‘ԵՄ-ն Ուկրաինային ապակենտրոնացման կոչ է անում’

1305

Դոնբասում հակամարտությունը կարգավորելու համար Ուկրաինան պետք է դառնա ապակենտրոնացված երկիր: Այս մասին, ինչպես հաղորդել է ТАСС-ը, հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Հերման Վան Ռոմպեյը՝ ելույթ ունենալով Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում:

Վան Ռոմպեյը հիշեցրել է, որ Ուկրաինայի արևելքում զինադադարի սկզբից ի վեր զոհվել է գրեթե հազար մարդ, ուստի նման զինադադարն անվանել կրակի դադարեցման ռեժիմ՝ անհնար է: «Կրակի հետագա դադարեցումներին նույն ճակատագիրն է վիճակված, եթե մենք սահմանափակվենք տեղում իրավիճակի կառավարմամբ: Գլոբալ լուծում է հարկավոր: Հարկավոր է Ուկրաինայի համար միջոց գտնել՝ դառնալու ապակենտրոնացված (կամ դաշնային) և ներառող (ինկլյուզիվ) երկիր»,- հայտարարել է Եվրախորհրդի ղեկավարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է որոշել Ուկրաինայի տեղը Եվրոպայում:

Վան Ռոմպեյի կարծիքով՝ Ուկրաինան պետք է մոտենա Եվրոպային, ընդ որում՝ լավ հարաբերություններ հաստատելով Ռուսաստանի հետ, որը «նրա հարևանն է, և որի հետ նա ունի ընդհանուր պատմություն, մշակույթ և լեզու»: Հարկավոր է հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը, սակայն հարկավոր է նաև պաշտպանել փոքրամասնության իրավունքները, ընդգծել է Եվրախորհրդի ղեկավարը:

Վան Ռոմպեյը ուկրաինական հակամարտությունն անվանել է ամենալուրջ աշխարհաքաղաքական ճգնաժամը Եվրոպայում՝ սառը պատերազմի ավարտից ի վեր: Ընդ որում, նրա կարծիքով՝ «ամեն ինչ տանում է պատերազմի, որը կարող է դառնալ Բալկաններում պատերազմների ժամանակներից ի վեր ամենամահաբերը»: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Ճապոնացին կանանց համալսարանին խտրականության մեղադրանք է ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայի դատարանը դերասան Բեզռուկովի հայցով News Media-ից բռնագանձել է 220 հազար ռուբլի ‘