‘Եթե ճանաչենք ԼՂՀ անկախությունը, զինադադարի պայմանագիրը ի՞նչ է լինելու. Գ. Ջհանգիրյան ‘

1205

Այսօր խորհրդարանում արտահերթ կարգով քննարկվեց Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծը:

Քննարկման ընթացքում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարց ուղղեց նախագծի հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանին. «Դուք որոշման նախագծի ներկայացման հիմանավորման մեջ նշեցիք 1994թ. զինադադարի խնդիրը: ԵԱՀԿ բանակցային գործընթացը մի կողմ թողնենք: Հիմա, եթե մենք այսօր ճանաչենք՝ քվեարկենք և ճանաչենք ԼՂՀ անկախությունը, Ձեր կարծիքով՝ այդ զինադադարի պայմանագիրը ի՞նչ է լինելու»:

Ի պատասխան Գ.Ջհանգիրյանի հարցի՝ Զարուհի Փոստանջյանը նշեց, թե «Զինադադարի պայմանագիրը մնալու է իր տեղում, ինչպես մի քանի ամիս առաջ իր տեղում էր, և մեր սահմանները ռմբակոծվում էին, ըստ էության՝ պատերազմական գործողություններ էին: Զինադադարի պայմանագիրը բազմիցս, ըստ էության, ոչ լայնածավալ մասշտաբային գործողություններով Ադրբեջանի կողմից խախտվել է, ըստ էության՝ բանակցային գործընթացի ելքերի վրա որևիցե կապ կամ ազդեցություն չի ունեցել: Այնպես որ՝ մենք կարող ենք զինադադարը պահել այնքան ժամանակ, ինչքան ժամանակ մեր ազգային բանակը մարտունակ կլինի: Որ դեպքում որ մենք կունենանք թուլություն, կամ մարտունակությունը մեր կնվազի, այդ զինադադարի պայմանագիրը գոյություն չի կարող ունենալ: Դա իմ խորին համոզմունքն է…»:

Նախորդ հոդվածը‘Օրվա հումորը. Քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության ծրագիր է իրականացվելու’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՎՍԴՀ-ի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ’