‘
2017 թվականի կառավարության պահուստային ֆոնդից դատական դեպարտամենտին կհատկացվի 51 միլիոն դրամ՝ դատարաններում տեղադրվելիք ռենտգեն հսկողության սարքերի ձեռքբերման համար:
Կառավարության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ «դատական կարգադրիչների կողմից դատարանում գտնվող անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, հասարակական կարգի պահպանումը և անվտանգությունն ապահովելու գործառույթի իրականացման ընթացքում ծագել են որոշ խնդիրներ»։ Դրանք լուծելու նպատակով դատարանների նախագահների խորհուրդը սեպտեմբերի 11-ին ընդունել է որոշում, որով դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերի զննության կարգը շարադրել է նոր խմբագրությամբ, հստակեցրել զննության գործընթացում դատական կարգադրիչների լիազորությունների շրջանակները, ինչպես նաև դրանց իրականացման եղանակները:
«Կարգի լրամշակման հիմնական նպատակներից մեկը այն էր, որպեսզի կարգադրիչների կողմից անձանց և նրանց իրերի զննության գործընթացն իրականացվի առանց վերջիններիս լրացուցիչ անհարմարություններ պատճառելու և հիմնականում ուղեկցվի համապատասխան տեխնիկական միջոցների գործադրմամբ, որի արդյունքում կբացառվի կամ նվազագույնի կհասցվի տվյալ գործընթացում կարգադրիչի անմիջական միջամտությունը»,- ասվում է նախագծում։
Նախագծի համաձայն՝ զննման գործընթացը ժամանակի սղության պատճառով որոշ դեպքերում հանգեցել է դատավարության բնականոն ընթացքի խաթարում, առաջացրել զննության գործընթացի վերաբերյալ դժգոհություններ (ակներեւաբար, խոսքը «Սասնա ծռերի» ու նմանատիպ գործերով դատաքննությունների մասին է – խմբ.):
‘