‘Ելենա Նալբանդյան. Երեւանցուց վարկով վստահություն ենք վերցնելու՝ քաղաքը բարեփոխելու համար’

3086

iLur.amի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակով Երևանի ավագանու անդամի թեկնածու Ելենա Նալբանդյանը: Ելենան Կոնգրեսի երիտասարդ սերնդի թեկնածուներից է, մասնագիտությամբ ֆինանսիստ է, «Փոթիկյան էդվրթայզինգ» ՍՊԸում փոխտնօրեն է,վերջերս ավարտել է ուսումը Իտալիայի Պերուջա քաղաքում:

 

-Ելենա, ինչպե՞ս ես հայտնվել Հայ ազգային կոնգրեսի ցուցակում:

-Ես օդից չեմ հայտնվել Կոնգերսի ցուցակում, ինչպես և մնացած թեկնածուները: Դա ստացվել է շատ սահուն կերպով: 2007 թվականի հոկտեմբերից ակտիվորեն մասնակցում եմ Հայաստանում կատարվող քաղաքական բոլոր միջոցառումներին: Վեց տարվա ընթացքում ձեռք եմ բերել մեծ փորձ: Կոնգրեսի կողմից կայացվել է որոշում, որ նախընտրական ցուցակում ընդգրկվեն երիտասարդներ և ընտրվել են առավել ակտիվները: Այդպես նաև ես եմ հայտնվել այդ ցուցակում:

-Իսկ ինչո՞ւ հենց երիտասարդները:

-Քանի որ Երևանին պետք են նորարար մտքեր, գաղափարներ, թարմ մոտեցումներ, որոնցով նոր շունչ կհաղորդվի Երևանին, իսկ այդ դեպքում քաղաքային իշխանությունների գործելաոճը կլինի ավելի դինամիկ: Նշեմ, որ մենք կազմում ենք մեր թեկնածուների ընդհանուր հավաքական կենսագրականը, երբ ընթերցեք, պարզ կդառնա, որ մենք ունենք տարբեր մասնագետներ՝ մարքետոլոգներ, իրավաբաններ, տնտեսագետներ, քաղաքագետներ, այսինքն մեր կազմում կան ամեն ոլորտի պրոֆեսիոնալներ, ավելին՝ տիրապետում ենք 10-ից ավել օտար լեզուների, իսկ մեծամասնությունը բարձրագույն կրթությունը ստացել է արտերկրում: Ամենակարևորը մենք էներգիայով ու եռանդով լի ենք: Այս գործում այդպիսի մարդիկ են պետք, ովքեր կարողանան ակտիվ գործունեություն ծավալել, անմիջականորեն շփվել բնակիչների հետ և ծախսել իրենց եռանդը ի օգուտ քաղաքի ու քաղաքացու:

-Ելենա, ի՞նչ հրատապ խնդիրներ ես տեսնում Երևանում, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն:

-Նախ և առաջ հրատապ հարց եմ համարում իշխանափոխությունը: Երևանում, ինչպես նաև ամբողջ Հայաստանում, կան բազմաթիվ խնդիրներ և դրա լուծումը տեսնում եմ միայն իշխանափոխությամբ՝ վերադարձնելով իշխանությունը ՀՀ քաղաքացիներին: Իսկ եթե անդրադառնանք միայն Երևան քաղաքին, ապա հրատապ եմ համարում բնապահպանական խնդիրները: Քաղաքային իշխանությունները, ծաղիկ տնկելով, ներկայացնում եմ բնակչությանը կանաչապատման ծրագիր, սակայն դա ընդամենը դեկորացիա է:  Սարսափելի վիճակում է գտնվում նաև քաղաքային տրանսպորտը, քանի որ երթևեկությունը ըստ արժանվույն կազմակերպված չէ՝ առաջացնելով անհարմարություններ:

Առաջնային լուծում պահանջող խնդիր եմ համարում նաև կոմունալ ծառայությունը: Եթե այցելեք հատկապես Երևանի ծայրամասերը, ապա կտեսնեք, թե ինչպիսի կոմունալ խնդիրների հետ են բախվում բնակիչները՝ սկսած չգործող կամ կիսախարխուլ վերելակներից մինչև կաթող տանիքներ, այսինքն՝ պայմանները պարզապես անմարդկային են: Որպես վառ օրինակ՝ Սիսակյան 3 հասցեում գտնվող շենքն է, որը բառացիորեն ճոճվում է, իսկ մարդիկ ստիպված են ապրել այդտեղ: Բերեմ նաև այլ տիպիկ օրինակ, երբ քաղաքային իշխանությունները հսկայական գումարներ են ծախսում կամարանցումները գունազարդելու համար, այն դեպքում, երբ այդ շենքը վթարային է, իսկ վերելակն էլ գտնվում է անմխիթար վիճակում: Ավելին՝ եթե քաղաքային իշխանությունները վերանորոգում են ինչ-որ մի բան, ապա դա ներկայացնում են որպես մեծագույն երևույթ ու մեծ ջանք ու եռանդ պահանջող ինչ-որ բան՝ մոռանալով, որ դրանք ընդամենը մտնում են իրենց պարտականությունների մեջ:

-Ինչո՞ւ երևանցին պետք է ընտրի Կոնգրեսի ցուցակը:

-Երբ մենք հանդիպումներ ենք ունենում բնակիչների հետ, բոլորը պնդում են, որ պետք են նոր դեմքեր, այժմ Կոնգրեսը դա առաջարկում է: Երկրորդը՝ Կոնգրեսն իսկապես այն ուժն է, որը միշտ բաց է եղել քաղաքացու համար, հաշվետու է եղել նրան: Իսկ այժմ առաջարկում են, որպեսզի Երևանի բնակիչները վարկով իրենց վստահությունը մեզ տան, իսկ դրա դիմաց մենք փոխենք քաղաքը, հետագայում նաև՝ ամբողջ երկիրը:

Զրուցեց  Լիլիթ Լալայանը

Նախորդ հոդվածը‘Վազգեն Խաչիկյանի գործով նիստը փաստաբանի պատճառով հետաձգվել է’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել ավագանու անդամի ՕԵԿ-ական թեկնածուի գրանցումը’