‘Եգիպտոսի նախկին նախագահի համար մահապատիժ են պահանջել’

962

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը մահապատիժ է պահանջել նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի  և «Մուսուլման եղբայրներ» շարժման ևս 35 անդամների համար, որոնք մեղադրվում են լրտեսության մեջ: Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է MENA լրատվական գործակալությունը:

Ամփոփիչ ելույթ ունենալով դատավարության ժամանակ՝  դատախազը հայտարարել է, որ Մուրսին և իր օգնականները օտարերկրյա հատուկ ծառայություններին, մասնավորապես՝ իրանական հետախուզությանն են փոխանցել գաղտնի փաստաթղթեր: Բացի այդ, մեղադրական կողմի վարկածի համաձայն՝ Մուրսին և «Մուսուլման եղբայրների» նրա զինակիցները համագործակցել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, որպեսզի ապակայունացնեն իրավիճակը երկրում:

Մուրսին ինքը դատավարության ընթացքում հայտարարել է, որ չի ընդունում դատարանի իրավասությունը: Ընդ որում՝ նա ցանկություն է հայտնել հաջորդ  նիստում, որը կայանալու է նոյեմբերի 26-ին, ինքնուրույն պաշտպանվել:

Մուհամեդ Մուրսին երկրի ղեկավարի պաշտոնից տապալվել է 2013 թ. հուլիսի 3-ի ռազմական հեղաշրջման արդյունքում: Բացի լրտեսությունից և ահաբեկիչների հետ համագործակցելուց՝ Մուրսին մեղադրվում է նաև ոստիկանների և զինվորների սպանության մեջ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Երուսաղեմում հարձակումը սինագոգի վրա’
Հաջորդ հոդվածը‘ ԵՄ ընդունվելու դիմաց Սերբիային պարտավորեցրել են պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ’