրորդ հարցն ուղղեց Ջհանգիրյանը:

Ի պատասխան՝ փոխնախարարը ասաց, թե ոչ մի տեղ խնդիր դրված չէ, որ մեկ երկիր պետք է լիազորություններ ավելացնի կամ պակասացնի մեկ այլ երկրի նկատմամբ:
Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց՝ այս պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ, քան այն պարտավորությունները, որ ունի մինչ օրս կամ մինչեւ վավերացումը, ստանձնո՞ւմ է, թե՞ ոչ:

Կարայանը պատասխանեց. «Լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ Հայաստանի Հանրապետությունը կրելու է միայն այն մասով, որ լինելով ԵՏՄ անդամ՝ ԵՏՄ-ն ստեղծում է իր բյուջեն, որով ֆինանսավորվելու է ԵՏՄ մարմինների գործունեությունը, եւ այդ բյուջեում Հայաստանի Հանրապետությունը, սկսած 2016 թվականի հունվարի մեկից՝ կվճարի իր մասը, որը կկազմի այդ բյուջեի 1,13 տոկոսը»:
Եւ վերջապես, չորրորդ հարցը, որ տվեց Ջհանգիրյանը, կապված էր մաքսային օրենսգրքի հետ: «Այս իրավական բազան, իրավական ակտերը, ենթադրվում է, որ նաեւ մաքսային օրենսգիրք եւ այլն պիտի լինի, ո՞ր մարմինն է այն ընդունելու ԵՏՄ-ում, երբ որ դա տնտեսական միավորում է կամ կազմակերպություն է: Ինձ համար անհասկանալի է: Դատարանի խնդիրը պարզ է, արբիտրաժային դատարան է, որեւէ արբիտրաժային դատարանի կանոնադրություն հիմք կարող է ընդունել եւ գործել, բայց մնացած իրավական ակտերը եւ հատկապես՝ մաքսային օրենսգիրքը, չէ՞ որ ամեն հանրապետություն տարբեր բացառություններ է արել, տարբեր վերապահումներ է արել, ո՞ վ է դա ընդունելու»,- հարցրեց Ջհանգիրյանը:
Կարայանը նշեց, թե ԵՏՄ-ն քաղաքական միավոր չէ եւ այդ իսկ պատճառով էլ չունի խորհրդարան: Ուստի մաքսային օրենսգիրքը կամ այլ ակտերը ԵՏՄ հանձնաժողովի հավանությանը կարժանանան բոլոր մարմինների կողմից եւ պայմանագրի տեսքով կմտնեն բոլոր երկրների պառլամենտներ, այսինքն՝ մեր երկրի ԱԺ-ն է, ըստ նրա, հաստատելու այդ փաստաթուղթը:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Ես այն մարդը չեմ, ով հրաժարական կտա»’
Հաջորդ հոդվածը‘ Անտուան Գրիզման. «Նոյերը հզոր դարպասապահ է, ով աշխարհի 2014 թվականի չեմպիոն է դարձել»’