‘Դորտմունդի «Բորուսիան» հաղթանակի հասավ հակառակորդի ինգնագոլի շնորհիվ (տեսանյութ)’

1166

Բունդեսլիգայի հետնապահ Դորտմունդի «Բորուսիան» ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունում 5 անընդմեջ պարտություն կրելուց հետո վերջապես հաղթանակ տարավ: 11-րդ տուրում Յուրգեն Կլոպի թիմը Դորտմունդում նվազագույն հաշվով հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: Վերջինս առաջին պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր: Առաջին խաղակեսում դաշտի տերերն ունեին նկատելի առավելություն, սակայն չկարողացան գոլ խփել, իսկ Մխիթարյանը կորցրեց իրական գոլային պահ և մեկ գերազանց փոխանցում կատարեց լեհ պաշտպան Լուկաշ Պիշչեկին, ով չօգտագործեց իր պահը:   

Ընդմիջումից հետո ևս Դորտմունդի թիմը շարունակում էր գրոհել, իսկ մյոնխենգլադբախցիները խաղում էին ընդգծված երկրորդ համարով: Այն, ինչը չէր հաջողվում անել Յուրգեն Կլոպի սաներին, 58-րդ րոպեին արեց Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստոֆ Կրամերը, ով մոտ 40 մետրից գրավեց սեփական դարպասը՝ առաջ մղելով դաշտի տերերին: Խաղի մնացած ժամանակահատվածում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին և Դորտմունդի «Բորուսիան» ընդհատեց անհաջողությունների շարքը: Աջ կիսապաշտպանի դիրքում հանդես եկած Հենրիխ Մխիթարյանը կատարեց մեծ աշխատանք և խաղաց առանց փոխարինման:

Երկրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգը» տանը 2:0 հաշվով պարտության մատնեց «Համբուրգին», և տանելով 6-րդ անընդմեջ հաղթանակը, 23 միավորով ամրապնդվեց երկրորդ տեղում: Դորտմունդի «Բորուսիան» 10 միավորով հեռացավ վերջին տեղից՝ բարձրանալով 15-րդ տեղ: Առաջատար Մյունխենի «Բավարիան» ունի 27 միավոր, իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 20 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բորուսիա Դ.» — «Բորուսիա Մ.»՝ 1:0

Նախորդ հոդվածը‘Soccer AM Showboat. շաբաթվա լավագույն անցումները, փոխանցումները և հնարքները (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուսը» ջախջախեց «Պարմային» (տեսանյութ)’