ԵԱ. Հայ շախմատիստուհիների հաղթական օրը

337

Պրահայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 3-րդ տուրը հաջող էր հայ շախմատիստուհիների համար, որոնցից 5-ը հաղթանակներ տարան:

Առաջատարների խմբում գտնվող Էլինա Դանիելյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ սևերով առավելության հասնելով հունգարուհի Ժսոկա Գալի նկատմամբ: Էլինան 3 միավորով վրացի Նանա Ձագնիձեի, լեհ շախմատիստուհիներ Ալեքսանդրա Մալցևսկայայի և Ջոլանտա Զավաձկայի ու ադրբեջանցի Գունայ Մամազադայի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Տուրը հաղթական էր նաև Լիլիթ Մկրտչյանի և Մարիամ Մկրտչյանի համար: Լիլիթը 2-րդ հաղթանակը տարավ՝ սևերով պարտության մատնելով Նիդեռլանդները ներկայացնող հայազգի շախմատիստուհի Աննա-Մաջա Ղազարյանին: Նա ունի 2,5 միավոր:

Մարիամ Մկրտչյանը, որը նախորդ տուրում առաջին պարտությունն էր կրել Էլինա Դանիելյանից, սպիտակներով առավելության հասավ չեխ Աննա Լհոցկայի նկատմամբ: Մարիամը 2 միավոր է վաստակել:

Առաջնությունում հաղթանակի բերկրանքը երկրորդ անգամ վայելեց նաև Մարիա Գևորգյանը՝ սևերով հաղթելով չեխ Օլգա Դվորակովային: Մարիան ունի 2 միավոր:

Իր օգտին առաջին միավորը գրանցեց Սուսաննա Գաբոյանը, որի մրցակիցը սպիտակներով խաղացող անգլիացի Լուիզա Հեադն էր: Հիշեցնենք, որ վերջինս նախորդ տուրում պարտվել էր նաև Մարիա Գևորգյանին:

Հայաստանի 6 ներկայացուցիչներից միայն Աննա Սարգսյանն անհաջող ելույթ ունեցավ՝ սպիտակներով առաջին պարտությունը կրելով ուկրաինուհի Անաստասիա Ռախմանգուլովայի հետ մրցախաղում: Աննայի հաշվին 1,5 միավոր է գրանցված:

Նախորդ հոդվածըՋոկովիչը չի մասնակցի US Open-ին
Հաջորդ հոդվածըԸստ ՌԴ ՀԴԲ-ի` Դուգինայի սպանությունը բացահայտվել է